Կերակրողի մահվան հետևանքով վնաս կրած անձանց վնասը հատուցելը

Քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ ուժողի (կերակրողի) մահվան դեպքում վնասի հատուցման իրավունք ունեն`

1) մահացողի խնամքի ներքո գտնվող կամ նրա մահվան օրը նրանից խնամք ստանալու իրավունք ունեցող անաշխատունակ անձինք.

2) մահացածի մահվանից հետո ծնված նրա երեխան.

3) ծնողներից մեկը, ամուսինը կամ ընտանիքի անդամը` անկախ նրա աշխատունակությունից, որը չի աշխատում և զբաղված է մահացածի խնամքի ներքո գտնվող նրա տասնչորս տարեկան չդարձած կամ թեկուզև նշված տարիքին հասած, սակայն բժշկական մարմինների եզրակացությամբ իր առողջական վիճակով կողմնակի խնամքի կարիք ունեցող երեխաների, թոռների, եղբայրների և քույրերի խնամքով.

4) մահացածի խնամքի ներքո գտնվող և նրա մահվանից հետո հինգ տարվա ընթացքում անաշխատունակ դարձած անձինք:

Մահացածի ծնողներից մեկը, ամուսինը կամ ընտանիքի այլ անդամը, որը չի աշխատում և զբաղված է մահացածի երեխաների, թոռների, եղբայրների ու քույրերի խնամքով և անաշխատունակ է դարձել խնամքի իրականացման ժամանակաշրջանում, այդ անձանց նկատմամբ խնամքի ավարտից հետո պահպանում է վնասի հատուցման իրավունքը:

Վնասը հատուցվում է`

1) անչափահասներին` մինչև տասնութ տարեկան դառնալը.

2) տասնութ տարեկանից բարձր տարիքի սովորողներին` մինչև ցերեկային ուսուցման ձևով ուսումնական հաստատություններում ուսման ավարտը, սակայն ոչ ավելի, քան մինչև քսաներեք տարեկան դառնալը.

3) հիսունհինգ տարեկանից մեծ կանանց և վաթսուն տարեկանից մեծ տղամարդկանց` ցմահ.

4) հաշմանդամներին` հաշմանդամության ժամանակ.

5) ծնողներից մեկին, ամուսնուն կամ ընտանիքի այլ անդամին, որն զբաղված է մահացածի խնամքի տակ գտնվող նրա երեխաների, թոռների, եղբայրների և քույրերի խնամքով` մինչև վերջիններիս տասնչորս տարեկան դառնալը:

Կերակրողի մահվան հետ կապված վնասի հատուցման իրավունք ունեցող անձանց վնասը հատուցվում է քաղաքացիական օրենսգրքի 1079 հոդվածի կանոններով սահմանված` մահացածի աշխատավարձի (եկամտի) այն մասի չափով, որը մահացածի կենդանության օրոք նրանք ստանում էին կամ ստանալու իրավունք ունեին իրենց ապրուստի համար: Այդ անձանց վնասի հատուցման չափը որոշելիս մահացածի եկամուտների կազմում աշխատավարձի (եկամուտների) հետ միասին ներառվում են կենդանության օրոք ստացած նրա կենսաթոշակը և այլ նմանօրինակ վճարները:

Վնասի հատուցման չափը որոշելիս կերակրողի մահվան հետ կապված անձանց նշանակված կենսաթոշակը և թոշակների այլ տեսակները, որոնք նշանակվել են, ինչպես կերակրողի մահվանից առաջ, այնպես էլ հետո, ինչպես նաև այդ անձանց կողմից ստացվող աշխատավարձը (եկամուտը) և կրթաթոշակը չեն հաշվարկվում նրանց վնասի հատուցման հաշվին:

Կերակրողի մահվան հետ կապված վնասի հատուցման իրավունք ունեցող յուրաքանչյուր անձի համար սահմանված հատուցման չափը ենթակա չէ վերահաշվարկի, բացառությամբ հետևյալ դեպքերի`

1) երեխայի ծնունդը կերակրողի մահվանից հետո.

2) մահացած կերակրողի երեխաների, թոռների, եղբայրների և քույրերի խնամքով զբաղված անձանց հատուցման վճարի նշանակումը և դադարումը:

Հատուցման չափն օրենքով կամ պայմանագրով կարող է մեծացվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել