Նոր փոփոխություններ են սպասվում ՀՀ քաղաքացիության մասին օրենքում

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը վաղն ԱԺ նիստի ժամանակ կդրվի քննարկման:

Օրենսդրական բացերը կարգավորելու նպատակով օրինագծում նախատեսվել են մի քանի փոփոխություններ և լրացումներ, որոնցից մեկն այն է, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաներին օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում է ՀՀ քաղաքացու անձնագիր, ինչն էլ նրա համար օտարերկրյա պետությունում կարող է հանդիսանալ ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ՝ ծննդականի փոխարեն: Իսկ դրա բացակայության պայմաններում քաղաքացիությունը կարող է հավաստվել ծննդյան վկայականի և ծնողների` ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ:

Օրինագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող լրացումը նպատակ ունի հստակեցնել, որ ՀՀ քաղաքացի կարող են ճանաչվել նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիները, եթե մշտապես բնակվում են ՀՀ-ում:

Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ: Այս նորմի կիրառումը պրակտիկայում տարընկալումների տեղիք է տալիս երեխայի ՀՀ քաղաքացիության որոշման ժամանակ` այն դեպքում, երբ երեխան ունի այլ պետության քաղաքացիություն: Հետևաբար օրինագծով նախատեսվում է, որ երեխայի այլ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքը չի կարող խոչընդոտ հանդիսանալ նրա ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու Սահմանադրական իրավունքի իրացման համար:

Կատարվող փոփոխության նպատակը կայանում է նաև նրանում, որ պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ երեխան ծնվում է օտարերկրյա պետությունում, ձեռք է բերում տվյալ երկրի քաղաքացիություն, սակայն ծնողների անհաշտության կամ այլ պատճառով ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողի հետ վերադառնում և մշտապես բնակվում է ՀՀ-ում: Տվյալ պարագայում ՀՀ քաղաքացի չհանդիսանալու հանգամանքը խոչընդոտ է ստեղծում երեխայի իրավունքները Հայաստանի Հանրապետությունում լիարժեք իրացնելու ընթացքում: Օրինակ երեխան չի կարողանում օգտվել անվճար բուժ.օգնության կամ սոցիալական որևէ այլ ծառայությունից, ժամանակի ընթացքում լրանում է նաև օտարերկրյա պետության կողմից տրված անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը, իսկ ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողը, սոցիալական կամ այլ պատճառներով պայմանավորված, չի կարողանում երեխայի համար ձեռք բերել անձնագիր և այլ:

Օրինագծի 5-րդ հոդվածով նախատեսվող լրացումը նպատակ ունի բացառելու ՀՀ քաղաքացիություն ստանալու համար օտարեկրացիների ձևական ամուսնությունը ՀՀ քաղաքացիների հետ, ինչը պրակտիկայում տարածված բնույթ է կրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել