Ձեզնից է կախված մեր երկրի հետագա բարեկեցությունը. նախագահը եղել է մարտական դիրքերում

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Պաշտպանության նախարար Վիեգեն Սարգսյանի հետ այսօր այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի պետական սահմանի պահպանության տեղամաս և մարտական դիրք:

Նախագահը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:

Հանրապետության Նախագահը խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների և զինվորների` հանձնել նվերներ: Սերժ Սարգսյանը թեյի սեղանի շուրջ զրուցել է խրախուսանքի արժանացած զինծառայողների հետ, ապա Վեհափառ Հայրապետի և զինվորների հետ միասին մոմավառություն կատարել կից տեղադրված խաչքարի մոտ, որից հետո տոնական սեղանի շուրջ մարտական հենակետում ճաշել է զինծառայողների հետ: Նախագահը շնորհավորել է Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

Նախագահը բաժակ է բարձրացրել բոլոր զինվորների, սպաների և նրանց վերադարձին անհամբեր սպասող ծնողների, ընտանիքների անդամների, սիրելիների համար, ում ամեն օր մեր զինծառայողները կարոտով հիշում են և ուժ ստանում նրանց պաշտպանելու մտքից:

«Ուզում եմ, որպեսզի դուք գիտակցեք, մինչև վերջ խորը գիտակցեք, որ նաև ձեզնից է կախված մեր երկրի հետագա բարեկեցությունը: Դուք այստեղ պաշտպանելով հայրենիքը` պետք է ետ վերադառնաք, դառնաք լավագույն մասնագետներ: Դուք պետք է լինեք այն շարժիչ ուժը, որն, ի վերջո, մեզ բերելու, հասցնելու է այն երկրների մակարդակին, որոնց մասին քիչ առաջ խոսում էինք:

Ուզում եմ նաև, որպեսզի դուք հստակ գիտակցեք, որ ձեր հրամանատարները շատ ավելի փորձառու են: Ուզում եմ վստահ լինեք, որ ձեր հրամանատարների ցուցումները` ուղղված ձեր անվտանգությունն ապահովելուն, ձեր կյանքը և նաև սահմանի այն հատվածը, որը ձեզ վստահված է, պաշտպանելուն, անառիկ պահելուն` պարտադիր են կատարելու համար:

Հրամանատարները մեր բանակի ողնաշարն են, և այդ ողնաշարի շուրջ կենտրոնանում, ձգվում են բոլոր մկաներն ու ոսկորները, դառնում մարմին: Մեր այդ մարմինը, ընհանուր առմամբ, առողջ է` մենք ունենք փայլուն հրամանատարներ, և նաև նրանց շնորհիվ է, որ ասում ենք` մեր բանակը մարտունակ է, մեր բանակն ի վիճակի է պաշտպանելու իր սահմանները:

Մեր հրամանատարների, զինվորների և նրանց ընտանիքների կենացը: Այն մարդկանց կենացը, ովքեր ծնել, դաստիարակել են ձեզ և ուղարկել պաշտպանելու իրենց և ուրիշներին: Դուք, այստեղ լինելով, պաշտպանում եք ձեր ծնողներին, մեր քաղաքացիներին, մեր հայրենիքը:

Մենք միշտ ուրիշներից տարբերվել ենք նրանով, որ կարողացել ենք վերածնվել, կարողացել ենք պայքարել, նաև հերոսանալ, մեր սխրանքներով անմահանալ և, ի վերջո, եկել, հասել ենք 21-րդ դար` որպես անկախ պետություն: Մեր տարածաշրջանում բազմաթիվ երկրներ, բազմաթիվ պետություններ են եղել՝ թվով, տարածքներով մեզնից հաճախ ավելին, բայց մնացել են պատմության էջերում: Մենք, շնորհիվ, մեր զինվորների, սպաների, մեր նվիրյալների, եկեղեցու` հասել ենք այսօրվան: Հիմա հերթը մերն է` պահելու, պահպանելու, հաջորդ սերնդին փոխանցելու մեր անկախ պետությունը: Եվ ես շատ ուրախ եմ ու երջանիկ, որ մենք ունենք զինվորներ ու սպաներ, ովքեր դա անում են պատվով:
Ձեր ծնողների կենացը, ձեր քույրերի և եղբայրների կենացը, ովքեր անհամբեր սպասում են ձեզ: Լավ եղեք և առողջ: Խաղաղ ծառայություն ձեզ:
Թող 2017 թվականն իր հետ բերի քիչ կորուստներ և շատ ավելի ուրախ ու երջանիկ պահեր»,-շնորհավորական խոսքում ասել է Նախագահ Սարգսյանը:

Նախագահն այցելել է նաև Տավուշի մարզի Ազատամուտ համայնք, հանդիպել այդ համայնքի, ինչպես նաև Այգեհովիտի, Վազաշենի, Դիտավանի բնակիչների ու Իջևանի և Բերդի տարածաշրջանների սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ, շնորհավորել գալիք տոների կապակցությամբ, զրուցել համայնքային խնդիրների և զարգացման ծրագրերի, բնակիչներին հուզող, հետաքրքրող հարցերի շուրջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել