Եթե Ձմեռ Պապն իրավաբան լիներ … խեղճ երեխաներ

Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է  իրավագիտության թեկնածու Արմեն Գրիգորյանը:

-Ինչո՞վ առանձնացավ 2016 թվականը,  ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:

-2016-ը շատ դժվարին տարի էր ամբողջ աշխարհում, նաև` մեզ հայերիս ու Հայաստանի համար: Ողբերգական իրավիճակը Սիրիայում, ահաբեկչական ակտերը Եվրոպայում … Ապրիլյան 4-օրյա դեպքերը ամենացավալին էին հենց մեզ համար: Որքան հրաշալի երիտասարդներ զոհվեցին, որոնցից շատերը դեռ չէին բոլորել նույնիսկ 20 տարեկանը. սա իրոք սահմռկեցուցիչ է: Ուզում եմ նորից ու նորից համբերություն մաղթել այդ փառավոր տղաների ընտանիքներին, նրանց զավակները մի ամբողջ ազգի պարծանք են. միգուցե սա նրանց փոքր-ինչ մխիթարի: Նրանց ուղղակի անհնար է չհիշել:

Ունեցանք նաև ուրախալի պահեր, որոնք իսկապես համաշխարհային մակարդակի իրադարձություններ էին. մեր մարզիկների փայլուն ելույթները Ռիոյի օլիմպիական խաղերում, այդ թվում` երկու ոսկե մեդալները (այո` երկու), Հենրիխ Մխիթարյանի գերբարձր մակարդակի ֆուտբոլը, «Ավրորա» մրցանակաբաշխության մարդասիրական նոր լույսն ամբողջ աշխարհում, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան: Այս ամենն ապացուցում է, որ մենք տաղանդավոր ազգ ենք. առավել քան հաճելի է:

-Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը։

-Թեև չէի ցանկանա անձնավորել, որովհետև շատ իրավաբաններ այս տարվա ընթացքում նշանակալի աշխատանք կատարեցին, բայց չեմ կարող չառանձնացնել Արցախի Օմբուդսմենին` պարոն Ռուբեն Մելիքյանին, ով, ունենալով այլընտրանք կամ նույնիսկ այլընտրանքներ, ընտրեց հենց վերը նշված պատասխանատու աշխատանքը: Պարոն Մելիքյանի պրոֆեսիոնալիզմի արդյունքները մենք արդեն իսկ տեսել ենք այս կարճ ժամանակահատվածում` միջազգային չափանիշներին համապատասխանող կարևորագույն զեկույցի տեսքով: Վստահ լինելով, որ նա է´լ ավելի կբարձրացնի Արցախի, ինչպես նաև Օմբուդսմենի ինստիտուտի հեղինակությունն ամբողջ աշխարհում` հաջողություն եմ մաղթում նրան:

-Հանդիեպե՞լ եք զավեշտալի դեպքերի (դատական գործերի, դատական կամ իրավական ակտեր):

-Մեր ոլորտում, իհարկե, զավեշտալի դեպքեր լինում են, բայց այդ դեպքերի հետևում գրեթե միշտ ինչ-որ տխուր բան կա: Այնուամենայնիվ, մի դեպք հիշեցի, որ իրոք շատ յուրահատուկ է. երբ Օմբուդսմենի տեղակալ էի, համակարգում էի նաև Արագ արձագանքման վարչության աշխատանքը, ու ինձ տեղեկացրին, որ մի տարեց կին զանգահարել է մեր թեժ գծին և խնդրել խոսափողը փոխանցել իգական սեռի ներկայացուցչի (այդպիսի դեպքերում, հասկանալի պատճառներով, չէինք հարցնում այդ ցանկության պատճառի մասին և փոխանցում): Տարեց այդ կինը սկզբում շատ ջերմ ողջունել էր մեր գործընկերուհուն և ապա համոզվելու համար հարցրել, թե արդյոք իսկական մարդու իրավունքների պաշտպաններ ենք, և դրական պատասխան ստանալով` խնդրել էր հենց «մարդու պաշտպանի ոգով գնալ և մի քիչ մաքրել, դասավորել իր տունը»: Նրան փորձել էին բացատրել Օմբուդսմենի լիազորությունները, սակայն կինը դժգոհել էր, թե` «ինչ լիազորություն, է, այ բալա, արի, համ էլ կհյուրասիրեմ քեզ»:

-Այս տարվա ընթացքում ի՞նչը  Ձեզ ամենից շատ զարմացրեց ձեր գործունեության ոլորտում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն):

-Կարծում եմ, մեզ` իրավաբաններիս, դժվար թե ինչ-որ բան զարմացնի մեր ոլորտում. մասնագիտությունն է այդպիսին` մենք միշտ պատրաստ ենք նույնիսկ ամենաանսպասելիին: Բայց ինձ, միգուցե, զարմացնում է կամ ավելի ճիշտ` զայրացնում է բռնության մակարդակի աճն ամբողջ աշխարհում, բոլոր ոլորտներում: Մարդկային քաղաքակրթությունը սրընթաց զարգանում է, բայց մենք դեռ պատերազմներ ենք մղում: Հնարավոր է` շատ պարզունակ թվա միտքս, բայց պատկերացրեք` մենք զինում ենք մարդկանց, կանգնեցնում միմյանց դիմաց, որպեսզի նրանք սպանեն իրար` այնպես, ինչպես 2000-3000 տարի առաջ. մի քիչ երկար մտածելու պարագայում սա անհեթեթություն է թվում: Բռնությունն ամենուր էր 2016-ին, բայց այն լուծում չէ ու չի էլ կարող լինել:

-Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:

-Եթե Ձմեռ Պապն իրավաբան լիներ … խեղճ երեխաներ 🙂 Ամեն նվեր տալուց առաջ պայմանագիր կկնքեր, դրանք վնասելու համար պատասխանատվություն կնախատեսեր: Թող չլինի Ձմեռ Պապն իրավաբան, այլապես կհրաժարվեր նույնիսկ ծխնելույզով մտնել նվերներ բաժանելու` բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար պատասխանատվության սպառնալիքի ուժով:

– Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

Սովորաբար նշում եմ տանը` ընտանիքիս հետ: Թեև չեմ կարծում, որ դա պարտադիր է, բայց այդպես ավելի բովանդակալից է թվում ինձ այդ պահը: Մեկ տարին մեր կյանքի փոքր կտորն է. ամեն տարի տոնական սեղանի շուրջ մտածում եմ նախորդ տարվա ձեռքբերումների ու բացթողումների մասին և նայում գալիք տարվան` իրատեսական-լավատեսական սպասումներով:

-Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:

-Սիրում եմ խոհանոցում հայտնվել, առավել ևս` պատրաստողի դերում: Ամանորi (և ոչ միայն) ձուկը ես եմ պատրաստում, ասում են` լավ է ստացվում:

– Ի՞նչ ակնկալիքներ կան 2017-ից:

-2017 թվականին մեզ կարևոր գործընթացներ են սպասվում: Շատ ցանկանում եմ, որ այդ գործընթացները և դրանց արդյունքներն ազատության ու արդարության դրական զգացումներ բերեն մեզ: Կարծում եմ, որ մարդու` որպես հասարակական էակի երջանկության ամենաուժեղ խթանիչներն իր հանդեպ արդարության բոլոր տեսակի դրսևորումներն են: Եվ մեկ հատուկ ակնկալիք-ցանկություն ունեմ` բոլոր զինծառայողներն առողջ վերադառնան իրենց ընտանիքներ: Ի վերջո, մասնագիտական առումով 2017-ին բազմաթիվ կարևոր անելիքներ ունեմ. հույս ունեմ, որ դրանք հաջողությամբ կիրականացնեմ:

-Դուք ի՞նչ եք խնդրել  Ձմեռ պապիկից:

-Ձմեռ Պապիկից խնդրում եմ, որ առաջին հերթին այցելի սահմանամերձ բնակավայրերում ապրող, ինչպես նաև անապահով և առողջական խնդիրներ ունեցող երեխաներին: Եվ ընդհանրապես, ուրախություն պարգևի բոլոր մանուկներին. նրանք արժանի են դրան:

Ա․Կ․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել