Այս օրենքի ընդունման համար ես ներդրեցի իմ կյանքի 1/3-ը. փաստաբան

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը տարեվերջին ստացավ իր 9 տարվա աշխատանքի արդյունքը: Նա պատասխանել է Իրավաբան.netի ամանորի բլից-հարցերին:

-2016-ն արդեն մնաց անցյալում, ի՞նչ տվեց այն մեր երկրին, և ո՞րն էր ձեր ամենամեծ ձեռքբերումն ու անհաջողությունը:

-2016 թվականը առանձնացավ երկրում ընթացող կարևորագույն բարեփոխումների ընդունմամբ, հակակոռուպցիոն պայքարի նոր ոգով և հակակոռուպցիոն բնույթի նշանակալից կառուցակարգեր ընդունելով:

Անհաջողությունների մասով, թեպետ, չեմ սիրում խոսել դրանց մասին, վերհիշել և վերապրել դրանք, բայց մեր երկրի անհաջողությունը դա ապրիլյան պատերազմն էր, մեր գիտակցության մեջ որպես ազգային ողբերգություն դրոշմված արյունալի իրողությունն ու առ այսօր սահմանին շարունակվող լարվածությունը:

Իրավական կարևոր ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի

-Այս հարցում միանշանակ պատասխանը մեկն է ինձ համար. 9 տարվա համառ և հետևողական աշխատանքների արդյունքում 2016 թվականի վերջին աշխատանքային օրը ՀՀ նախագահը ստորագրեց ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին օրենքը: Սա մեր թիմի, պետության և որն ամենակարևորն է՝ հայ հասարակության համար առանցքային ձեռքբերում է: Շատերի համար, գուցե և, սա դիտվում է որպես հերթական իրավական ակտ, նույն մոտեցումը նաև առկա էր 9 տարի առաջ, երբ մենք բարձրացրեցինք դրա ընդունման հրատապության հարցը: Իհարկե, միամտություն է կարծել, որ միայն օրենքի ընդունումը բավական է, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը  ենթադրում է համալիր փոփոխություններ, որոնք կարծում եմ հասանելի կլինեն արդեն 2017 թվականին:

Փաստացի ստացվում է, որ այս օրենքի ընդունման համար ես ներդրեցի իմ կյանքի 1/3-ը (ժպտում է-հեղ.):

Կա՞յին զավեշտալի դատական գործեր կամ իրավական ակտեր:

-Զավեշտներ իրականում շատ են լինում, այն էլ մեր մասնագիտական ոլորտում, սկսած գիտակցվածից ավարտված չգիտակցվածով: Բայց այս պահին, դժվարանում եմ կոնկրետ որևէ մեկը հիշել:%d5%bd%d5%b5%d5%b8%d6%82%d5%a6%d5%a1%d5%b6-%d5%bd%d5%b8%d5%b2%d5%b8%d5%b4%d5%b8%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6

Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:

-Եթե ունենայի նման հնարավորություն, ապա հաշվի առնելով, որ Ձմեռ Պապը իմ պատկերացմամբ հրաշագործ է, նա կլիներ զինված ուժերի պատասխանատուն և իր մասնագիտական հրաշագործությամբ վերջ կդներ արյունահեղությանը, օր օրի աճող թշնամանքին, անմեղ զոհերի թվի մեծացմանը, թաց արցունքով Ամանորը դիմավորող ծնողների ապրումներին:

Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

-Ընտանիքիս հետ միասին: Միշտ կարևորել եմ ընտանիքի հետ մեկ սեղանի շուրջ նստելու կարևոր խորհուրդը:

Ունե՞ք Ձմեռ պապիկից խնդրած և չստացած նվեր:

-Մեր երկրին խաղաղություն ու անվտանգություն: Ապրիլյան պատերազմը ուզում եմ լինի հայոց պատմության, հայ ժողովրդի վերջին պատերազմը:

Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:

-Այո, ընդհանարապես ստեղծագործել, առավել ևս խոհանոցում, շատ եմ սիրում: Երբեմն այնքան եմ հագեցած լինում մասնագիտական առօրյայից, որ սպասում եմ կիրակի օրվան՝ խոհանոցում փակվելու և ազատ ստեղծագործելու համար: Բայց ցավոք, այդ կիրակիները հազվադեպ են լինում:

Ի՞նչ ակնկալիքներ կան 2017-ից:

-Ընդհանրապես Նոր տարին դա հնարավորություն է գնահատել և ամփոփել կատարված աշխատանքը, և նախանշել հաջորդ տարվա անելիքները: Ամեն տարվա նախաշեմին ակնակալիքները, իհարկե, շատ մեծ են: 2016 թվականը կարևորագույն բարեփոխումների մեկնարկի տարի էր: Ուստիև, լիահույս եմ, որ ինչպես 2017 թվականն է հանդիսանում 2016 թվականի տրամաբանական շարունակությունը, այնպես էլ այս տարին կլինի արդեն իսկ ընդունված բարեփոխումների իրականացման տարի, իսկ մեր ժողովրդին ներքին և արտաքին խաղաղություն եմ մաղթում, ինչպես նաև պարզ մարդկային երջանկություն:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել