ՀԿ-ների մասին նոր օրենքը քննարկվում է՝ երկրորդ ընթերցմամբ ընդունվելու համար

«Նախարար Արփինե Հովհաննիսյանի բենեֆիսն այս պահին Ազգային ժողովում շարունակվում է»,- այսօր կատակով ասաց ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Խորհրդարանում քննարկման դրվեց Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

Նախարար Արփինե Հովհաննիսյանը այն բնորոշեց որպես կարևորագույն նախագիծ, ասաց, որ մի շարք առաջարկներ են եղել, որոնք ընդունվել են: Նախարարն անդրադարձավ դրանցից առաջնայիններին՝ նշելով, որ հստակեցվել է կազմակերպության շահառուների հասկացողությունը, բացի այդ, կամավորի աշխատանքի տևողության հարցերն են կարգավորվել. «Հաջորդ կարևոր հարցը այն էր, որ գործադիր մարմնի կողմից հաստատվեն հաշվետվությունները, այլապես ստացվում էր, որ մենք ՀԿ-ների համար ընդհանուր ժողով անելու կարգը սահմանել ենք 5 տարին մեկ անգամ, բայց քանի որ յուրաքանչյուր տարի իրենք պետք է հաշվետվություն սահմանեին, հետևաբար ստացվում է, որ այդ հաշվետվությունների համար ստիպված պետք է լինեին հրավիրել ժողով, մենք այլ մեխանիզմ ենք նախատեսել՝ գործադիր մարմնի կողմից դրանք կհաստատվեն»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը:

Կազմակերպության հաշվետվությունը պետք է ներառի իրականացրած ծրագրի արդյունքների մասին տեղեկատվություն: Նախարարի խոսքերով՝ ֆինանսական հաշվետվությունների մասով տարանջատումը շարունակվել է պահպանվել, որ նման հաշվետվություններ կներկայացնեն հանրային միջոցներից ֆինանսավորվող կազմակերպությունները:

Արփինե Հովհաննիսյանը նաև նշեց, որ նախագծում մի քանի խմբագրական շտկումներ են նախատեսվում իրականացնել և այն կներկայացվի ԱԺ-ի քվեարկությանը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել