Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի առաջարկների գերակշիռ մասն ընդունվել է Հարկային օրենսգրքում

«Երկու տարի առաջ, երբ մենք ստեղծում էինք կազմակերպությունը, մտավախություն կար, որ չդասակարգվենք այն հասարակական կազմակերպությունների շարքին, որոնք որ ստեղծվելուց հետո մնում են ֆորմալ մակարդակի վրա»,- իր ելույթը սկսելով ասաց Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը և հիշեց՝ անգամ կատակ էին անում այդ օրը. «Հասարակական կազմակերպություններ կան, որոնք որ մեկ ղեկավար և մեկ համակարգիչ կառուցվածքով են աշխատում»:

Այսօր իրականությանն այլ է. ասոցիացիայի համաժողովին եկել էին 300-ից ավելի անդամներ, հաշվապահներ:

Ասոցիացիայի նախագահն ասում է, որ ՀԿ-ն ստեղծվեց երկու խնդիրներ լուծելու համար. «Առաջինը հաշվապահների մասնագիտական և կազմակերպչական աջակցության խնդիրն էր: Հայաստանի մարզերում շրջելուց մենք հանդիպում էինք շատ լուրջ և գրագետ հաշվապահներին, սակայն կա մի լուրջ խնդիր՝ իրազեկվածության բացակայությունը: Անգամ հաշվապահներ եմ հանդիպել, որոնք շատ բարձր մաթեմաթիկական և տնտեսագիտական գիտելիքներ ունեին, սակայն վերջին օրենսդրական փոփոխությունների մասին տեղյակ չէին»:

Երկրորդ խնդիրը՝ երկխոսության բացակայությունն էր. «Մենք խնդիր հայտնաբերեցինք հաշվապահների համայնքի և պետության միջև երկխոսության, սա ինքնին բաց էր, քանի որ հաշվապահներն իրավական ակտերի կիրառողներն են, երբ հաշվապահն իրավական ակտը կիրառում է, հանդիպում է բազմաթիվ հարցերի, հաշվի առնելով, որ իրավական ակտերը մշակվել են այլ անձանց կողմից, ես շատ բարձր եմ գնահատում նրանց քրտնաջան աշխատանքը, սակայն մարդկային գործոնն առկա է և ամեն դեպքում ունենում են բացթողումներ, որոնց շտկման համար կիրառողը պետք է ազդակ տար, այ հենց այս հետադարձ կապը բացակայում էր, չկար հարթակ, որտեղ հաշվապահը պետք է կարողանար ներկայացնել ՓՄՁ սուբյեկտի խնդիրները»,- ընդգծեց ՀԿ ղեկավարը:

Նրա խոսքերով՝ անցած երկու տարիների ընթացքում մշտական աշխատանքների շնորհիվ փորձել են վերոնշյալ խնդիրները լուծել՝ մշակելով հաշվապահների գործառույթների փաթեթ, ուղեցույցներ, հաշվապահական ծրագիր են ստեղծել և այլն:

Ասոցիացիան ընդգրկվել է ՀՀ ֆինանսների նախարարության հարկային խորհրդի կազմում, ներկայացրել է 38 առաջարկ Հարկային օրենսգրքում ընդգրկելու նպատակով, որոնցից 34-ն ընդունվել է, կազմակերպության աջակցությամբ Հայաստանում ստեղծվել է 11 գրասենյակ:

Վերջին երկու տարիներին ասոցիացիան հաշվապահներից ստացված իրավական ակտերում առկա հակասությունների, երկիմաստությունների կամ տարընթերցումների հետ կապված հարցերով գործադիր մարմիններ է ուղարկել 45 գրություն՝ ներառելով 66 հարց, և ստացված պաշտոնական իրազեկումների մասին տեղեկացրել բոլոր անդամներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել