Ավանդի գումարի տոկոսների տրամադրման կարգը քաղաքացիներին

Բանկն ավանդատուին ավանդի գումարից տոկոսներ է վճարում բանկային ավանդի պայմանագրով որոշված չափով:

Պայմանագրում վճարվելիք տոկոսների չափի մասին պայմանի բացակայության դեպքում բանկը պարտավոր է տոկոսներ վճարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի 1-ին կետին համապատասխան չափով, որի մասին խոսվում է ստորև:

Բանկն իրավունք ունի փոփոխել ցպահանջ ավանդների համար վճարվող տոկոսների չափը, եթե այլ բան նախատեսված չէ բանկային ավանդի պայմանագրով:

Բանկի կողմից ցպահանջ ավանդների համար վճարվող տոկոսների չափը նվազեցնելու դեպքում տոկոսների նոր չափը կիրառվում է մինչև ավանդատուին տոկոսները նվազեցնելու մասին հաղորդումը ներդրված ավանդների նկատմամբ` համապատասխան հաղորդման օրվանից մեկ ամիս անցնելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Բանկային ավանդի պայմանագրով որոշված այն ավանդի համար տոկոսների չափը, որը քաղաքացին ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, բանկը չի կարող միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Իրավաբանական անձի հետ բանկի կնքած պայմանագրով սահմանված այդպիսի բանկային ավանդի տոկոսների չափը չի կարող միակողմանի փոփոխվել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածի 1-ի համաձայն`

1. Ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների: Սույն կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա սույն կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում:
Սույն կետով նախատեսված տոկոսները չեն հաշվարկվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածով հաշվարկված տուժանքի, 410-րդ հոդվածով հաշվարկված վնասների և տուժանքի և նկատմամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել