Տեխզննման կտրոնները կվերանան և կներդրվի էլեկտրոնային համակարգ. Տրանպսրոտի նախարար

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց նախարարության 2016 թվականի և իր պաշտոնավարման 3 ամսվա գործունեության արդյունքները:

Խոսելով ճանապարհաշինության ոլորտի մասին, նախարարն անդրադարձավ 2016 թվականի ընթացքում պետբյուջեի հատկացումներով և վարկային միջոցներով ֆինանսավորված հիմնանորոգման և ընթացիկ ճանապարհաշինական աշխատանքներին:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» շարունակվում է բնականոն հունով: Արդեն ավարտված և շահագործման հանձնված Տրանշ 1-ի՝ Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ հատվածներում անցած եռամսյակում շարունակվել են 9 ուղեանցի կառուցման և 1 կամրջի վերականգնման աշխատանքները: Աշտարակ-Թալին ճանապարհահատվածում կատարվել են հողային, ճանապարհի լայնացման և 15կմ շրջանցիկ հատվածի կառուցման աշխատանքներ: Եղանակային ոչ բավարար պայմանների պատճառով այս պահի դրությամբ դադարեցված են սեպտեմբերի 30-ին մեկնարկած բետոնե ծածկի տեղադրման աշխատանքները: Թալին-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում կատարվել են հողային և ճանապարհային ծածկի լայնացման աշխատանքներ: Մշակվել է Սիսիանից Քաջարան ճանապարհահատվածի ներդրումային ծրագիրը: Նախատեսվում է ներգրավել մասնավոր ներդրողների:

Շարունակվում է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրը:

«Սեպտեմբերի կեսից աշխատանքները մեկնարկել են ու ընթանում են պլանի գերակատարմամբ: Չնայած եղանակային պայմաններին, հիմա էլ շարունակվում են շինարարական աշխատանքները»,- նշեց նախարարը:

Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» վարկային ծրագրով և պետբյուջեի միջոցներով 2016թ. համար նախատեսված բոլոր աշխատանքներն ավարտվել են ամբողջությամբ:

ՀՀ նախագահի և Վրաստանի վարչապետի մասնակցությամբ տրվել է Հայաստան-Վրաստան սահմանին Բագրատաշենի կամրջի շինարարության ծրագրի մեկնարկը:

Անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրներին՝ Վահան Մարտիրոսյանը հայտնեց, որ մինչև տարեվերջ Երևան-Սևան մայրուղում կտեղադրվեն 1500 նոր ճանապարհային նշաններ: Ճանապարհների առավել վտանգավոր հատվածներում (Սարավան, Սիսիան և Ֆիոլետովո) անվտանգությունն ապահովելու նպատակով արդեն տեղադրվել են շուրջ 800 գծ/մ արգելափակոցներ:

Սկսվել է նաև ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի ստեղծման նպատակով ճանապարհների գույքագրումը, քարտեզագրումն ու թվայնացումը:
«Սա թույլ կտա լիարժեք վերահսկողություն իրականացնել ճանապարհների որակի, անվտանգության տարրերի ու երթևեկության այլ բաղադրիչների վրա»,- պարզաբանեց նախարարը:

Ճանապարհների մաքրման և սպասարկման աշխատանքների առցանց հսկողությունն ապահովելու նպատակով կապալառուների մեքենաների վրա տեղադրվել են թրեյքերներ: «Հայավտոճան» ՊՈԱԿ-ում տեղադրված համապատասխան համակարգով հնարավոր է հետևել աշխատանքների ընթացքին և հսկել ծախսերի արդյունավետությունը։

Մշակվել է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության նոր կարգը: Նախատեսվում է ներդնել էլեկտրոնային համակարգ, հավաքել մեքենաների տեխզննության մասին տեղեկատվությունը տվյալների առցանց շտեմարանում, որը հասանելի կլինի ճանապարհային ոստիկանության յուրաքանչյուր աշխատակցի:

Նախարարությունը ուշադրության կենտրոնում է պահում նաև ներմարզային և ներքաղաքային երթուղիների լիարժեք սպասարկման հարցը: Ներմարզային երթուղիներով չսպասարկվող 97 համայնքները երթուղային ցանցում ներառելու առաջարկությունների փաթեթն արդեն ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը:

ՀՀ ԱԺ-ն 2016թ. ընդունել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և դրանից բխող մի շարք այլ օրենսդրական փոփոխություններ: Բարեփոխումների նպատակն է բարձրացնել ուղևորափոխադրումների անվտանգության մակարդակն ու որակը:

Մեկնարկել է էլեկտրոնային եղանակով լիցենզավորման գործընթացի իրականացման ծրագիրը, որի շնորհիվ կկրճատվի գործընթացի համար պահանջվող ժամանակը:

Տրանսպորտի ոլորտում նախարարության գլխավոր ձեռքբերումներից մեկը Եվրոպայից Իրան Հայաստանի տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների ծրագիրն է: 2016թ. նոյեմբերին փորձնական տարբերակով 2 կոնտեյներ Եվրոպայից տեղափոխվեց Փոթի, այնուհետև երկաթուղով Հայաստան` «Երասխ» կայարան, ապա ավտոտրանսպորտով՝ Իրան: Կոնտեյներները Վրաստանի և Հայաստանի տարածքը հատեցին 38 ժամում: Արդյունքը գոհացնող է, կանոնավոր դառնալու դեպքում կմեծանա Հայաստանով միջազգային բեռնափոխադրումների ծավալը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել