Ի՞նչն է ամենաշատը զայրացրել տարվա ընթացքում փաստաբան Դավիթ Ասատրյանին

Իրավաբան.net կայքի զրուցակիցն է փաստաբան Դավիթ Ասատրյանը:

– Ինչո՞վ առանձնացավ 2016թ. թվականը, ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:

– Մասնագիտական առումով 2016 թվականը առանձնացավ հատկապես ծանրաբեռնվածության առումով: Այս տարի ունեցանք պետական մարմինների դեմ ավելի քան 300 դատական գործեր: Ծանրաբեռնվածությունը շատ էր, սակայն նաև արդյունավետ, քանի որ դատական գործերի արդյունքում ձևավորվեց մի շարք իրավական խնդիրներով դատական պրակտիկա և շատ քաղաքացիներ կարողացան վերականգնել իրենց խախտված իրավունքները: Այս տարի նաև ունենք 3 դատական գործերով վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունված գործեր, որոնք, համոզված եմ, օրենքի միատեսակ կիրառության համար անհրաժեշտ կլինեն:

-Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը (Ձեր ոլորտի):

– Դժվար է առանձնացնել իրավական ոլորտում որևէ մասնագետի, քանի որ ոլորտում առկա են բազմաթիվ անձինք, ովքեր իրենց մասնագիտական պարտականությունները կատարելով ներդնում են մեծ ավանդ Հայաստանի Հանրապետությանը, որպես իրավական պետություն դարձնելու ճանապարհին: Կարելի է նշել փաստաբան Միհրան Աղաբաբյանի իրավական ոլորտում կատարած նվիրյալ աշխատանքը, որը շատ հաճախ դրսևորվում էր իրավական խնդիրների լուծմանն ուղղված համալիր արդյունավետությամբ, այդ թվում բազմաթիվ դատական գործերով հաղթանակներով:

-Կա՞յին զավեշտալի դատական գործեր և իրավական ակտեր:

– Դատական գործերից մեկով, դատարանը համարելով գործը ավարտված անցել էր վճռի հրապարակման, այնուհետև վճռի հրապարակման օրը որոշել էր գործը վերսկսել: Այդ օրը դատարանը այնուհետև որոշեց գործը կարճել, իսկ որպես գործը կարճման հիմք նշել է, որ Հայցվորը, այսինքն ես, հրաժարվել եմ հայցից: Իհարկե, հետագայում այդ որոշումը բեկանվեց, սակայն ինձ խիստ զարմացրեց:

-Այս տարվա ընթացքում ի՞նչը Ձեզ ամենից շատ զարմացրեց դատաիրավական համակարգում:

– Կարելի է հիշատակել ՀՕ-238-Ն օրենքի փոփոխությունը, որը հնարավորություն է տալիս ճանապարհային ոստիկանությանը վարչական տույժ նշանակելու ընդհանուր ժամկետները չպահպանել: Եվ, ընդհանրապես, 2016թ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ճյուղերը հիշատակված ոլորտում կատարել են նաև այլ փոփոխություններ, որոնք ի վնաս քաղաքացիների են: Երբեմն զարմացնում է պետական մակարդակով այդպիսի ուշադրություն այդ ոլորտին, օրինակ այդպիսին չէ հարկերի հետ կապված հարաբերությունները, որը իրականում պետության գոյության միակ միջոցներից է: Փաստորեն, վարորդից տուգանքի գումարը գանձելը ավելի կարևոր է պետության համար, քան հարկատուներից հարկերի գանձումը պետական բյուջե:

-Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:

– Ձմեռ պապը իր հեքիաթային բնույթով կարող է հավակնել տարբեր պաշտոնների, սակայն, կարծում եմ, Ձմեռ պապը կարող հավակնել հաշտարարի պաշտոնին: Վեճ ունեցող անձանց նվերներով կարելի է համոզել:

– Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները

– Տոների նկատմամբ շատ ավելի զուսպ եմ և հիմնականում այդ օրերը օգտագործում եմ աշխատանքները պլանավորելու, նոր ծրագրեր և նոր նպատակներ կառուցելու ուղղությամբ:

– Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:

– Ժամանակի սղության պատճառով ոչ այնքան հաճախ, սակայն անհրաժեշտության դեպքում հաճույքով եմ աջակցում: Հատկապես գնումների հետ կապված հարցերում փորձում հնարավորինս անձնական մասնակցություն ունենալ:

– Ի՞նչ ակնկալիքներ կան 2017-ից: -Ի՞նչ եք խնդրել Ձմեռ պապիկից

– Ցանկանում եմ 2017 թվականին խաղաղություն լինի, որպեսզի Հայաստանի սահմանները լինեն խաղաղ, իսկ Հայաստանի սահմանների ներսում հռչակված և գործնական կիրառության ենթարկված լինեն մարդկանց իրավունքները և ազատությունները երաշխավորող նորմերը, գործի օրենքի գերակայություն, արդյունքում կունենաք բազմաթիվ դրական իրավական, տնտեսական և սոցիալական փոփոխություններ:

Գ.Թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել