Երկու մեղադրյալի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը

Հուլիսի 20-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում դադարեցվել է երկու մեղադրայլների նկատմամբ հարուցված  քրեական հետապնդումը:

2016թ. հուլիսի 20-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մովսես Խորենացու և Քրիստափորի փողոցների խաչմերուկում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որի ժամանակ մասնակիցները բռնություն են գործադրել տվյալ հատվածում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ՝ ոտքերով, ձեռքերով, տարատեսակ առարկաներով հարվածներ են հասցրել նրանց, քարեր ու այլ առարկաներ նետել նրանց ուղղությամբ, ինչպես նաև՝ վնասել վերջիններիս գույքը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, որի նախաքննությունը, ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ, իրականացվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ անկարգության մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Նախնական քննության տվյալների հիման վրա՝ քրեական գործով, ի թիվս այլ անձանց, որպես մեղադրյալներ էին ներգրավվել նաեև քաղաքացիներ Ա.Վարդանյանը և Լ.Ասլանյանը։  ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվել են իրականացվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտման  ուղղությամբ, որի արդյունքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին նրանց մեղսակցությունը հիմնավորող բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել, և վարույթն իրականացնող մարմինը 2016թ. դեկտեմբերի 27-ին որոշումներ է կայացրել՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադադարեցնելու և նրանց մասով վարույթը կարճելու մասին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել