Հաստատվել է Երևան քաղաքի 2017թ. բյուջեն և զարգացման ծրագիրը

Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 4-րդ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկվել և քվեարկությամբ հաստատվել է Երևան քաղաքի 2017թ. բյուջեն: Նախագիծը ներկայացնող Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հատկանշել է, որ հաջորդ տարվա բյուջեն կազմելիս հաշվի է առնվել, որ 2017 թվականը քառամյա ծրագրի եզրափակիչ տարի է ու, ըստ այդմ, բյուջեի ծախսերը՝ իրենց ուղղվածությամբ և ծավալներով, նպատակ ունեն ապահովելու ծրագրի ամբողջական կատարումը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այդպիսով, 2017 թվականի բյուջեի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 84 մլրդ 344 մլն 931 հազար դրամի չափով, ինչը շուրջ 11.4%-ով ավելի է 2016թ. բյուջեով կանխատեսածից: Ծրագրված եկամուտները շուրջ 10.2%-ով գերազանցում են 2015թ. փաստացի հավաքագրված եկամուտներին: Ընդ որում, նախագծով նախատեսված ընդհանուր եկամուտների ծավալում սեփական եկամուտները 2015թ. սեփական եկամուտների փաստացի կատարողականից ավելի են շուրջ 8% ով:
2017թ. բյուջեի ծախսերի ծավալը ծրագրվել է 84 մլրդ 412 մլն 931.5 հազար դրամի չափով, որի շուրջ 95%-ը բաժին է ընկնում վարչական բյուջեին: Ծախսերի ծավալների ավելի քան 36.1%-ը բաժին է ընկնում սոցիալական բնագավառին:

Ավագանին քննարկել և հաստատել է նաև Երևան քաղաքի 2017թ. զարգացման ծրագիրը, որը, ինչպես նշել է հարցը ներկայացնող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, կազմվել է հիմք ընդունելով Երևանի զարգացման 2014-2017թթ. քառամյա ծրագրի գերակայությունները և առկա հիմնախնդիրները։

Ծրագրում որպես առաջնահերթություն դիտարկվել է մայրաքաղաքում բարեկարգ և հարմարավետ միջավայրի ապահովումը ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար: Այս համատեքստում մասնավորապես կարևորվել է հանգստի գոտիների ստեղծումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի և բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձևավորումը, հարմարավետ և անվտանգ տեղաշարժի ապահովումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել