Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը փոխվում է. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի առաջարկներն ընդունվեցին

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը փոխվում է: Այսօր կառավարության նիստին նոր որոշում ընդունվեց:

Գործադիրում ի վերջո խոստովանում են՝ համապատասխան որոշումը, որն պետք է կարգավորեր այս խորհրդի գործունեությունը թերի է և ոչ լիարժեք: Մասնավորապես կառավարության նոր որոշման հիմնավորումների մեջ ասվում է. «Սահմանվել է, որ Խորհրդի կազմում ընդգրկվում են նաև 2 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սակայն Խորհրդի ստեղծման պահից դեռևս ոչ մի հասարակական կազմակերպություն չի անդամակցել վերջինիս: Չանդամակցելու պատճառներ են հանդիսանում հասարակական կազմակերպություններին ներկայացվող խիստ չափանիշները, հասարակական կազմակերպությունների թվաքանակի հետ կապված խնդիրները»:

Նշենք, որ այս մասին մշտապես բարձրաձայնել է Իրավաբանների հայկական ասոցիացիան և ՔՀԿ-ներ հակակոռուպցիոն կոալիցիան: Այսօր կառավարությանը ներկայացնելով նախագիծը՝ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ գերատեսչությունը կատարել է որոշակի փոփոխություններ, որոնք համաձայնեցվել են քաղհասարակության ներկայացուցիչների հետ. «Առաջարկում ենք ավելացնել ՔՀԿ ներկայացուցիչների թիվը, 2-ի փոխարեն դարձնել 4-ը, ընդ որում՝ ներառել այնպիսի ՔՀԿ-ներ, որոնք բիզնես ոլորտի կազմակերպություններ են, ներառել նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայից մեկ ներկայացուցիչ: Բացի այդ, ներառվելու է նաև ՄԻՊ-ը, ավելի են մեղմացվել ՀԿ-ների ընդգրկման պահանջները»:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե խորհրդի ընդհանուր կազմը քանի՞ հոգի է դառնում, նախարարը ասաց, որ դժվար է հստակ թիվ նշել այս պահին, քանի որ ԱԺ-ից կան ներկայացուցիչներ, որոնք դեռ չեն հաստատել իրենց մասնակցությունը, նա նաև մանրամասնեց հասարակական կազմակերպությունները 5-ն են, իսկ պետական մարմինները մոտ 10-ը:

«Վերջը կառավարելի խորհո՞ւրդ է դառնում»,- եղավ վարչապետի հարցը, ինչին ի պատասխան նախարարը ասաց. «Հարաբերականորեն՝ այո», իսկ Կարեն Կարապետյանը հստակեցրեց հարցն՝ ասելով, որ նկատի ունի՝ աշխատելո՞ւ է այն ավելի արդյունավետ, թե՝ ոչ. «Աշխատելու տեսանկյունից արդյունավետ է»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ այս որոշման դեմ նախորդ կառավարության, մասնավորապես Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի պաշտոնավարման ընթացքում մեծ դժգոհություններ առաջացան, քաղաքացիական հասարակությունը բոյկոտեց խորհրդի մասնակցությունը՝ պատճառաբանելով, որ կազմում 2 ՀԿ ներկայացուցիչները բավական չեն արդյունավետությունն ապահովելու համար, այդ ժամանակ նախարար Մանուկյանը կարծում էր, որ բոյկոտը նույնպես պայքարի ձև է:

Այսօր կառավարությունը ամբողջությամբ ընդունել է քաղաքացիական հասարակության, մասնավորապես Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի առաջարկները:

Նշենք նաև, որ խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ընտրության չափորոշիչները նույնպես փոխվել են Իրավաբանների հայկական ասոցիացիայի և ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի առաջարկով, ամրագրվել է հետևյալը.

« 7. Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել այն հասարակական կազմակերպությունները, որոնք`

1) ունեն հակակոռուպցիոն ոլորտի ՝վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա գործունեության փորձ.

2) որոնց կանոնադրությամբ ամրագրված է հակակոռուպցիոն գործունեությամբ զբաղվելը .

3) ունեն միջազգային կազմակերպությունների հետ հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության փորձ.

4) կներկայացնեն միջազգային կառույցների հետ և (կամ) սեփական նախաձեռնությամբ հակակոռուպցիոն ոլորտին վերաբերող առնվազն 2 իրականացված ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն.

5) կներկայացնեն միջազգային կառույցների հետ իրականացված ծրագրերի արդյունավետության վերաբերյալ գործընկեր կազմակերպության դրական եզրակացություն (գնահատական):»

Իրավաբան.net

  Դիտվել է`