Սպանություն` զուգորդված ավազակային հարձակմամբ. հայտնաբերում 21 տարի անց

Սպանությունը, զուգորդված ավազակային հարձակմամբ, կատարվել է 21 տարի առաջ՝ 1995 թվականի հունվարի 26-ին:
Հունվարի 26-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գեորգի Սաֆարյանը, նախապես համաձայնության գալով Արթուր Թադեւոսյանի, Արմեն Պետրոսյանի եւ քրեական գործով չպարզված ոմն Արտաշի հետ, մտել էին Հայկ Ա.-ին պատկանող՝ Երեւանի Կոմիտասի պողոտայում գտնվող բնակարան՝ նպատակ ունենալով սպանել տանտիրոջն ու տիրանալ գույքին:
Բնակարանում ապագա տուժողին մատուցվել էր նախապես թունավորված գարեջուր, որը խմելուց հետո Հայկ Ա.-ն քնել էր: Մետաղալարով Հայկ Ա.-ին խեղդամահ անելուց հետո եռյակը բնակարանից հափշտակել է տարաբնույթ իրեր եւ դիմել փախուստի:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8 եւ 11 կետերով, եւ 185 հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3, 4 կետերով:
Գեորգի Սաֆարյանին հայտնաբերել չհաջողվեց. նա հասցրել էր հեռանալ հանրապետությունից: Նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում:
Հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում էին: Ու հետախուզական միջոցառումների արդյունքում՝ հանցագործությունից համարյա քառորդ դար անց Գեորգի Սաֆարյանը կանգնեց քրեական պատասխանատվության ենթարկվելու առջեւ:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի միջոցով նույնականացման աշխատանքներ իրականացվեցին եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության գլխավոր վարչության հետ համատեղ ձեռնարկված ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում՝ 2015 թվականի ապրիլի 13-ին Գեորգի Սաֆարյանը հայտնաբերվեց ՌԴ Կեմերովոյի մարզի Նովոկուզնեցկ քաղաքում ու ձերբակալվեց, իսկ 2016 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ աշխատակիցների կողմից տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն:
Նախկինում կատարված հանցագործությունների բացահայտմամբ ոստիկանությունը վերստին փաստում է, որ անպատժելիությունը միֆ է. հանցանքին միշտ հետամուտ է պատիժը, եթե նույնիսկ այն ինչ-ինչ հանգամանքներով հետաձգվում է: Արդարադատության վերականգնումը ոստիկանության թիվ մեկ գործառույթներից է՝ ժամանակային շրջանակներով չսահմանափակվող գործառույթ ու պարտականություն, ինչի իրագործումը ապացուցվեց հերթական անգամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել