Հայաստանում ապրող անգլիացի Քարլ Ուլբրիխտը Ամանորից առաջ պատրաստում է գերմանական թխվածքներ

Միջազգային փորձագետ, անգլիացի Քարլ Ուլբրիխտը մեկ տասնյակ տարիներից ավելի Հայաստանում է, նա փայլուն խոսում է հայերեն, շատ հայերից առավել գրագետ է իր խոսքում: Ինչպե՞ս է Ամանորը նշում Հայաստանում ապրող անգլիացին: Մանրամասները հարցազրույցում: 

Ինչո՞վ առանձնացավ 2016թ. թվականը, ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ

– Անձնական դաշտում կարևորագույն ձեռքբերումներ չկան, իսկ ոլորտում հակակոռուպցիոն գործընթացքում չէինք սպասում, որ նման առաջընթաց կլինի, ահագին տեղաշարժ է արձանագրվել, հույս ունենք, որ այն կշարունակվի՝ ապօրինի հարստացման, անկախ մարմնի ձևավորման հարցով:

–  Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը (Ձեր ոլորտի): 

– Ճիշտն ասած՝ Կարեն Զադոյանը, թե ինչքան նվիրված ու ռազմավարական ձևով է մոտենում, պլանավորում ու հետևողականություն ցուցաբերում, որ խնդիրներն իրականանան:

–  Այս տարվա ընթացքում ի՞նչը Ձեզ ամենից շատ զարմացրեց օրենսդրական համակարգում:

– Ես զարմացա՝ տեսնելով, որ նախագահը կարգադրություն է ստորագրել, ըստ որի՝ 2012-2016թթ. դատաիրավական բարեփոխումների ծրագիրը երկարաձգվում է մեկ տարով, սակայն տեսնում եմ տրամաբանությունը, ուղղակի ինձ համար անսպասելի էր, տեսնում եմ, որ ևս մեկ տարի կա, որ որոշ խնդիրներ, որոնք չեն հասցրել լուծել, կփորձեն լուծել:

–  Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան

-Ես պաշտոն տվող չեմ:

– Լավ, ըստ ձեզ՝ ինչ պաշտոն կունենար նա:

– Նա ավելի շատ կլիներ հետաքննող իրավաբան-լրագրող, քանի որ նա հնարավորություն ունի մտնել ամեն մեկի տուն և տեսնել, թե նրանք ինչ ունեն կամ չունեն:

Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները

– Ընտանիքիս, կնոջս և երեխաներիս հետ:

– Ի դեպ, Ամանորը Անգլիայում այլ կերպ են նշում, իսկ դուք ինչպե՞ս եք այն դիմավորում:

– Ես գնալով Հայաստանի ավանդույթներով եմ այն նշում, չնայած տոնածառը հենց ամսի 24-ին եմ ձեռքբերել, ընտանիքով զարդարել ենք, բայց հիմնական տոնը կլինի դեկտեմբերի 31-ին:

– Իսկ ի՞նչ հետաքրքիր տարբերություն կան հայկական և բրիտանական մշակույթում՝ Ամանորը դիմավորելու տեսանկյունից:

– Այնտեղ, օրինակի համար, հետաքրքիր է, որ Նոր տարվա շեմին պետք է որևէ նոր բան անել, կամ վատը՝ թարգել, այսինքն՝ Ամանորյա որոշում կայացնել, որ այսօրվանից սկսած այլ կերպ եմ վարբելու, օրինակ՝ թերթում եմ կարդացել 20 տարբեր քայլեր, որ մարդիկ իրականացրել են, մեկը սկսել է սառը ջրով լոգարան ընդունել, մյուսը՝ ծխելը թարգել ու պատմում էին, թե ինչպես իրենց կյանքը փոխվեց: Այդ ավանդույթը կա Անգլիայում, որ Նոր տարվա շեմին մտածես՝ լավ ես այսինչ բանը այլևս չեմ անի:

– Դուք ի՞նչ եք որոշել:

– Ես ավելի շատ պետք է սպորտով զբաղվեմ, զգում եմ, որ այս ապրելաոճը սխալ է:

Ի՞նչ ակնկալիքներ կան 2017-ից

– Ցանկանում եմ, որ արդյունավետ աշխատեմ, մեծ երեխաս արդեն ավարտվում է ու կընդունվի բուհ, իսկ աշխատանքում՝ սկսում ենք նոր ծրագրեր, շատ կարևոր ոլորտներ ենք վերցնում, դժվար կլինի հաղթահարել բոլոր խոչընդոտները:

– Անգլիայում նույնպես Ձմեռ պապիկ կա, այդպես չէ, միայն այլ կերպ է անվանվում:

– Այո, «Father Christmas»-ն է:

– Ի՞նչ եք խնդրել նրանից մանուկ հասակում և այս տարի:

– Մանուկ հասակում խաղալիքներ էի խնդրում, շատ էի սիրում լեգոներով խաղալ, լեգոների տարբեր մասնիկների մեծ ամաններ ունեինք, քո պատկերացմամբ որևէ բան ես ստեղծում, հիմա «Father Christmas»-ից կարելի է խնդրել առողջություն կամ էլ մի քիչ խելք, որ ես հետևեմ առողջությանս:

– Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:

– Այո, մեր ընտանիքում պապայիս կողմից ժառանգած ավանդույթ կա գերմանական թխվածքներ պատրաստել, ես մամայիցս վերցրել եմ մի քանի բաղադրատոմսեր և այսօր պետք է սկսեմ պատրաստել գերմանական թխվածքները:

Գ.Թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել