Տուրքը չվճարելիս ավտոմեքենան կտեղափոխվի տուգանային հրապարակ միայն հետևյալ դեպքում

 Եթե ավտոտրանսպորտային միջոցն առանց համապատասխան տուրքի վճարման ավտոկայանատեղում կայանել է քառասունութ ժամից ավելի, ապա ավտոկայանատեղի կազմակերպիչն իրավունք ունի տվյալ ավտոտրանսպորտային միջոցն իր ուժերով տեղափոխելու դրա համար նախատեսված հատուկ տարածք (այսուհետ` հատուկ տարածք), եթե ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը կամ նրա լիազորած անձը կամ այն անձը, որին ամրակցված է ավտոտրանսպորտային միջոցը, չի ստանձնում պարտավորություն վճարելու տեղական տուրքն ու տուրքը չվճարելու համար օրենքով նախատեսված տուգանքը: Ընդ որում` կազմակերպիչն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ավտոտրանսպորտային միջոցն անվնաս տեղափոխելու համար:

Ավտոտրանսպորտային միջոցի տեղափոխումը հատուկ տարածք իրականացվում է մեկ այլ տրանսպորտային միջոցի օգնությամբ, և այդ մասին անմիջապես պատշաճ ձևով տեղեկացվում է ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը:

 Կազմակերպիչը կազմում է ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ արձանագրություն, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Արձանագրության կրկնօրինակն ուղարկվում է ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջը:

Ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածքում պահպանելու ժամկետը հաշվվում է օրերով և ժամերով` սկսած հատուկ տարածքում այն տեղավորելու պահից:

Հատուկ տարածքում ավտոտրանսպորտային միջոցի պահպանման համար գանձվում է տուրք`

1) յուրաքանչյուր ժամի համար` մինչև տվյալ ավտոկայանատեղի համար սահմանված դրույքաչափի եռապատիկը ներառյալ.

2) յուրաքանչյուր օրվա համար` մինչև տվյալ ավտոկայանատեղի համար սահմանված դրույքաչափի եռապատիկը ներառյալ:

Հատուկ տարածք տեղափոխված ավտոտրանսպորտային միջոցը դրա սեփականատիրոջը, նրա լիազորած անձին կամ այն անձին, ում կցված է այն, հանձնվում է հատուկ տարածք տեղափոխման և պահպանման ծախսերն ամբողջությամբ փոխհատուցելուց հետո:

Հատուկ տարածք տեղափոխված ավտոտրանսպորտային միջոցները հաշվառվում են: Հաշվառման կարգը սահմանում է համայնքի ավագանին:

IRAVABAN.NET

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել