Ո՞րն է փաստաբան Լիանա Բալյանի ամենասիրած պահը Ամանորին

Իրավաբան.net կայքի զրուցակիցն է փաստաբան Լիանա Բալյանի հետ:

– Ինչո՞վ առանձնացավ 2016թ. թվականը, ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:

– 2016 թվականը առանձնացավ նրանով, որ այս տարի սկսեցի հաղթանակով և ավարտեցի հաղթանակով. 2016 թվականի դեկտեմբերի 28-ին ես կրկին հաղթանակ տարա, այս անգամ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր՝ Կ. Ֆարխոյանի) իմ պաշտպանյալ Սևակ Բալաբեկյանի նկատմամբ  որոշում կայացրեց խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին: Ս. Բալաբեկյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Ես  անկեղծ ուրախացա, իսկապես սա համարում եմ շատ մեծ ձեռք բերում, որովհետև իմ պաշտպանյալը նոր տարին կդիմավորի ոչ թէ կալանավայրում այլ իր ընտանիքի և մանկահասակ երեխաների հետ միասին»     Զինված հանցախմբի գործով ապրիլ ամսին  Ազգային անվտանգության ծառայությունը ազատ արձակեց   ազատամարտիկ  Աղասի Մարտիրոսյանին և դա այն ժամանակ, որ Հայաստանում սկսվել էր ապրիլյան պատերազմը:

–  Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը (Ձեր ոլորտի):

– Այս տարի այնքան պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած փաստաբաններ կան, որ արդեն չեմ կարող բոլորի անունները թվարկել, որովհետև համարյա ամեն օր  մեր փաստաբանները ունեն հաղթանակներ, շատ էին արդարացման դատավճիռները:

–  Այս տարվա ընթացքում ի՞նչը Ձեզ ամենից շատ զարմացրեց դատաիրավական համակարգում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն):

Այս տարեվերջում  ինձ շատ  զարմացրեց         դատախազի   վարքագիծը (փաստաբանի նկատմամբ հարձակում, վիրավորում), որը նա թույլ էր տվել մեր փաստաբանների     նկատմամբ: 15.12.2016 թվականին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, որի անդամն եմ նաև ես հանդես եկանք դատապարտող հայտարարությամբ ակընկալելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունում և այլ պատկան մարմիններում քննություն կկատարվի և իրավական գնահատական կտրվի դատախազի  արարքներին:

–  Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:

– Եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան ես նրան կտայի դատավորի պաշտոն, որպեսզի կայացներ ճիշտ և արդարացի դատավճիռներ:

– Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

– Ես Ամանորի և Սուրբ ծննդյան օրերը նշում եմ միմիայն իմ ընտանիքի հետ միասին: Չեմ սիրում Հայաստանից դուրս օտար վայրում նշելը: Նոր տարին իմ կարծիքով ընտանեկան տոն է, այն պահը, որ քո ընտանիքի անդամները ժամը 12:00-ին շնորհավորում են   միմյանց և  անհամբեր  բացում  նվերները, ուրախանում  ու անհամբեր սպասում թէ ով է առաջինը  բացելու քո տան դուռը և հյուրասիրվելու քո իսկ պատրաստած համեղ ուտելիքներով վեր է ամեն ինչից ու իմ համար շատ արժեքավոր ու երջանիկ  պահեր են:

– Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:

– Ամանորի կապակցությամբ իմ ամենասիրած պահը դեկտեմբերի 31-ին թփով տոլմա պատրաստելն է ու իմիջիայլոց ասեմ, որ մեր տուն եկող հյուրերը բոլորն էլ հավանում են իմ պատրաստած հայկական ավանդական թփով տոլման:

Ի՞նչ ակնկալիքներ կան 2017-ից:

– Ես 2017 թվականից ակնկալում եմ, որ   Ժողովրդի վստահությունը մեծանա դատական համակարգի նկատմամբ, չի լինի կոռուպցիա ,հստակ  կգործեն օրենքները, բոլորը հավասար լինեն օրենքի առջև, պաշտպանված լինեն , կհրապարակվեն միմիայն արդար վճիռներ, իսկ խափանման միջոց կալանքները կիրառվեն միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում:

– Ի՞նչ եք խնդրել Ձմեռ պապիկից:

– Ես Ձմեռ պապիկից խնդրել եմ, որ  խաղաղություն լինի  մեր երկրի համար, մարդիկ միշտ ուրախ լինեն ու ապրեն երջանիկ:

Գ.Թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել