Ուժի մեջ են մտել քաղաքացիական օրենսգրքում կատարված լրացումները

2016 թվականի նոյեմբերի 17-ին ընդունվել է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ օրենքը հետևյալի մասին՝

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 59.1-59.3-րդ հոդվածներով.

«ՀՈԴՎԱԾ 59.1. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՌԵԴՈՄԻՑԻԼԱՑՄԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

1. Իրավաբանական անձի ռեդոմիցիլացումը իրավաբանական անձի տեղափոխումն է մեկ իրավազորությունից (jurisdiction) մեկ այլ իրավազորության ներքո, որի հետևանքով փոխվում է իրավաբանական անձի անձնական օրենքը: Ռեդոմիցիլացումը հավաստվում է շարունակականության փաստաթղթով:

2. Ռեդոմիցիլացվել կարող են առևտրային կազմակերպությունները: Ռեդոմիցիլացվել կարող են ոչ առևտրային կազմակերպությունները, բացառությամբ կուսակցությունների, կրոնական ու հասարակական կազմակերպությունների, պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, համատիրությունների, ինչպես նաև այն կազմակերպությունների, որոնք չեն ընտրել սույն օրենսգրքով նախատեսված կազմակերպական-իրավական ձև, կամ որոնց կազմակերպաիրավական ձևը հնարավոր չէ փոխել նրանց ընտրած` սույն օրենսգրքով նախատեսված կազմակերպական-իրավական ձևով:

3. Իրավաբանական անձը կարող է ռեդոմիցիլացվել միայն, եթե դրա հնարավորությունն արգելված չէ իր կանոնադրությամբ:

4. Իրավաբանական անձի ռեդոմիցիլացումն իրականացվում է իրավաբանական անձի անձնական օրենքով սահմանված իրավասու մարմնի որոշման հիման վրա` անձնական օրենքով սահմանված կարգով:

5. Իրավաբանական անձանց ռեդոմիցիլացման վերաբերյալ կարգավորումները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված և վերահսկվող կազմակերպությունների վրա:

ՀՈԴՎԱԾ 59.2. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՌԵԴՈՄԻՑԻԼԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 

1. Օտարերկրյա իրավաբանական անձը կարող է ռեդոմիցիլացվել Հայաստանի Հանրապետությունում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան կանոնադրություն ունենալու և օտար երկրում որպես տվյալ երկրի իրավաբանական անձ գրանցումը դադարեցնելու կամ ռեդոմիցիլացման վերաբերյալ տեղեկությունները գրանցելու արդյունքում:

2. Օտարերկրյա իրավաբանական անձի ռեդոմիցիլացման արդյունքում օտարերկրյա իրավաբանական անձը պահպանում է իր բոլոր իրավունքները և պարտականությունները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

3. Օտարերկրյա իրավաբանական անձի` Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման արդյունքում նրա գտնվելու վայրը տեղափոխվում է Հայաստանի Հանրապետություն:

4. Օտարերկրյա իրավաբանական անձի` Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման համար այդ օտարերկրյա իրավաբանական անձը օրենքով սահմանված կարգով նախնական գրանցման դիմումը և օրենքով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացնում է կառավարության լիազոր անձին կամ լիազոր մարմին, ինչպես նաև ընտրում է իր կազմակերպական-իրավական ձևը:

5. Օրենքով սահմանված տվյալները գրանցումն իրականացնող մարմին ներկայացնելուց հետո, եթե բացակայում են օտարերկրյա իրավաբանական անձի` Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացումը բացառող հիմքեր, ապա գրանցումն իրականացնող մարմինն իրականացնում է ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի նախնական գրանցում և տրամադրում է համապատասխան քաղվածք գրանցամատյանից:

6. Նախնական գրանցման համար դիմելու հետ միաժամանակ կամ դրանից հետո ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի ռեդոմիցիլացման դիմումի հիման վրա գրանցում իրականացնող մարմինը ռեդոմիցիլացվող իրավաբանական անձին տրամադրում է շարունակականության նախնական փաստաթուղթ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացվելու վերաբերյալ:

7. Օտարերկրյա իրավաբանական անձի նախնական գրանցումից հետո ռեդոմիցիլացվող իրավաբանական անձը գրանցում իրականացնող մարմին պետք է ներկայացնի օտարերկրյա պետությունում որպես տվյալ երկրի իրավաբանական անձի գրանցումը դադարելու կամ ռեդոմիցիլացման վերաբերյալ տեղեկությունները գրանցելու վերաբերյալ փաստաթղթի պատշաճ վավերացված թարգմանությունը:

8. Օտարերկրյա իրավաբանական անձի` օտարերկրյա պետությունում գրանցումը դադարելու կամ այդ երկրից ռեդոմիցիլացման վերաբերյալ փաստաթղթի հիման վրա Հայաստանի Հանրապետության գրանցում իրականացնող մարմնի կողմից գրանցամատյանում իրականացվում է օտարերկրյա իրավաբանական անձի` Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման գրանցում, և տրամադրվում է շարունակականության փաստաթուղթ, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձի ռեդոմիցիլացման ճանաչում:

9. Ռեդոմիցիլացման ճանաչումից հետո այդ իրավաբանական անձը համարվում է գրանցված Հայաստանի Հանրապետությունում նախնական գրանցման պահից, եթե ռեդոմիցիլացման համար դիմած օտարերկրյա իրավաբանական անձը չի կնքել գործարքներ նախնական գրանցման պահից մինչև Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման ճանաչման պահը: Այլապես այդ իրավաբանական անձը համարվելու է ռեդոմիցիլացված Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման ճանաչման պահից:

10. Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա իրավաբանական անձը լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր հիմունքներով կարող է դիմել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված մարմիններին Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման նախնական գրանցման պահից, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:

11. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել այն պետությունների ցանկը, որոնց իրավաբանական անձինք չեն կարող ռեդոմիցիլացվել Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև այն պետությունների ցանկը, որտեղ չի կարող ռեդոմիցիլացվել Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձը: Ռեդոմիցիլացումը կարող է մերժվել, եթե ոչ առևտրային կազմակերպությունը չի համապատասխանեցրել իր կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ինչպես նաև եթե իրավաբանական անձի ընտրած կազմակերպաիրավական ձևը անհամատեղելի է իր կանոնադրական նպատակների հետ, կամ նա չի ներկայացրել օրենքով նախատեսված փաստաթղթերը:

12. Հայաստանի Հանրապետությունում, ռեդոմիցիլացումից բացի, մեկ այլ պետությունում ռեդոմիցիլացված իրավաբանական անձի ռեդոմիցիլացման դեպքում այդ իրավաբանական անձի ռեդոմիցիլացման երկիրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը:

ՀՈԴՎԱԾ 59.3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՌԵԴՈՄԻՑԻԼԱՑՈՒՄԸ

1. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացման ժամանակ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում կատարվում է նշում իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին, և պահպանվում են օրենքով սահմանված տեղեկությունները: Այդ տեղեկությունները համարվում են հանրամատչելի, եթե այլ բան նախատեսված չէ գործող օրենսդրությամբ:

2. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացումն արգելվում է, եթե նրա պարտավորությունները գերազանցում են ակտիվները, կամ եթե այդ իրավաբանական անձն ունի Հայաստանի Հանրապետության հանդեպ պարտավորություններ, բացառությամբ, եթե ռեդոմիցիլացման համաձայնություն է տրվել նշված պարտավորությունների կառավարման մասով իրավասու մարմնի որոշմամբ, կամ եթե ունի պարտավորություններ համայնքի հանդեպ, բացառությամբ, եթե իրավաբանական անձի ռեդոմիցիլացման համաձայնություն է տրվել համայնքի ավագանու որոշմամբ, կամ եթե իրավաբանական անձը համարվում է մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող, ինչպես նաև կարգավորվող հանրային ծառայությունների ոլորտի մասնակից կազմակերպություն:

3. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի գործադիր մարմինը մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից ռեդոմիցիլացման մասին որոշում ընդունելուց հետո պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի պարտատերերին, ինչպես նաև ռեդոմիցիլացման մասին իրականացնել հրապարակային ծանուցում` «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ռեդոմիցիլացման վերջնական գրանցումից առնվազն երեք ամիս առաջ, եթե ավելի երկար ժամկետ չի սահմանվել ռեդոմիցիլացման մասին որոշմամբ:

4. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացման ժամանակ իրավաբանական անձի պարտատերերը մինչև ռեդոմիցիլացման վերջնական գրանցումն իրավունք ունեն պահանջելու պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ կամ դադարեցնելու ռեդոմիցիլացումը կամ վաղաժամկետ կատարելու պարտավորությունը և հատուցելու վնասները:

5. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձը մինչև նշված ժամկետի ավարտը բավարարում է Հայաստանի Հանրապետության և համայնքի հանդեպ պարտավորությունները և պարտատերերի վաղաժամկետ պահանջները:

6. Պարտատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացման դադարեցման վերաբերյալ պահանջը ներկայացվում է դատարան մինչև ռեդոմիցիլացման պետական գրանցումը: Եթե պահանջը հիմնված է անվիճելի իրավունքի վրա, և պարտապանը չի կարող այն բավարարել անմիջապես և հատուցել վնասները, կամ եթե պարտատերը Հայաստանի Հանրապետությունն է, ինչպես նաև եթե կան ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի անվճարունակության հիմքեր, ապա դատարանը ռեդոմիցիլացումը դադարեցնում է մինչև նշված հիմքերի վերացումը:

7. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձը օրենքով սահմանված կարգով ռեդոմիցիլացման դիմումը և օրենքով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը, մասնավորապես` պարտավորությունների բավարարման վերաբերյալ ապացույցները կամ իրավաբանական անձի պարտատերերին ռեդոմիցիլացման մասին գրավոր տեղեկացնելու, ինչպես նաև ռեդոմիցիլացման մասին «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հրապարակային ծանուցում իրականացնելու մասին, սնանկության վարույթում չգտնվելու վերաբերյալ տեղեկանքը, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքը ներկայացնում է կառավարության լիազոր անձին կամ լիազոր մարմին:

8. Եթե սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսված դիմումին կից չեն ներկայացվում նույն կետով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը, ապա փոխօգնության կարգով նշված տեղեկատվությունը գրանցում իրականացնող մարմինն օրենքով նախատեսված կարգով և ժամկետներում ստանում է դրան տիրապետող պետական մարմիններից:

9. Օրենքով սահմանված դիմումը, փաստաթղթերը և այլ տվյալները գրանցում իրականացնող մարմին ներկայացնելուց հետո, եթե բացակայում են Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի` Հայաստանի Հանրապետությունից դուրս ռեդոմիցիլացումը բացառող հիմքեր, գրանցում իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձին տրամադրում է ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի` ռեդոմիցիլացման գործընթացում գտնվելու վերաբերյալ փաստաթուղթ: Ռեդոմիցիլացման գործընթացում գտնվելու վերաբերյալ փաստաթղթի ձևը և բովանդակությունը սահմանում է օրենքով նախատեսված լիազորված մարմինը:

10. Այլ պետության օրենքով նախատեսված լիազորված մարմնի կողմից տրված շարունակականության նախնական փաստաթուղթը կամ շարունակականության փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության գրանցում իրականացնող մարմին ներկայացնելուց հետո գրանցում իրականացնող մարմնի կողմից իրականացվում է գրառում Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի` Հայաստանի Հանրապետությունից ռեդոմիցիլացման մասին:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Վերակազմակերպման մասին դրույթները կիրառվում են նաև օտարերկրյա իրավաբանական անձի նկատմամբ` որպես Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձ վերակազմավորման դեպքում:»:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

30 նոյեմբերի 2016 թվականի

ՀՕ-206-Ն

 Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել