Սահմանված են տոգանքներ 500.000-ից մինչև 1.000.000 ՀՀ դրամի չափով

Մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության կանոնները խախտելու համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված են տուգանքներ:

Այսպես, մանկական սննդի և հարակից ապրանքների վաճառքը առողջապահական կազմակերպությունների կողմից՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Մանկական սնունդ արտադրողների և (կամ) բաշխողների կողմից ցանկացած առաջարկի դեպքում (նմուշ, նվեր կամ այլ շնորհ) առողջապահական կազմակերպությունների կողմից լիազոր մարմնին չտեղեկացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Մանկական և վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների, մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի և հարակից ապրանքների գովազդը և (կամ) խրախուսման այլ ձևերը՝ առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում ընդգրկված բուժաշխատողի կողմից մանկական սննդի և հարակից ապրանքների վաճառքով, իրացման, գովազդի և (կամ) խրախուսման այլ ձևերով զբաղվելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում ընդգրկված բուժաշխատողի կողմից արտադրողից և (կամ) բաշխողից կամ նրանց անունից հանդես եկող այլ կազմակերպությունից որևէ նվեր, շնորհ կամ պարգև դրամական կամ որևէ այլ տեսքով ընդունելը, մանկական սննդի և հարակից ապրանքների նմուշներ ընդունելը կամ տրամադրելը՝ առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Մանկական սնունդ արտադրողների և (կամ) բաշխողների կողմից ցանկացած առաջարկի դեպքում (նմուշ, նվեր կամ այլ շնորհ), բուժաշխատողի կողմից առողջապահական կազմակերպության ղեկավարությանը չտեղեկացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Մանուկների և վաղ տարիքի երեխաների սնուցման, մանկական սննդի և հարակից ապրանքների վերաբերյալ գրավոր, ձայնային կամ տեսողական տեղեկատվական և ուսուցողական նյութեր պատրաստելը և տարածելը օրենքի պահանջների խախտմամբ՝ առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

«Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները չպահպանելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Վերը նշված արարքները վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` այդ արարաքների կատարման համար սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել