Արամ Վարդևանյանը պատմում է իր նոր աշխատանքի, ընտանիքի մասին

Նոր աշխատանքը պահանջում է վարչապետի օգնական, իրավաբանական գիտությունների թեկնածու Արամ Վարդևանյանից աշխատել առավոտից մինչև երեկո ինչը նա անում է հաճույքով. այս աշխատանքը նրան հնարավորություն է տալիս լուծել մարդկանց իրավական խնդիրներ, ունենալ իր փոքրիկ ներդրումը պետության զարգացման հարցում: Արամ Վարդևանյանի ընտանեկան միջավայրում արված հարցազրույցին մասնակցել է նաև նրա կինը՝ պրոդյուսեր, հաղորդավար Արևիկ Ուդումյանը:

-Արամ, ինչու՞ ընտրեցիք հենց իրավաբանի մասնագիտությունը:

– Մասնագիտության ընտրության պատմությունը մի քիչ զավեշտալի բաղադրիչ ունի. դա  կապված է ամերիիկյան դետեկտիվ ֆիլմերի հետ, որոնցում փաստացի ոստիկան-քննիչի գործառույթներն էին ներկայացվում:  Նրանց մոտ, իհարկե, քրեադատավարական համակարգը տարբերվում է հայաստանյանից:  Ինձ ոստիկանի, քննիչի գործառույթները շատ էին դուր գալիս: Որոշ ժամանակ անց, երբ ավելի հասուն էի, 8-րդ, 9-րդ դասարանում ինձ շատ էր դուր գալիս պատմություն առարկան, սակայն դեռևս ունեի թաքնված սեր քննիչի մասնագիտության նկատմամբ: Եվ երբ պետք է ընտրեի հետագա ուղին, հասկացա, որ պատմաբան ինձ չէի պատկերացնում, բայց իրավաբան ինձ պատկերացնում էի: Այդ ժամանակ բավականին տարածվում էին փաստաբանի աշխատանքի վերաբերյալ ֆիլմերը, և  փաստաբանությունը ևս սկսել էր ինձ դուր գալ: Եվ ընտրեցի իրավաբանի մասնագիտությունը:

Արդեն սովորելու ընթացքում սկսեցի շատ գնահատել իրավաբանի կոչումը, տիտղոսը: Չսիրել իրավաբանի մասնագիտությունն ուղղակի անհնարին բան է:

-Բայց  Դուք, կարծես, ոչ փաստաբան դարձաք, ոչ քննիչ:

-Փաստաբանական դպրոցի շրջանավարտ եմ, համապատասխան որակական քննությունները հաղթահարելով դարձել եմ փաստաբանական համայնքի անդամ: Բայց դեռևս ինձ փաստաբանի աշխատանքում չեմ պատկերացնում: Միաժամանակ ուզում եմ նշել, որ ցանկացած աշխատանքում, միջավայրում ես ինձ ամենահարմարը զգում եմ իրավապաշտանի դերում:  Իհարկե, դասական իմաստով փաստաբանական և իրավապաշտպան գործունեությունը միմյանցից տարբերվում են, սակայն իրավապաշտանությունը փաստաբանի աշխատանքի կարևորագույն բաղադրիչն է:  Իրավապաշտպան գործունեության մեջ եղել եմ երեք տարի՝ աշխատելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում: Սահմանադրական դատարանում ևս իմ գործառույթները իրավապաշտպան գործունեության բաղադրիչ ունեին՝ շատ ավելի իրավունքները դիտարկվում էին Սահմանադրության գերակայության տեսանկյունից:

Եվ այսօր նույնպես կարող եմ ասել, որ զբաղվում եմ իրավապաշտպան գործունեությամբ՝ լինելով վարչապետի իրավական հարցերով օգնականը: Երբ վարչապետի որոշմամբ հրապարկվեցին մեր (վարչապետի օգնականների և խորհրդականների,- հեղ.) հեռախոսահամարներն ու էլեկտրոնային հասցեները և մենք հասանելի դարձանք հասարակության համար, ինձ հասցեագրված դիմումներից 70-ի դեպքում ունենք դրական լուծում:

Իհարկե, կարծել, թե բոլոր դիմումների դեպքում կարող են լինել դրական լուծումներ, միամտություն է: Պարզապես, կան խնդիրներ, որոնց մասով մենք արձագանքելու նույնիսկ գործառույթ, լիազորություն չունենք: Սակայն այն բողոքների մասով, որոնք հիմնավոր էին, ոչ միայն զուտ արձագանքել ենք, այլև ստացել ենք դրական լուծում:

-Իսկ կոնկրետ Դուք քանի՞ դիմում եք ստացել:

-Երկու հարյուրից ավելի էլեկտրոնային դիմում, զանգերն էլ՝ շուրջ 2300: Ցավով պիտի արձանագրեմ, որ շատ հաճախ դիմում էին դատարանների հետ կապված հարցերով: Կոնկրետ դատարանում քննվող գործերի դեպքում միջամտելու լիազորություն, բնականաբար, մենք չունենք: Եվ այն դեպքերում երբ մենք որևէ լիազորություն ունեցել ենք, երբեք հետ չենք կանգնել: Խոսքն այն մասին է, որ արդարադատության նախարարությունը լիազորություն ունի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու: Իհարկե, սա չի նշանակում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկել, քանի որ այն արդեն արդարադատության խորհրդի լիազորությունների մեջ է: Սակայն վարույթ հարուցելը ևս կարող է ունենալ էական նշանակություն: Մենք փորձել ենք դիմել այդ քայլին, երբ բարձրացված խնդիրը հիմնավոր է եղել:

Ես, իհարկե, գիտակցում եմ,  որ դատարանների վերաբերյալ բողոքներն ունեն և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ:

Օբյեկտիվ պատճառ է դատարանների գերծանրաբեռնվածությունը: Երբ մենք խոսում ենք այնպիսի ծանրաբեռնվածության մասին, որն անխուսափելիորեն ազդելու է աշխատանքի որակի վրա, ուրեմն ունենք լուրջ խնդիր: Որպես սուբյեկտիվ պատճառ կարող ենք նշել այն, որ պարտվող կողմը չի կարող գոհ լինել արդյունքից: Սա նաև մեր իրավական մշակույթով է պայմանավորված:  ԱՄՆ-ում  երբ կայացվում է վճիռ, պարտվող կողմը չի ասում «Ակնհայտ անարդար վճիռ է կայացվել», եթե չունի հիմքեր:  Հաճախ քաղաքացիները զանգում, ասում են՝ անարդար վճիռ էր, սակայն որևէ հիմք, պատճառաբանություն չեն ներկայացնում:

Շատ դիմումներ ստացել եմ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿԾ) հետ կապված: Կարող եմ ասել, որ այս դեպքում գրեթե բոլոր բողոքներին դրական լուծում ենք տվել: Մեկ կարևոր խնդրի տրվեց  համակարգային լուծում` համաձայն ՀՀ վարչապետի հանձնարարականի, խոսքը sms-ի միջոցով համապատասխան ծանուցումների մասին է:

-Վարչապետի որոշմամբ ՝ ձեր կոնտակտային տվյալները հրապարակվեցին կոռուպցիայի դեմ պայքարի կոնտեքստում: Այս ուղղությամբ ի՞նչ աշխատանք է կատարվել:

-Կոնտակտային տվյալների հրապարակման գաղափարը, առհասարակ, հասարակության հետ հետադարձ կապի ապահովումն էր, իհարկե, նաև կոռուպցիայի դեմ պայքարը, ոլորտի խնդիրների վերհանումը:

Պետք է նշեմ, որ կոռուպցիայի վերաբերյալ որևէ առարկայական բողոք չենք ստացել: Ինչու՞: Կոռուպցիոն հանցագործությունները տարբերվում են մյուս հանցագործություններից իրենց գերլատենտային բնույթով, քանի որ գործարքի երկու կողմն էլ շարժառիթ չունի բարձրաձայնելու:

Մենք ունեցանք այսպիսի մի դեպք, երբ հարևանները անհանգստացած էին մեկ այլ հարևանի վարքագծով, բայց չէին ուզում, որ նա իմանար իրենց բողոքի մասին: Դիմել էին նաև պատկան մարմինների, սակայն խնդրին լուծում չէր տրվել: Սա դասական ազդարարի գործառույթն էր:

Ի՞նչ արեցի ես: Ես, առանց իրենց տվյալները հրապարակելու, բարձրաձայնեցի պատկան մարմիններին, և խնդրին տրվեց լուծում: Քաղաքացին եթե չի ուզում, որ իր տվյալները հրապարակվեն, բնականաբար, մենք չունենք իրավասություն այդ տվյալները հրապարակելու:

-Ի դեպ, ի՞նչ եք կարծում՝ արդյոք ազդարարների ինստիտուտը պետք է ներդրվի Հայաստանում:  

-Համոզված եմ, որ այո: Միանշանա՞կ կընկալվի մեր հասարակությունում. վստահ չեմ: Մենք շատ սիրում ենք բարձրաձայնել խնդիրների մասին, բայց  մակերեսային մակարդակով: Իսկ երբ արդեն առարկայական մասն է սկսվում, այդպես մենք ունենում ենք որոշակի դժվարություններ:

Պետք է լինեն երաշխիքներ՝ պաշտպանելու համար նրանց, ովքեր բարձրաձայնում են հանցագործության մասին՝ վտանգելով իրենց շահը:  Միաժամանակ պետք է հստակ  նախատեսված լինի սուտ մատնության համար քրեական պատասխանատվության գործիքակազմի լիարժեք իրացումը:

-Արամ, հե՞շտ հարմարվեցիք այս նոր աշխատավայրում: Արդյո՞ք անմիջապես աշխատում եք վարչապետի հետ:

-Իհարկե, նրա հետ անմիջապես աշխատանքը ենթադրվում է, այդպես էլ կա: Կարեն Կարապետյանը չափազանց ինտելեկտուալ, աշխատասեր, հայրենասեր, եռանդով, խստապահանջ, չափազանց  խստապահանջ ղեկավար է: Դա պետք է նշել, որ իր սահմանած նշաձողը բավականին բարձր է, պահանջները բավականին խիստ են և հստակ:

Եվ ենթադրվում է չափազանց երկար և նվիրումով աշխատանք: Կարճ ժամանակահատվածում այդ պահանջները կատարելն ուղղակի հնարավոր չէ: Ես առավոտյան 9-ին մեկնում եմ աշխատանքի և վերադառնում եմ, որպես կանոն, երեկոյան 9-ին կամ 9.30 կամ 10-ին: Միանաշանակ դժվար է՝ հաշվի առնելով, որ ես կարոտում եմ իմ ընտանիքին՝ ծնողներիս, կնոջս, իմ հրաշքին (երեխային,-հեղ.): Բայց մենք ունենք հստակ առաքելություն: Ինքս միշտ եղել եմ հայրենասեր, կամ և  կլինեմ: Ինձ համար Հայաստանի Հանրապետությունը աշխարահի ամենալավ երկիրն է և մեր հայրենիքը ամենամեծ բարիքն է, որ ունենք՝ չնայած ցանկացած խնդրի: Եվ փորձել անմիջականորեն մասնակցել մեր երկրի համար  դրական մի բան անելուն, դա և մեծ պատասխանատվություն է, և միաժամանակ հաճույք է:

Ես փոքր տարիքից եղել եմ շատ ակտիվ, էներգիայով լեցուն: Աշխատանքին զուգահեռ հասցրել եմ սովորել ասպիրանտուրայում, հստակ իրականացնելով իմ գիտական գործունեությունը, որն ինձ համար մի առանձին աշխարհ է: Հասցրել եմ նաև փաստաբանական դպրոցի ունկնդիր լինել, և այդ ամենը ես արել եմ հաճույքով: Ինձ ոչ ոք չի ստիպել այդ ամենը հասցնել: Հետևաբար, այս իսկապես ծանրաբեռնված աշխատանքը ևս ինձ համար հաճելի է:

-Իսկ հիմա գիտնականը մեռնու՞մ է կառավարությունում աշխատելու պատճառով:

-Այդպես չէի ասի: Վստահաբար կարող եմ ասել, որ մոտ ժամանակներս կրկին սկսելու եմ. հունվարին ունենք կարճ արձակուրդային շրջան: Մի քանի գիտական հոդվածներ ունեմ, որոնց 70-80 տոկոսը պատրաստ է և արձակուրդային շրջանում կհասցնեմ ավարտել: Իհարկե, ամենադժվարը միշտ այդ 20 տոկոսն է:

Այս շրջանում ֆիզիկապես չեմ հասցնում, դա փաստ է: Սակայն, ես ի սկզբանե այսպես էլ պատկերացնում էի այս աշխատանքը, անակնկալի չեմ եկել:

Նշածս այն  70 դիմումների մասին, որ  դրական լուծում ենք ունեցել, յուրաքանչյուրի համար մեծագույն ուրախություն եմ ապրել: Եվ այդ մեծ ձեռքբերում եմ համարում, որ ունեմ գոնե մեկ մարդու մատից փուշ հանելու բերկրանքը զգալու հնարավորություն: Այդ հնարավորության համար չափազանց շնորհակալ եմ Աստծուն, և Կարեն Կարապետյանին՝ վստահության համար:

-Այս նոր պաշտոնից հետո հեռու բարեկամները, ընկերները չե՞ն սկսել ավելի հաճախ հիշել Ձեզ:

-Ես այդքան էլ շատ բարեկամ չունեմ, բոլորի հետ մտերիմ եմ և այդ առումով փոփոխություն չեմ նկատել: Իմ ընկերները այնպիսին են, որ պաշտոնի կամ ցանկացած այլ փոփոխությունը մեր հարաբերությունների վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող: Դա պայմանավորված է մարդկային անկեղծությամբ, որը ես շատ եմ գնահատում: Բայց այն, որ դպրոցական կամ ուսանողական տարիների մարդիկ, որոնց հետ ես քիչ եմ կապ ունեցել, զանգահարում և շնորհավորում էին, դա ինձ համար անակնկալ էր:  Իհարկե, շնորհակալ եմ բոլոր անկեղծ շնորհավորանքների և մաղթանքների համար: Սակայն միևնույն ժամանակ մարդիկ հաճախ չեն տեսնում այն մեծ պատասխանատվության կողմը, որ ստանձնում ես: Կինս կարծում եմ դա շատ ավելի լավ է տեսնում:

Արևիկ –Երբ Արամին շնորհավորում էին, թե մտերիմները, թե մարդիկ, որոնց հետ հաճախ չենք շփվում, դա իհարկե հաճելի էր:  Հասկանում ես, որ մարդիկ ուրախանում են, հասկանում են, որ մի լավ բան ավել կարող ես անել: Բայց մեզ համար հենց առաջին իսկ պահից հասկանալի էր, որ շատ պատասխանատու աշխատանք է լինելու և մեր անձնական կյանքի մի մասը նվիրվելու է դրան: Եվ ամենակարևորը՝ այժմ պետք է փորձենք Արամին հնարավորինս չանհանգստացնել, նյարդերը պինդ պահել, տրամադրությունը չփչացնել,:

-Արդեն իսկ մի սկանդալ եղավ Ձեզ հետ կապված, երբ լրագրողը հարց էր տվել մի բանի մասին, սակայն բոլորովին այլ կոնտեքստում էր ներկայացվել: Ինչպե՞ս հաղթահարեցիք այդ խնդիրը:

-Սուտ կլինի ասել, որ շատ մեծ անտարբերությամբ էի այդ ամենին մոտենում: Ինձ համար զարմանալի էր: Կինս, ով աշխատանքի բնույթով  շատ ավելի շատ է լինում ուշադրության կենտրոնում, ավելի ըմբռնումով էր մոտնում: Ինձ համար անհասկանալի էր, տհաճ, ինչ-որ առումով վիրավորական: Բայց ասել, որ շատ եմ ազդվել,  ևս սուտ կլինի: Միաժամանակ ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր անտարբեր չանցան այդ ամենի կողքով և հանրությանը ողջ ճշմարտությունը ներկայացրեցին: Ես բախտավոր եմ՝  թե կինս, թե իմ ամենամտերիմ բարեկամներս, ընկերեներս տվեցին անհրաժեշտ խաղաղությունն ու հանգստությունը:

Արևիկ– Ես ունեի մի մտավախություն, որ հանկարծ Արամի մեջ չպակասի բարին, լավը ստեղծելու կրակը: Այո, կար բարկություն, բայց նույնիսկ կես քայլ հետ գնալու տրամադրություն չի եղել:

-Արևիկ, հե՞շտ է իրավաբանի հետ ապրելը:  Ձեր աշխատանքի, մասնագիտական բնագավառաները շատ տարբեր են:

Արևիկ-Իրավաբանի հետ ապրելը արդեն հեշտ է և շատ հետաքրքիր: Այ սկզբում շփվելը դժվար էր, որովհետև, ինչպես նշեցիք, մեր ոլորտները տարբեր են: Արամի համար միշտ շատ կարևոր է խոսքը, բովանդակությունը, ներկայացման ձևը: Մի քիչ կար այդ դժվարությունը, բայց այդ փուլերը վաղուց անցել էին, երբ մենք սկսեցինք ապրել միասին:

Ապրելը իրականում բավականին հաճելի է, նաև հեշտ: Արամը տղամարդ է, ով ունի որոշակի հստակ պահանջներ, և դրանցից այն կողմ շատ հեշտ է ամեն ինչ: Արամը չի խառնվի մի հարցի, որն իր հետ կապ չունի, իր ոլորտը չէ:

Արամ-Իրավական որոշակիությունը պահպանում եմ:

-Իսկ ի՞նչ պահանջների մասին է խոսքը:

Արևիկ-Օրինակ, շատ կարևոր է համեղ և ճիշտ պահին ուտելը: Շուտը վատ է, ուշը՝ շատ վատ է: Եվ Արամին չես կարող «խաբել» վատ ուտելիքով:

-Իսկ եթե պատահել է, որ վատ է ստացվել:

Արևիկ– Եղել է, որ շատ մեծահոգաբար լռել է: Երբեմն պարզապես չի կարողացել շարունակել: Սկզբանական շրջանում ես այնքան էլ լավ չէի պատրաստում: Իսկ հիմա, ինձ թվում է, որ սկսել եմ ավելի լավ պատրաստել ու ամեն օր եմ պատրաստվում:

Արամ-Չէ, ընդհանուր առմամբ, շատ համեղ է պատրաստում Արևիկը: Ես իմ կնոջից գոհ եմ: Մի առիթով ասել էի, որ Արևիկն ինձ համար իդելական կողակից է, և շարունակում եմ այդ կարծիքին մնալ: Ինքն ինձ համար շատ լավ ընկեր է, ես միշտ համարում եմ, որ իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը  (և դա իմ անձնական ձեռքբերումն է) Արևիկին գտնելն է: Այդ ամենի հետ մեկտեղ, նա ինձ պարգևել է ամենամեծ նվերներից մեկը՝ արու զավակ: Թեև ուզում եմ նշել, որ երբ երեխայի էինք սպասում, սեռը մեզ համար նշանակություն չի ունեցել: Մեզ համար սեռը կարևոր չէ, կարևորը լինի առողջ ու երջանիկ երեխա:

Մեր ընտանիքում երկու եղբայր ենք, ավագ եղբայրս նույնպես երկու տղա ունի: Արևիկի ընտանիքում երեք քույր են: Իմ նեղ կոմֆորտի տեսանկյունից՝ տղայի հետ հաղորդակցելը շատ ավելի հեշտ է: Բայցև կարծում եմ, որ ես, որպես դասական հայ մարդ, կնամեծար եմ:  Երբ Հայաստանի առաջին հանրապետությունում մենք ունեինք կանանց իրավունքների մասով պաշտպանվածություն, ընտրելու իրավունք էինք նախատեսել, բազմաթիվ ժամանակակից, ժողովրդավարական երկրներ նման մեխանիզմ չունեին:

Իհարկե, շատ եմ ուզում ունենալ շատ բալիկներ՝ աղջիկ, տղա: Տա Աստված:

-ԱՄՆ նորանշանակ նախագահ Թրամփն իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ հաջողության համար կարևոր է ճիշտ ընտանիքում ծնվելը: Դուք համաձա՞յն եք:   

-Եվ այո, և ոչ: Այո, քանի որ ընտանիքը առաջին աղբյուրն է, որտեղից ստանում ես գիտելիք, իմաստնություն, որտեղ ձևավորվում է արժեհամակարգդ, բայց ասել, որ դրանով է պայմանավորված անձի հաջողակ կամ անհաջողակ լինելը, կտրականապես համաձայն չեմ: Նախ, մենք գիտենք բազմաթիվ դեպքեր, երբ բավականին կրթված, գեղեցիկ ընտանիքից, նվիրյալ ծնողների երեխան անհաջողակ է լինում: Եվ գիտենք բազմաթիվ դեպքեր, երբ անձը միայնակ է ստեղծում իր ապագան՝ իր նվիրումով, նպատակասլացությամբ:

Իհարկե, ընտանիքը կարևոր, չափազանց կարևոր է: Եվ ես, որպես հայր, մտածում եմ, որ մենք պիտի ապահովենք խաղաղ, ջերմ, բարի մթնոլորտ, որ մեր երեխան դա մեզնից սովորի:

Ես ինքս կարող եմ ասել, որ իմ ձեռքբերումների, հաջողությունների մեջ շատ մեծ ներդրում ունեն ծնողներս: Սովորելու նկատմամբ իմ սերը եկել է մորիցս, հայրս գիտական աշխարհն է բացել ինձ համար: Առհասարակ, ամեն ինչի համար մենք բոլորս միշտ պետք է աշխարհի չափ շնորհակալ լինենք մեր ծնողներին:

-Իսկ Ամանորը ինչպե՞ս եք դիմավորելու:

-Ամանորը դիմավորելու ենք ընտանեկան միջավայրում՝ իմ ծնողների, Արևիկի ծնողների, եղբորս ընտանիքի հետ: Կարելի է ասել, սիրում ենք մեծ ընտանիքով հավաքվել: Դա ինձ համար ամենադրական, ջերմ ձևն է դիմավորելու: Կարծում եմ այդպես է նաև կնոջս համար:

Արևիկ-Տոները մեծ հնարավորություն են Արամի հետ երկար ժամանակ անցկացնելու համար, հանդիպելու լավ մարդկանց, դրական լիցքեր ստանալ միմյանցից, և ոչ մի ձևական այց՝ օրական մի քանի տուն:

Հարցազրույցը՝ Աստղիկ Կարապետյանի
Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել