Զավեշտ կարելի է համարել կանգառը չթույլատրող վայրում վճարովի ավտոկայանատեղի գծանշում անելը. փաստաբան Արփինե Եղիկյան

Իրավաբան.net-ի զրուցակիցն է փաստաբան Արփինե Եղիկյանը:

Ինչո՞վ առանձնացավ 2016թ. թվականը, ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:

– 2016 թվականն առանձնացավ գերլարվածությամբ, անցանկալի իրադարձություններով, անդառնալի կորուստներով ու բազմաթիվ փոփոխություններով: Ցավոք, մեր պետության ու հասարակության համար բացասականը գերակշռեց դրականին մի քանի անգամ: Ձեռքբերում եմ համարում փորձը՝ մասնագիտական որոշ հարցերում, որոնց նախկինում առիթ չի եղել առնչվելու, և կենսափորձը, որը պետք է ճիշտ արժևորել: Բացթողումներ ունենալու տպավորություն միշտ էլ լինում է, հատկապես երբ մարդ պահանջկոտ է ինքն իր նկատմամբ, որքան էլ որ բացթողումները կարող են պայմանավորված լինել օբյեկտիվ գործոններով: Հիմնական բացթողումը երբեմն վատնված ժամանակն է:

Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը (Ձեր ոլորտի):

– Դժվարանում եմ նշել անուններ, քանի որ մեր ոլորտում պրոֆեսիոնալները բազմաթիվ են, և առանձնացնելով մեկին՝ ստվերվում է մյուսների աշխատանքը:

Եթե առանձնացնենք փաստաբանական գործունեության ոլորտը, ապա միշտ չէ, որ պարտված դատական գործը պակաս պրոֆեսիոնալիզմի արդյունք է, կամ հակառակը: Սակայն հարկ է նշել, որ դատավորների և փաստաբանների պրոֆեսիոնալիզմը ունենում է փոխադարձ դրական ազդեցություն:

Կա՞յին զավեշտալի դատական գործեր և դատական, իրավական ակտեր:

– Իրավակիրառ պրակտիկայում զավեշտները հաճախ են հանդիպում: Զավեշտ կարելի է համարել, օրինակ, կանգառը չթույլատրող վայրում վճարովի ավտոկայանատեղի գծանշում անելը, այդ գծանշված վայրում կայանելու համար վարչական պատասխանատվության ենթարկելը:

Այս տարվա ընթացքում ի՞նչը Ձեզ ամենից շատ զարմացրեց դատաիրավական համակարգում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն):

– Զարմանալի չանվանենք, բայց հիշարժան եմ համարում կոռուպցիայի դեմ պայքարի գործիքներ ստեղծելուն ուղղված քայլերը, մասնավորապես՝ ապօրինի հարստացման քրեականացումը: Հուսով եմ՝ արդյունքը մեր հասարակության համար տեսանելի կլինի:

Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:

– Անցնենք երևակայական ոլորտ: Ձմեռ պապի համար կստեղծեի նոր պաշտոն՝ արդարամտության երաշխավոր, որպեսզի յուրաքանչյուր անձի՝ լինի պաշտոնատար անձ, բժիշկ, ուսուցիչ թե այլ, գիտակցության մեջ ապահովեր արդար ու պատասխանատվությամբ գործելու ներքին մղումը: Միշտ չէ, որ օրենքները համապատասխանում են բնական օրենքներին, և միշտ չէ, որ գործող օրենքները կիրառվում են արդարացիությամբ: Յուրաքանչյուրի՝ արդարամտությամբ գործելու դեպքում իրավական ակտերը կլինեն առավել արդարացի և կկիրառվեն բոլորի համար նույն ձևով. Արդյունքում կստեղծվի արդար ու ապահով միջավայր, որի դեպքում միայն մարդը կարող է զգալ իրեն լիարժեք և արարել:

Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

– Ամանորն ինձ համար մնում է ընտանեկան տոն: Ամանորի և Սուրբ ծննդյան տոները նշում ենք ընտանեկան միջավայրում՝ հարազատ մարդկանց մասնակցությամբ:

Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:

– Հարցը շատ դիպուկ է ձևակերպված. այո, այդ դերում «հայտնվում եմ», այլ ոչ թե կրում ողջ պատասխանատվությունը. ինձ բաժին են հասնում ուտեստների պատրաստման ամենաթեթև գործերը:

Ի՞նչ ակնկալիքներ կան 2017-ից:

– Ակնկալում եմ, որ 2017թ. կլինի դրական և բովանդակային փոփոխությունների տարի:

Ի՞նչ եք խնդրել Ձմեռ պապիկից:

– Ձմեռ պապիկից խնդրել եմ խաղաղություն և առողջություն բոլորին:

Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ, որ հայ ընտանիքներում միշտ լինի խաղաղություն, հոգեկան անդորր, սեր և բարեկեցություն, որ գալիք տարին ամփոփելիս չունենանք կորուստներ և արձանագրենք մեր պետության ու հասարակության համար տեսանելի առաջընթաց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել