Նոր համաձայնագրով նախատեսվում է բաց և անարգել մուտքի երկկողմանի իրավունք 36 անդամ երկրների ավիացիոն շուկա. Վահան Մարտիրոսյան

2016թ. դեկտեմբերի 7-ին ԵՏՄ տրանսպորտի նախարարների խորհրդակցությունում քննարկվել է անդամ–պետություններում «կաբոտաժային փոխադրումների» իրականացման ընթացքը: Ծրագիրը հնարավորություն կտա ՀՀ փոխադրողներին անդամ–պետությունների տարածքում հիմնական փոխադրումն ավարտելուց հետո իրականացնել մեկ «կաբոտաժային փոխադրում» հետադարձ ուղղությամբ: Դա կընդլայնի ԵՏՄ տարածքում միջպետական բեռնափոխադրումների շրջանակը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ևս արդեն կան գրանցված ձեռքբերումներ: Մեկնարկել են ՏՀՏ ոլորտի խթանման նպատակով օրենսդրական բարեփոխումների փաթեթի մշակման աշխատանքները: Այս մասին դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

«Մեր խնդիրն է ՏՀՏ մասնավոր հատվածի համար ստեղծել լավագույն պայմանները` իրենց հավակնոտ գաղափարները իրագործելու համար: Նրանց հարկային արտոնություններ տալը քայլերից մեկն է»,-նշեց Վահան Մարտիրոսյանը:

Որպես ոլորտի զարգացմանն ուղղված մեկնարկային քայլ` նախարարն ընդգծեց «Նեյշնլ-Ինստրումենտս» ընկերության հետ ստորագրված «Ինժեներական քաղաք» ծրագրի մեկնարկի վերաբերյալ հուշագիրը։

«Այս ծրագիրը պետական մասնավոր համագործակցություն է` ուղղված Հայաստանը տարածաշրջանում ինժեներական գիտահետազոտական բացառիկ կենտրոն դարձնելուն»,- ասաց նախարարը:

2016թ-ի ընթացքում հաստատվել է ԵՄ-ՀՀ ընդհանուր ավիացիոն գոտուն Հայաստանի Հանրապետության միանալու բանակցությունների մանդատը: Համաձայնագրով նախատեսվում է բաց և անարգել մուտքի երկկողմանի իրավունք 36 անդամ երկրների ավիացիոն շուկա:
«ԵՄ ցանկացած երկրում գրանցված ավիաընկերություն կկարողանա ԵՄ անդամ մեկ այլ երկրի տարածքից չվերթեր իրականացնել դեպի Հայաստան` առանց տվյալ երկրների ավիացիոն իշխանությունների լրացուցիչ թույլտվության: ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի կնքումը նաև ԵՄ-ում գործող բյուջետային ավիաընկերություններին հնարավորություն կտա անարգել չվերթ իրականացնել դեպի Հայաստան»,- մեկնաբանեց Վահան Մարտիրոսյանը:

Անդրադառնալով աշխատանքի թափանցիկությանը՝ նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ նախարարությունում գործում են և կայքում հրապարակված են «թեժ գծերի» հեռախոսահամարները: «Թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով 2016թ. նոյեմբերին ստացվել է շուրջ 3500 հեռախոսազանգ: Քաղաքացիները օպերատիվ տեղեկացել են հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների իրավիճակին, մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնելու լիցենզավորման գործընթացին, ինչպես նաև իրենց գրությունների և նամակների ընթացքին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել