Նորություններ

Ինձ շարունակում են զարմացնել անձանց ակնհայտ անհիմն կալանավորելու որոշումները

Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։

-Ինչո՞վ առանձնացավ 2016 թվականը,  ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:

– 2016 թվականի ձեռքբերում եմ համար իմ մասնագիտական հաջողությունները, մասնավորապես` ի նպաստ իմ պաշտպանյալների կայացված դատավճիռներն ու որոշումները (արդարացումներ, կարճումներ, մեղմ պատիժներ և այլն), որոնց համար ես անդադար աշխատել եմ: Ձեռքբերում կհամարեի նաև իմ կողմից «արտահաստիքային» հոգեբանական օգնությունն իմ այն պաշտպանյալներին, ովքեր արդեն դատապարտված են և օտարված հասարակությունից, սակայն մարդկային մոտեցման, հորդորների և խորհուրդների շնորհիվ մի փոքր ավելի լավը կդառնան: Հույս ունեմ, որ տարիներ անց նրանցից շատերն այլևս կրկնահանցագործներ չեն լինի: Իսկ բացթողումներս ինձ համար միշտ շատ են, քանի որ ինքս իմ հանդեպ խիստ պահանջկոտ եմ, ամեն օր ու անընդհատ ես իմ առջև պահանջներ եմ դնում ու հասնում դրանց կատարմանը:

-Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:

-Փաստաբանության ոլորտում պրոֆեսիոնալները շատ են, նրանք բոլորն ինձ համար հեղինակություն են և այս տարի ես կնշեմ միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի անունը, ով այդ ոլորտում ունի բարձր մասնագիտական պատրաստվածություն, և ես շատ ուրախ եմ, որ պրն Ղազարյանը վերջերս դարձավ փաստաբան:

-Այս տարվա ընթացքում ի՞նչը  Ձեզ ամենից շատ զարմացրեց ձեր գործունեության ոլորտում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն):

-Ցավոք, ինձ շարունակում են զարմացնել անձանց ակնհայտ անհիմն կալանավորելու որոշումները: Զարմանում եմ, որ Սովետից մնացած պատժողական քաղաքականությունը կիրառում են նույնիսկ այդ Սովետը չտեսած երիտասարդ դատավորները: Եթե մենք իսկապես ցանկանում ենք մեր երկրում եվրոպական իրավական մշակույթ ամրապնդել , այս գործելաոճով դրան չենք հասնի:

-Հանդիպե՞լ եք զավեշտալի դեպքերի։

Զավեշտալի դեպքերը մեր աշխատանքում ամենուր են, բացի այդ, ես ուրախ մարդ եմ և ամենածանր գործի մեջ էլ փորձում եմ հումոր և թեթևություն ներարկել: Սակայն ես մտապահում եմ այն դեպքերը, որոնք տեղի են ունենում ոչ իմ անմիջական մասնակցությամբ: Մի քանի օր առաջ, դատական նիստի ընթացքում դատավորը տուժողին բացատրեց քրեական դատավարության շրջանակում քաղաքացիական հայց ներկայացնելու կարգը և երբ տուժողը սկսեց դատավորին հարցեր տալ, թե դա ինչպե՞ս պետք է գրվի, դատավորը խորհուրդ տվեց դիմել իրավաբանի կամ փաստաբանի օգնությանը: Նիստից հետո տուժողը մոլորված դեսուդեն նայեց մի քանի րոպե, հետո դիմեց իր կողքին նստած մեղադրող դատախազին.«Կներեք, Դուք իրավաբա՞ն եք»: Դատախազի զարմացած ու դրական պատասխանը լսելուց հետո, ասաց. «Կներեք, ինչքանո՞վ կգրեք իմ հայցը» :

-Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:

-Ձմեռ պապը համամարդկային հեղինակություն է, նրան անշուշտ երկրի նախագահ կնշանակեի:

-Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

-Ամանորը միշտ նշում եմ ընտանիքիս հետ, հիմնականում` տանը: Այս տարի ձևաչափը մի փոքր փոխել ենք: Ես այն երջանիկներից եմ, ում տատիկը և պապիկը դեռ ողջ են և ես ծնողներիս, քույրերիս և նրանց ընտանիքների հետ մեկնելու եմ Վրաստան` տատիս ու պապիս հետ Ամանորը նշելու:

-Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:

-Ամանորին և առհասարակ հաճախ եմ պատրաստում:

– Ի՞նչ ակնկալիքներ կան 2017-ից:

-Ակնկալիքներս անձնական բնույթի են, կարիերայի հետ կապ չունեցող, հետևաբար, թույլ տվեք, չբարձրաձայնել: Իսկ առավել լայն իմաստով, մեծ սպասումներ ունեմ, որ երկիրս այս ծանր տնտեսական ճգնաժամից դուրս կգա և ես կտեսնեմ իմ հայրենակիցների անհոգ դեմքերը:

-Դուք ի՞նչ եք խնդրել  Ձմեռ պապիկից:

-Աստծուց, Ձմեռ պապից ու Տիեզերքից խնդրել եմ, որ Նոր տարին խաղաղություն բերի և այլևս երբեք ոչ մի զինվորի մահվան լուրը չլսենք:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել