Մենք պետք է համեմատվենք ինքներս մեզ հետ. Արփինե Հովհաննիսյան

Օրենսդրական ոլորտում 2016թ. թվականին բազմաթիվ էին բարեփոխումները: Ասում է  ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Ապօրինի հարստացման քրեականացում, պրոբացիոն ծառայություն և այլն: Նախարարի փոխանցմամբ՝ դեռ շատ անելիքներ կան 2017 թվականին, երբ Հայաստանը որոշ չափով կդառնա խորհրդարանական պետություն:

Կատարվածի և կատարվելիք աշխատանքների մասին զրուցել ենք նախարարի հետ: Հարցազրույցն անմասն չի մնացել Արփինե Հովհաննիսյանի կերպարի բացահայտումից:

Հակակոռուպցիոն պայքարից՝ մինչև Սահմանադրական բարեփոխումներ, արվեստից՝ լիրիկա, իսկ ֆուտբոլից՝ քաղաքականություն: Որո՞նք են տարվա ձեռքբերումները, ի՞նչ անելիքներ դեռ կան 2017թ.-ին, ինչո՞ւ Արփինե Հովհաննիսյանը ժամանակ չի գտնում «ասպետի համար» և ո՞րն է նախարարի փոքր քայլերի արվեստը:

Մանրամասները՝ հարցազրույցում:

– Տիկին նախարար սկսենք տարվա ամփոփումից, այս տարի բավականին հագեցած էր օրենսդրական բարեփոխումների տեսանկյունից, խնդրում եմ մի քանի խոսքով ներկայացնել կատարված աշխատանքները:

– Առաջին հերթին հակակոռուպցիոն ոլորտում կատարված կարևորագույն քայլերը՝ ապօրինի հարստացում, հայտարարագիր ներկայացնողների ոլորտի կարգավորում, փոխկապակցված անձիք, ինստիտուցիոնալ համակարգեր, ազդարարեր և այլն, քայլեր, որոնք արդեն արված են ու իրականություն են և քայլեր, որոնք ճանապարհին են ու դեռևս պետք է իրականություն դառնան, երկրորդը՝ ես մի խմբի մեջ կառանձնացնեի պրոբացիոն համակարգը և մի շարք հարակից օրենքներում փոփոխությունները: Պրոբացիոն համակարգը կարևորագույն բարեփոխումներից մեկն է, որ տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում այս մասին խոսվել է, բայց չի իրականացվել, առաջին քայլերն արված են, սրան պետք է հետևեն քայլեր, հաջորդեն գործողություններ, որ համակարգը սկսի աշխատել այնպես, ինչպես այն պետք է իրականում աշխատի: Բնականաբար կան նաև այլ բազմաթիվ օրենքներ ու բարեփոխումներ, որոնք կարող եմ ասել, որ մասնագիտական կտրվածքով և նախարարության ոլորտային առումով ձեռքբերումներ են:

– Ի՞նչ եք նախատեսում իրականացնել 2017թ.-ին:

– Դրանք բազմաթիվ են, դրանք նախանշված են, թե տարբեր իրավական փաստաթղթերով, ինչպես նաև իմ անձնական գերակայությունների մեջ և դրանց թվին դասվում են, իհարկե, սահմանադրական օրենքները, առաջին հերթին դատական օրենսգիրքը, հարակից իրավական ակտերով, քննարկումների թոհուբոհով: Դատական օրենսգրքում ամրագրված գաղափարներից շատ բան է կախված, նախ և առաջ պետք է փորձենք սահմանադիրի ոգին, որն արտացոլված է, դարձնել իրականություն:

– Տիկին նախարար, որքա՞ն է օպտիմալացվել արդարադատության նախարարությունը, ձեռքի տակ ունե՞ք թվեր ու վիճակագրություն:

– Արդարադատության նախարարությունում ևս կատարվել են մի շարք քայլեր ու գործողություններ, նախարարությունը ՊՈԱԿ-ներից երկուսը միավորվեցին, ըստ էության մեկն իր բյուջեով վերացվեց, խնայողություններ եղան, վարչությունները միավորվեցին, հաստիքային կրճատումներ եղան, թվաքանակի կրճատմամբ հաստիքային կրճատում եղան: Մենք փորձում ենք այս ամենն անել, որ առաջին հերթին չտուժի աշխատանքը, երկրորդ հերթին հնարավորինս պակաս ցավոտ դա անել, իհարկե հնարավոր չէ ամբողջական ծավալով խուսափել այդ ամենից, բայց մենք փորձում ենք առավել արդյունավետ կառավարելի դարձնել թե աշխատակազմը, թե հարակից մյուս ինստիտուտները, մենք էլ անմասն չենք մնացել ու արել ենք քայլեր այս ուղղությամբ:

– Հայտարարագրման խնդիրներին անդրադառնանք, հենց Ձեր հայտարարագիրը որպես օրինակ վերցնենք՝ 2016թ. պաշտոնը ստանձնելիս ունեցել եք TOYOTA PRIUS HIBRID 1.8 մակնիշի ավտոմեքենա, հիմա, տեսեք նյութեր պատրաստելիս շատ հաճախ տպավորություն է լինում, որ մեքենան նոր է, դրանով էլ պայմանավորվում է գինը, բայց չի բացառվում, որ այս մեքենան լինի 2011թ. արտադրության է, ինչը նշանակում է, որ գինը նույնպես այլ է: Հենց այս օրինակի վրա եկեք քննարկենք հայտարարագրման ինստիտուտի խնդիրները, չի նշվում տարեթիվը, սա մեկ, երկրորդը անհասկանալի է նվիրատվությունները բնամթերքի տեսքով և այլն: Ի՞նչ եք անում այս խնդիրները չեզոքացնելու ուղղությամբ:

– Գաղտնիք էլ չէ, որ ասեմ՝ մեքենան 2011թ. արտադրության է: Ձեր հարցը օբյեկտիվ եք բարձրացնում. հայտարարագրման ինստիտուտը պետք է լինի հնարավորինս մատչելի, բայց հայտարարագրման ինստիտուտում յուրաքանչյուր տարի լրացվելիս միևնույն է չեն կարող լրացվել այն ակտիվները, որոնք նախկինում լրացվել են: Հայտարարագրման համակարգի ներսում առկա թերությունների ուղղությամբ մենք մշակել ենք օրենսդրական փաթեթ և այն կներկայացնենք:

– Նվիրատվությունների խնդիրն է նաև արդիական, Դուք կպատճառաբանեք անձնական տվյալների պաշտպանությունը, բայց մյուս կողմից հանրային հետաքրքրության շահ կա, մարդկանց համար պարզ չի լինում, թե ինչու է նվիրատվություն ստացել պաշտոնյան, չկան դրդապատճառներն ու նվիրատուի տվյալները:

– Ճիշտ է, դա չի հրապարակում: Իրականում հանրային հետաքրքրությունը չափազանց կարևոր գործոն է, սակայն միայն այդ հետաքրքրության համար մի շարք արժեքներ չեն կարող ոտնահարվել, ինչպես օրինակ նվիրատուի անձի գաղտնիության պահպանման սկզբունքն է, այլ հարց է, որ դա կարող է հանրային տեսանկյունից կասկածներ առաջացնել, դրա համար գոյություն ունեն տարբեր մեխանիզմներ, որոնք այս պահի դրությամբ շատ ավելի թերի են: Երբ մենք կկատարենք փոփոխությունները, երբ կլինի ինստիտուցիոնալ մարմինը, ուժի մեջ կմտնի կանխիկ գործառնությունների սահմանափակման օրենքը, ստիպված կլինեն պաշտոնատար անձիք այդ նվիրատվությանը կից համապատասխան մարմինն ներկայացնել փաստեր, որ իրենք կատարել են գործարքը պատշաճ կարգով: Եթե վերլուծվի, որ նվիրատուի հետ պաշտոնատար անձն ունեցել է գործնական փոխառնչություններ, այստեղ շատ ավելի լուրջ գործիքներ կաշխատեն: Շատ ավելի կարևոր է, որ ինստիտուցիոնալ առումով համակարգերը գործեն:

– 2016թ. դեկտեմբերի 20-ին նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվել է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ՝ Ձեր գլխավորությամբ: Մասնավորապես ի՞նչ խնդիրներ է լուծելու այս աշխատանքային խումբը:

– Այդ աշխատանքային խմբի առաջին խնդիրը հենց կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելն է: Խոսքը վերաբերում է հենց հակակոռուպցիոն մարմնին:

– Դա միջգերատեսչական աշխատանքայի՞ն խումբ է, ովքե՞ր են ներկայացված այդ խմբում:

– Աշխատանքային խմբում ներառված են ներկայացուցիչներ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից, կառավարության աշխատակազմից, արդարադատության նախարարությունից, ինչպես նաև ՀՔԾ-ից, որոնք պետք է կատարեն այդ աշխատանքը:

– Մենք և Վրաստանը Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպության հրապարակած Կոռուպցիայի ընկալման համաթվով ամեն տարբեր արդյունքներ ենք գրանցում, մեր երկիրը զիջում է Վրաստանին: Ինչ քայլեր եք առաջարկում կամ երաշխիքներ տալիս, որ ոչ թե առաջ անցնենք հարևան երկրից, այլ գոնե հավասարվենք:

– Ես ոչ մի երաշխիք չեմ նախատեսում, ես չեմ էլ կարծում և պատրաստվում հորդորել, որ մենք պետք է համեմատվենք ինչ-որ երկրի հետ, մենք պետք է համեմատվենք ինքներս մեզ հետ: Ավելի՞ լավն ենք հիմա, քանի մի քանի տարի կամ ամիսներ առաջ, կարծում եմ՝ պատասխանն է՝ այո, մենք քայլ առ քայլ, փոքր քայլերի արվեստով պետք է առաջ գնանք ու արձանագրենք հաջողություններ, այդ հաջողություններն ինքնին կբերեն տեսանելի արդյունքների, երբ համոզված լինենք, որ ընկալումը փոխվել է, մենք կհաջողենք:

– ՃՈ տուգանքների նոր համաներում նախատեսվո՞ւմ է իրականացնել:

– Արդարադատության նախարարությունը նման փաթեթ չի նախատեսում ներկայումս:

– Ի՞նչ է մեր երկրին սպասվում հաջորդ տարի, երբ արդեն որոշ չափով կանցնենք խորհրդարանական կառավարման մոդելին:

– Ճիշտ նշեցիք, Սահմանադրությունն իր գործողության մեջ ամբողջական հատվածով դեռևս կունենանք 2018թ. ապրիլին, բայց ես կարծում եմ՝ թե Սահմանադրական բարեփոխումներից հետո մեկ տարի անց, թե հաջորդ տարին գնահատելով իրավական իրողություններ, ստեղծված մթնոլորտն ու միջավայրը, մենք արձանագրում ենք, որ քայլ առ քայլ Սահմանադրության նորմերն իրենց ազդեցությունը թողնում են, քաղաքական ուժերի մտածողության և վերադասավորման, իրենց ուժերը ճիշտ գնահատելու և այլնի հետ կապված, այսինքն՝ չի կարող Սահմանադրությամբ պայմանավորված նոր քաղաքական իրողությունների իրավական հանրագումարը չստիպել, որ քաղաքական դաշտի հիմնական խաղացողները, թե՛ իրավական, թե՛ քաղաքական դաշտում իրենց գործողությունները չսրբագրեն, վերաիմաստավորեն ու չարժևորեն, սա վերաբերելու է բոլորիս:

– Ամեն անգամ, երբ Ազգային ժողովում սկսվում են բանավեճերը, Դուք և շատ-շատերը շեշտում եք՝ այս ամբիոնը քաղաքական ամբիոն է և այլն, բայց ինչո՞ւ ոչ՝ օրենսդրական, իր բոլոր տարրերով, երբ ԱԺ-ն չի լինի «Արմքոմեդի» հաղորդաշարերի հիմնական աղբյուրը, այլ այստեղ կընդունվեն մարդկանց կյանքը բարելավող իրավական ակտեր:

– Ազգային ժողովը երկրի բարձրագույն ներկայացուցչական օրենսդիր մարմինն է, Ազգային ժողովն է օրենսդրական պրոցեսի բովանդակությունը կազմում, Ազգային ժողովում միևնույն ժամանակ ներկայացված են տարբեր հարցերի շուրջ զանազան դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչներ, Ազգային ժողովը պետք է ինչ-որ առումով դառնա կիզակետ, միջավայր, որտեղ բախվում են միևնույն հարցի կապակցությամբ քաղաքական տարբեր դիրքորոշում ունեցող մարդկանց կարծիքները: Բնական է, երբ ես մատնանշում եմ, որ այդ ամբիոնը քաղաքական է, ես նկատի ունեմ ոչ թե, որ դա օրենսդրական ամբիոն չէ, այլ շատ հաճախ իրավական ցանկացած երևույթ, պարզ իրավական կամ օրենսդրական կարգավորում իր մեկնաբանությունը ստանում է քաղաքական ուժերի դասավորվածության, բևեռների բախման ու բաժանման կիզակետում, ուստի՝ հաճախ և բոլորը, այդ թվում` ես ասում ենք, որ քաղաքական ամբիոն է, սա նշանակում է ԱԺ-ի ոչ թե առաքելության փոփոխություն՝ որպես օրենսդիր մարմին, թեև այդ առաքելությունն իրականացնելիս ԱԺ-ում քաղաքական են բոլոր մեկնաբանությունները, քաղաքական են շահարկումները այս տեսանկյունից և երբ քննարկում կամ քվեարկում են ինչ-որ բան, նույնիսկ եթե իրավական լուծումը իդեալական է, միևնույն է, այդ իրավական լուծմանը բերող քաղաքական հանգամանքներին, դրան նախորդած կամ հաջորդող երևույթների վերաբերյալ մեկնաբանությունները քաղաքական են:

– Անցնենք անձնական հարցերին, ե՞րբ ի վերջո Ձեր կյանքում կհայտնվի սպասված ասպետը: Միգուցե աշխատանքն է ծանրաբեռնում Ձեր անձնական կյանքը:

– Աշխատանքը անձնական կյանքը չի ծանրաբեռնում, ծանրաբեռնում է ընդհանրապես իմ գրաֆիկն ու առօրյան, դժվար է տեղավորել ասպետի առավոտյան ժամը 8-ից մինչև ժամը 23-ի գրաֆիկի մեջ: Բարդ է ասպետին ասել, որ սպասի, մինչև ես կկարողանամ քեզ հինգ րոպեով ընդունել:

– Ամանորի տոնական օրերին նույնպե՞ս աշխատելու եք, թե ժամանակը շատ է ընտանիքին հատկացնելու համար:

– Ամանորյա տոներին մի քանի օր կունենամ, բայց բնականաբար աշխատելու եմ ավելի վաղ ռեժիմով և ավելի շուտ եմ գալու աշխատանքի, ինչպես և ենթադրվում էր այս գրաֆիկով աշխատելու դեպքում: Ամանորը նշելու եմ ընտանիքիս հետ արտերկրում:

– Ի՞նչն է Ձեզ զայրացնում այս աշխատանքում:

– Ընդհանրապես բոլոր աշխատանքներում, ոչ միայն այս մեկում, բարդ է, որ չափից շատ ես հոգի դնում, բայց ոչ ճիշտ է, որ ներդրածիդ համահունչ արդյունք ես տեսնում բոլոր առումներով, այ դա հաճախ, ոչ թե զայրացնում է, այլ ավելի նեղսրտելու առիթ է տալիս, սակայն սա էլ է աշխատանքի բաղկացուցիչ մասը, ես երբեք ճանապարհի կեսից կանգ չեմ առել, ես երբեք աշխատանքային բարդությունների առաջ չեմ ընկրկել, երբեք չեմ դժգոհել, հիասթափվել ու հուսահատվել բարդություններից, ես հաջողում եմ, երբ իրականում հավատում եմ իմ գործին:

– Հոբբիներից ֆուտբոլ եք սիրում դիտել: Հենրիխ Մխիթարյանի խաղերին հետևո՞ւմ եք, Ձեզ չէր զարմացնում այն հանգամանքը, որ Ժոզե Մոուրինյոն համառորեն նրան խաղերին չէր ներգրավվում, անգամ առաջատար եվրոպական լրատվամիջոցներն էին զվարճալի տեսանյութեր պատրաստել:

– Հենրիխ Մխիթարյանի խաղերն աշխատում եմ դիտել, պարզապես իմ գրաֆիկի պարագայում բավականին բարդ է: Իմ հիմնական երկրպագության առարկան՝ Ռեալ Մադրիդը  թողնելով մի կողմ, Մանչեսթեր Յունայթեդի խաղերը սիրել եմ ու նայում եմ: Ժոզե Մոուրինյոն ավանդաբար համարվում է ամենաբարդ մարզիչներից մեկը, անկախ նրանից, թե նա որտեղ է աշխատել: Ինչ-որ առումով իրենից նման վարքագիծ սպասելի էր, այդպիսի վերաբերմունք սովորաբար նա ցուցաբերում է թիմերի բոլոր առաջատարների նկատմամբ, չեմ կարող ասել, թե դա ինչ հնարք է, բայց իհարկե, նեղսրտում ես, որ Մխիթարյանը չէր խաղում, բայց հիմա, կարծես թե, իրավիճակը շտկվել է:

– Ձեր խոսքում հաճախ եք օգտագործում «փոքր քայլերի արվեստ» արտահայտությունը, տերյանական շունչ եմ նկատում այդ արտահայտության մեջ:

– Ոչ, Փոքրիկ Իշխան, այդ գաղափարն «Փոքրիկ Իշխան»-ում կա, սակայն այստեղ չինական փիլիսոփայությունը նույնպես առկա է՝ դանդաղ շտապիր: Կոնֆուցիականություն, թե հիշողությունս չի դավաճանում, հենց նրա փիլիսոփայության առանցքն է կազմում այդ գաղափարը, մասնավորապես ավագների փիլիսոփայության, ընտանիքի, պետության գլխի և առհասարակ պարագայում առաջ քայլերի ժամանակ դանդաղ շտապիր:

– Այսինքն՝ ճի՞շտ հասկացա՝ արդարադատության համակարգի բարեփոխումների հիմքում ընկա՞ծ է Փոքրիկ իշխանի և չինական փիլիսոփայության գաղափարախոսությունը:

– Ես գտնում եմ, որ հեղափոխական լուծումները լավ են, երբ դրանք ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին ու ավելի բացառիկ դեպքերում են կիրառվում: Հաջողության հասնելու դասական բանաձևը էվոլյուցիոն ճանապարհն է, այդ ճանապարհով պետք է դանդաղ շտապես փոքրիկ քայլերով, բայց վճռակամ և առանց հետ կանգնելու ճանապարհից և գնալ առաջ առանց կիսատ թողնելու:

– Մեր հարցազրույցներից մեկի ժամանակ ասացիք, որ ֆիլմեր չեք սիրում դիտել, հայկական ֆիլմեր նույնպե՞ս չեք դիտում:

– Հայկական ֆիլմեր նայում եմ ու իմ ամենասիրած ֆիլմերից մեկը «Կտոր մը երկինք»-ը, որի բնագիրը ավելի եմ նախընտրում, Վահան Թոթովենց՝ «Բաց կապույտ ծաղիկներ», որի հիման վրա էլ կատարվել է էկրանավորումը:

– Ի դեպ, Ձեր սենյակում տեսնում եմ բնապատկերներ, նախասիրություններ կա՞ն արվեստի այդ ճյուղի հանդեպ:

– Արվեստի տեսանկյունից նախընտրություն ունեմ, այո, սիրում եմ թե բնապատկերներ, թե նատյուրմորդ, իմ նախընտրությունը իմպրեսիոնիզմի հեղինակների կողմն է, առավելապես Կլոդ Մոնե:

Հարցազրույցը՝ Գևորգ Թոսունյանի

Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել