Այո, ցավոք սրտի, խոզի բուդ պատրաստելու պատասխանտուն ես եմ. Ալեքսանդր Ազարյան

Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, ով հայտնի է իր հումանիզմի և մեծ թվով արդարացնող դատական ակտերի ընդունմամբ:

-Ինչո՞վ առանձնացավ 2016թ. թվականը,  ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:

-2016-ը, իմ կարծիքով, առանձնացավ մեր հասարակությունում խորացող ճգնաժամով, որն իր արտահայտությունը գտավ հուլիսյան դեպքերի ժամանակ (Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը զինված խմբի կողմից, հեղ.):

Ձեռքբերում եմ համարում նույն հասարակության կողմից արտաքին թշնամու կողմից վտանգին դիմակայելու միասնականությունը, որում հավելյալ անգամ համոզվեցինք ապրիլի սկզբին:  Ցանկանում եմ խոսել մարդկային կորուստների մասին և խոնարհվել մեր սահմանները պաշտպանած ու նահատակված բոլոր տղաների հիշատակին:

Անձամբ ինձ համար 2016-ն առանձնացավ վերաքննիչ դատարան տեղափոխվելու փաստով (մինչ այդ Ալեքսանդր Ազարյանը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր էր, հեղ.) : Ձեռքբերում եմ համարում ընկերներիս ու հարազատներին հաջողությունները: Իսկ բացթողումներիս մասին հարցրեք վերադասիս 🙂

-Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:

-Միանշանակ՝ Վազգեն Ռշտունին:

-Հանդիեպե՞լ եք զավեշտալի դեպքերի (դատական գործերի,  դատական  կամ իրավական ակտեր) :

-Ձեր օգնությամբ հիշեցի, որ մի քանի տարի առաջ խափանման միջոց կալանավորում եմ ընտրել Իսահակ Նյուտոնի նկատմամբ:

-Այս տարվա ընթացքում ի՞նչը  Ձեզ ամենից շատ զարմացրեց ձեր գործունեության ոլորտում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն):

-Ամենից շատ զարմացրեց որոշ «լրագրողների» և որոշ պաշտոնյաների (այդ թվում և իրավաբանների) արձագանքը իմ կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած մի դատական ակտի նկատմամբ, քանի որ օրինական ուժ ստացած դատական ակտն օրենք է ոչ միայն նրանց, այլև բոլորի համար:

-Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:

-Ձմեռ պապին կնշանակեի ինձ օգնական, որպեսզի կախարդական պայտիկի օգնությամբ թեթևացներ քրեական վերաքննիչ դատարանի դատավորի ծանրաբեռնվածությունը:

– Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

Ընտանիքիս անդամների և ծնողներիս հետ: Այս տարի արտերկրում բնակվող քրոջս ընտանիքն էլ կմիանա մեզ:

-Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:

-Այո, ցավոք սրտի, խոզի բուդ պատրաստելու պատասխանատուն ես եմ:

– Ի՞նչ ակնկալիքներ կան 2017-ից:

-Ակնկալում եմ, որ ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի:

-Դուք/Ձեր երեխաները ի՞նչ եք խնդրել  Ձմեռ պապիկից:

-Ձմեռ պապիկից չէ, բայց Աստծուց ամեն օր խնդրում եմ խաղաղություն և բարգավաճում մեր երկու հայկական պետություններին: Իսկ ինձ, հարազատներիս, ընկերներիս համար առողջություն և գործերի հաջող ընթացք եմ խնդրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել