Հումորը միշտ փրկում է ծանր թեմաների ու ճակատագրերի հետ առնչվելիս. Զարուհի Մեջլումյան

Մոտ 18 տարվա լրագրողական աշխատանքի փորձ ունեցող, «Հետք» ինտերնետային թերթի լրագրող Զարուհի Մեջլումյանը շատերին հայտնի է որպես ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի արդարադատության և ազատման համար պայքարող և հաջողության հասած լրագրող, ում շնորհիվ Սողոմոնն իր կյանքի վերջին օրերն ազատության մեջ անցկացրեց: Զարուհին պատասխանել է Իրավաբան.net-ի ամանորյա բլից-հարցերին. 

-2016-ն արդեն մնաց անցյալում, ի՞նչ տվեց այն մեր երկրին, և ո՞րն էր ձեր ամենամեծ ձեռքբերումն ու անհաջողությունը:

-Ցավոք, առաջին հարցին պիտի վատատեսական, ավելի ճիշտ` իրատեսական պատասխան տամ: 2016-ը մեր պետության համար հետընթացի տարի եմ համարում: Միայն Ապրիլյան պատերազմը, մեր ունեցած մարդկային կորուստները այլ միտք չեն թույլ տալիս արտահայտել: Կորստի ցավը մեծ է ու անբուժելի: Կարծում եմ, որ 21-րդ դարում, երբ գիտությունը սրընթաց զարգացում է ապրում, 18 տարեկան զինվորին, որը գրեթե միշտ անապահով ընտանիքի զավակ է, առաջին գծում պահելը կոպտագույն սխալ է:

-Մասնագիտական կարևոր ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի

-Ես ունեմ լրագրության իմ բանաձևը, որը անվանել եմ փոփոխությունների ժուռնալիստիկա: Սլավոնական համալսարանի իմ ուսանողներին էլ նույնն եմ ասում, որ մենք` լրագրողներս, ունենք կարևորագույն «մանդատ» մարդկանց կյանքում բերել դրական փոփոխություններ մեր գրչով ու հետևողականությամբ: Շատ մարդկանց ջանքերով, նաև «Հետքի» իմ լուսաբանումների, բացահայտումների շնորհիվ երկու մարդ` նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանը և «Հաց բերող» Արթուր Սարգսյանը Ամանորը կնշեն տանը: Նաև շարունակում եմ երկրորդ կրթությունս, մասնագիտանում եմ քրեական իրավունքի ոլորտում: Լրագրությանը ցտեսություն չեմ ասելու, լրագրության ու իրավագիտության գործիքները նույնն են` փաստերը: Չկա փաստ, չկա լրագրություն: Պարզապես քանի որ քրեական արդարադատության ոլորտն եմ լուսաբանում, ապա պետք է համապատասխան գիտելիքներ ունենամ:

11050650_1010321489001423_7757352790222299745_n

-Թեև դժվար ոլորտում եք աշխատում, այնուամենայնիվ զավեշտալի ի՞նչ դեպքեր են եղել:

-Զավեշտալի դեպքեր չեմ մտաբերում, թեև հաստատ եղել են: Ավելին` հումորը միշտ փրկում է հատկապես ծանր թեմաների ու ճակատագրերի հետ առնչվելիս: Հիշեցի մի դեպք` երբ գնացել էի «Արմավիր» ՔԿՀ զինծառայող Դավիթ Հակոբյանի ազատման լուրը լուսաբանելու, սպասում էինք, թե երբ է նա ռեժիմային գոտուց անցնելու ազատություն, բանտի մի աշխատակից, որին չէի ճանաչում, նայելով ինձ ասաց` «բանտից մարդ ազատողն եկավ»:

-Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ պատգամավոր:

-Կարծում եմ` լավ կլիներ… հաստատ կոճակ չէր սեղմի ուրիշ պատգամավորների փոխարեն, կմշակեր մարդակենտրոն օրինագծեր:

-Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

-Նշում եմ ընտանիքիս հետ, տանը, առանձնապես չեմ կարևորում տոները` իրենց արտաքին, ձևական դրսևորումների առումով:

-Ունե՞ք Ձմեռ պապիկից խնդրած և չստացած նվեր:

-Այո, ունեմ… խաղաղությունը, առողջությունը, ազատությունը մարդու համար բարձրագույն արժեքներ են: Իմ աշխատանքը այդ արժեքներից մեկի` ազատության հետ անմիջական կապ ունի: Իմ մարդկային ու մասնագիտական ողջ ներուժը ներդրել եմ ազատությունից ապօրինի, անարդար զրկված մարդկանց ազատություն վերադարձնելու գործին: Միացել եմ աշխարհում թափառած Անմեղության շարժմանը:

-Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:

-Հարցերին պատասխանելուց առաջ և հետո հենց այդ գործերով էլ զբաղված էի խոհանոցում:

-Ի՞նչ ակնկալիքներ կան 2017-ից:

-Կարծում եմ` ակնկալիք ունենալ տարվանից կամ ինչ-որ այլ բանից, ճիշտ չէ: Մենք պետք է տանք, նվիրենք, աշխատենք, ինքնակրթվենք, սովորենք: Ամեն բացվող նոր օր Աստծո կողմից մեզ տրված մեծ հնարավորություն է նշածս իրականացնելու համար: Հայրս միշտ ասում էր, որ մեզնից կախված ամեն ինչ մենք պետք է անենք 99 տոկոսով, իսկ 1 տոկոսը միշտ նախախնամությանն է: Բայց ինչ խոսք, ցանկանում եմ բարի լուրեր, մոլորակին խաղաղություն, որ տնից հեռու գտնվողները տուն դառնան:

Ա.Չ

Լուսանկարները Զարուհի Մեջլումյանի անձնական արխիվից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել