ՃՈ տեսուչը՝ տոնական օրերի հերթապահության, «տուգանելու պլանի», կաշառքի և խախտումների մասին

Ճանապարհային ոստիկանները նախատոնական և տոնական օրերին հերթապահում են մշտական ռեժիմով: Վստահեցնում է ՃՈ ավագ տեսուչ Սուրե Ջաբաղյանը և շտապում հերքել տարածված այն կարծիքը, որ հատկապես հունվարի առաջին օրերին ալկոհոլ օգտագործած վարորդներին չեն տուգանելու. «Խմիչք օգտագործած վարորդն ընդհանրապես իրավունք չունի մեքենա վարելու, տոնական օրերին, երբ էլ լինի, հայտնաբերելու դեպքում, մենք արձանագրում ենք, համապատասխան զննությունն անցնելուց հետո, նրան տուգանում ենք: Խմիչք օգտագործած ոչ սթափ վարորդը ներկայացնում է վտանգ երթևեկության մյուս մասնակիցների համար»,- նշում է մեր զրուցակիցը:

Ինչպես անցնող տարի, այնպես էլ 2017թ.-ին նա իր հերթապահությունը կսկսի առավոտյան 8-ից և կավարտի 17:00-ին: Թեև ալկոհոլ օգտագործած վարորդների նկատմամբ անզիջող են, սակայն ճանապարհայի նշանների պահանջները խախտողների նկատմամբ նույն վերաբերմունքը չեն դրսևորում, հատկապես ձմռան օրերին, երբ առատ ձյան պատճառով ճանապարհային երթևեկության նշանները անտեսանելի են, ուստի՝ տարբեր գործոններից ելնելով վարորդներին չեն տուգանում:

Այնդուհանդերձ, 8 տարվա փորձ ունեցող ՃՈ տեսուչի համոզմունքն է, որ գնալով երթևեկությունը կարգավորվում է, իսկ վարորդները տարեց տարի առավել կարգապահ են դառնում: Մյուս կողմից էլ կան խախտումներ, որոնք դեռ շարունակում են համատարած մնալ՝ ամրագոտի չկապելը, բջջային հեռախոսից օգտվելը և ճանապարհային նշանների պահանջները չկատարելը, ձմռան օրերին գերակշիռ են դառնում նաև փակ համարներով երթևեկելու դեպքերը. «Երբ դու տեսնում ես ձնագնդիների տեղերը համարների վրա, դա արդեն միտումնավոր փակված է, մյուս դեպքերում մենք վարորդին խնդրում ենք, որ համարանիշը մաքրի»,- նշում է Սուրենը: Ի դեպ, մեր զրույցի ողջ ընթացքում նա նույնպես ամրագոտի չէր կապել:

Ոստիկանության աշխատակցի համոզմամբ՝ ՃՈ տեսուչ և քաղաքացի փոխհարաբերությունը ավելի ամուր են դարձել այսօր:

ՃՈ ավագ տեսուչը վստահեցնում է՝ իրենց վրա այսպես կոչված տուգանելու «պլան» դրված չէ. «ՃՈ ծառայությունն ինքնին բազմազան է, մի օրը նման չէ մյուս օրվան, դու տվյալ օրը կարող ես սպասարկել մի միջոցառում, կարող է լինել վթարի վայրում, կամ կլինես համապատասխան գծամասում»:

Շատ հաճախ Ճանապարհային տեսուչները զայրանում են, երբ վարորդները նրանց նկարահանում են, մեր զրուցակիցը այս հարցում խնդիր չի տեսնում. «Մի անգամ չի եղել, եղել է մի քանի անգամ, երբ վարորդը կամ կողքի ուղևորը իր մոտ եղած բջջային հեռախոսով սկսել է նկարելը, ես կատարել եմ իմ գործողությունները օրենքի սահմաններում և վարորդին մաղթել եմ բարի ճանապարհ, կոնֆլիկտներ չեն եղել, ցանկացել է, նկարել է»,- ասում է նա:

Երբևէ եղե՞լ է դեպք, որ վարորդը կաշառք առաջարկի, Սուրենը հարցին մի պատասխան ունի. «Նման իրավիճակներ մանավանդ հիմա չկա»:

Ճանապարհային ոստիկանի առօրյան չի սկսվում և ավարտվում սովորական ծառայությամբ, վստահեցնում է մեր զրուցակիցը, լինում են նաև արտասովոր դեպքեր. «Մի անգամ նշանակված էինք ծառայության Շենգավիթի համայնքում, Բագրատունյաց փողոցում մի տղամարդ կանգնեցրեց, ասաց, որ կնոջը տանում է ծննդաբերության, խնդրեց օգնություն, ասաց, որ կինը առողջության կտրուկ վատթարացում է ունեցել, խուճապի մատնված չգիտեր՝ ինչ անել, մենք տեղում կողմնորոշվեցինք և որոշեցինք, որ մեր ծառայողական մեքենայով տվյալ կնոջն ու իր ամուսնուն տեղափոխենք բժշկական կենտրոն, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց»,- հիշեց ՃՈ տեսուչը:

Սուրենը մասնագիտությունն ընտրել է մանուկ հասակում՝ երթևեկության և մեքենաների հետ կապվածության համար: Նա ամուսնացած է, ունի երկու տղա:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել