ԱՄՆ ՄԶԳ-ն օգնել է հարկային վարչարարության ոլորտում զգալի բարելավումներ իրականացնել

Վերջին տարիների ընթացքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) սերտորեն աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության հետ` բարեփոխելու Հայաստանի հարկային կանոնակարգերն ու վարչարարությունը` ոլորտում թափանցիկության բարձրացման միտումով: Քառամյա արդյունավետ աշխատանքից հետո ավարտին է մոտենում ԱՄՆ ՄԶԳ-ի Հարկային բարեփոխումների ծրագիրը: Այս մասին հաղորդում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից՝ հավելելով, որ այն մեկնարկել էր 2012 թվականին և ուղղված էր Հայաստանի հարկային ենթակառուցվածքի արդիականացմանը` բիզնեսներին ավելի որակյալ ու արդյունավետ ծառայություններ մատուցելու և օտարերկրյա ներդրումների համար Հայաստանն ավելի գրավիչ դարձնելու նպատակով:

«Կարծում ենք, որ ՀՀ Ֆինանսների նախարարության, բիզնես համայնքի և դոնորների հետ համագործակցության արդյունքում ամուր հիմնաքար ենք ստեղծել Հայաստանի հարկատուների կարիքներին արձագանքելու համար»,- ասել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության Կայուն զարգացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար` Ջեֆրի Փարեչանը:

Հարկային բարեփոխումների ծրագրի միջոցով ԱՄՆ ՄԶԳ-ն օգնեց հարկային վարչարարության ոլորտում զգալի բարելավումներ իրականացնել, ներառյալ Պետական եկամուտների կոմիտեի ՏՏ համակարգի արդիականացումը:  Անցյալում հարկ վճարողները փոստով էին ներկայացնում իրենց հարկային հայտարարագրերը,  իսկ տեղեկությունները համակարգ էին ներմուծվում անձամբ հարկային մարմնի աշխատակցի կողմից:  Ֆինանսների նախարարության` հարկային վարչարարության էլեկտրոնային համակարգի արդիականացման շնորհիվ այժմ էլեկտրոնային հաշվետվություն են ներկայացնում հարկատուների 96 տոկոսը, ինչը զգալի աճ է 2011 թվականի 7 տոկոսի համեմատ: Արդյունքում հարկային գործառնությունները դարձել են ավելի թափանցիկ և նվազել են խարդախության ու կոռուպցիայի հնարավորությունները:  ԱՄՆ ՄԶԳ ծրագրի շնորհիվ զգալիորեն կրճատվել է նաև հարկային պարտավորությունների կատարման վրա բիզնեսների ծախսած ժամանակը` 2009-2016 թթ. ժամանակահատվածում նվազելով 38 տոկոսով:  Բացի այդ, 2010-2016 թթ. ընթացքում աուդիտների թիվը նվազել է 40 տոկոսով:

Հարկային բարեփոխումների ծրագրի միջոցով ԱՄՆ ՄԶԳ-ն նաև օգնեց բարելավել հարկ վճարողների 16 սպասարկման կենտրոնների կարողությունները, մշակել Հարկային տեղեկատվական հարթակ-կայքէջ (www.taxnet.am) և ստեղծել պատշաճ զանգերի կենտրոն, որն այժմ ստանում է օրեկան 1500-ից ավել հեռախոսազանգ:

Այս և այլ ձեռքբերումների շնորհիվ Հայաստանը կարողացավ 32 քայլ առաջընթաց արձանագրել Համաշխարհային Բանկի Doing Business 2015թ. զեկույցի «Հարկերի դյուրին վճարում» ցուցանիշում: Ուսումնասիրվող 189 երկրների շարքում Հայաստանը 2013 թվականի 73-րդ սանդղակից 2014 թվականին բարձրացավ մինչև 41-րդը:

Ծրագրի մեկ այլ բացառիկ  ձեռքբերում է Հարկային խորհրդի ստեղծումը, որը պետական կառույցների և գործարար համայնքի համար ուրույն հարթակ է հանդիսանում հարկային հարցեր քննարկելու համար:  Հարկային խորհրդի կազմում են Ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, բիզնեսների, մասնագիտական ասոցիացիաների, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի, հասարակական կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:  Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքով` «[Հարկային բարեփոխումների] ծրագիրը հեղափոխական, աննախադեպ համագործակցության արդյունք է: ԱՄՆ ՄԶԳ-ի շնորհիվ ստեղծվեց մի նոր մշակույթ, որտեղ բիզնես համայնքը երկխոսության լիիրավ անդամ է: Այս մշակույթն իրոք հիմք է հանդիսանում, որպեսզի մեր` պետություն-մասնավոր հատված երկխոսությունը որակապես նոր արդյունքներ ձեռք բերի մոտակա տարիների ընթացքում:»

Հարկային բարեփոխումների ծրագիրը ԱՄՆ ՄԶԳ-ի բազմաթիվ ջանքերից է՝ ուղղված Հայաստանի բիզնես միջավայրի բարելավմանը, տնտեսական աճի խթանմանը և օտարերկրյա ներդրումների գրավմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել