Հարկային համաներում և ինքնազբաղված անձանց հարկումից ազատում

Դեկտեմբերի 8-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած օրենքների նախագծերի փաթե­թով մի շարք հարկային արտոնություններ են առաջարկվում բիզնեսին: Մասնավորապես, «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է գործունեության կոնկրետ սահմանված տեսակներով ինքնազբաղված անձանց ազատել հարկումից: ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի խոսքով՝ ինքնազբաղված անձանց հարկերից ազատելու մոտեցումը  բխում է ՀՀ կառավարության գործունեության ծրագրից. «Տարեկան մինչև 9 միլիոն դրամ շրջանառություն ունեցող և վարձու աշխատողներ չունեցող շուրջ 1570 ինքնազբաղված անձինք կազատվեն հարկերի վճարումից, իսկ արտոնության գումարը կկազմի շուրջ 400 միլիոն դրամ»: Խոսքը վերաբերում է գործունեության 23 տեսակի՝ հագուստի արտադրությանը, նորոգմանը, փայտյա իրերի պատրաստմանը, լեզուների ուսուցման դասընթացներին, զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցմանը և այլն:

Փաթեթով առաջարկվում է կիրառել նաև հարկային համաներում՝ մինչև 2012թ. դեկտեմբերի 31-ը եկամտահարկի և պարտադիր սոցիա­լա­կան ապա­հո­վա­գրության վճար­ների նվազագույն գումարների վճարման պարտավորություններ ունե­ցող անհատ ձեռ­նար­կատերերին ազատելով այդ գումարների վճարումից: Փոփոխություններով նախատեսվում է սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարելու համար հաշվարկված տույժերի պարտավորություններ ունեցող անհատ ձեռ­նար­­կա­տե­րերին, նոտարներին և ինքնազբաղված անձանց ազատել տույժերից:  Վախթանգ Միրումյանի տեղեկացմամբ՝ այս պարագայում հարկային բեռից կազատվի շուրջ 4300 անհատ ձեռնարկատեր, իսկ եկամտային ազդեցությունը կկազմի մինչև 800 միլիոն դրամ: Կուտակային վճարների վերաբերյալ փոփոխություններով նախատեսվում է սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարելու համար հաշվարկված տույժերի պարտավորություններ ունեցող անհատ ձեռ­նար­­կա­տե­րերին, նոտարներին և ինքնազբաղված անձանց ազատել տույժերից:  Հարկային համաներման շրջանակում առաջարկվում է մինչև 2016թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ՝ երկու և ավելի գույք օտարած և ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց ազատել տույժերից և տուգանք­ներից, ինչպես նաև ճշտված հարկային հաշվարկներ ներկայացնող հարկ վճարող­ներին ազա­տել ճշգրտման արդյունքում տույժերի վճարումից: Ըստ Վախթանգ Միրումյանի, ընդհանուր առմամբ այս փաթեթից օգտվողների  թիվը կկազմի շուրջ 15 հազար, իսկ  եկամտային ազդեցությունը կարող  է հասնել մինչև 6 միլիարդ դրամի:

Բազմաթիվ ֆիզիկական անձինք, ովքեր մինչև 2016թ. սեպտեմբերի 30-ը ներառող հաշվետու ժամանակաշրջանների ընթացքում իրականացրել են, օրինակ` մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի անգամ նույն տեսակի գույքի` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), անձնական օգտագործման ավտոմեքենայի, հասարակական կամ գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի, ավտոտնակի օտարումներ, սակայն անտեղյակ լինելու պատճառով չեն կատարել հարկային պարտավորությունները՝ կուտակելով տույժեր ու տուգանքներ, որոնց գումարը հաճախ ավելի մեծ է, քան մայր գումարը: ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանի տեղեկացմամբ՝ քաղաքացիների կողմից ԱԱՀ-ի մասով հարկվող գործարքներով առաջացած հարկային պարտավորությունների գանձման հետ կապված կա շուրջ 250 դատական վարույթ: Մասնավորապես, ընդհանուր առմամբ մայր գումարի չափը կազմում է շուրջ 3.8մլրդ դրամ, իսկ հաշվարկված տույժը՝ 680մլն դրամ, տուգանքը՝ 1.290մլրդ դրամ: «4-5 ամսվա ընթացքում ԱԱՀ-ից բխող գործարքների մասով քաղաքացիների կողմից ներկայացվել են ճշտված հաշվարկ-հաշվետվություններ՝ շուրջ 1 միլիարդ դրամի չափով: Օրենքի ընդունման պայմաններում այդ հաշվետվություններում արտացոլված շուրջ 550 միլիոն դրամի չափով տույժ-տուգանքները նույնպես կազատվեն վճարումից: Ընդ որում, շուրջ 200 միլիոն դրամի չափով արդեն իսկ կատարվել են մայր գումարի վճարումներ»,-ընդգծել է Արմեն Սաքապետոյանը: Միաժամանակ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է 40 քրեական գործ՝ շուրջ 1 միլիարդ 150 միլիոն դրամի չափով. մայր գումարը կազմում է շուրջ 500 միլիոն դրամ, տույժ-տուգանքները՝ շուրջ 650 միլիոն դրամ: Ըստ Արմեն Սաքապետոյանի, պարտավորություններ ունեցող անձինք հարկի մայր գումարները վճարելու դեպքում ազատվում են տույժերից, տուգանքներից և քրեական պատասխանատվությունից:

Հաջորդ նախագծով առաջարկվում է փաստացի գործունեություն չիրակա­նաց­նող, գույք և հարկային պարտա­վո­րու­թյուն­ներ չունեցող հարկ վճարողներին պարզեցված ընթա­ցա­կար­գով լուծարվելու հնա­րա­վո­րու­թյուն ընձեռել: «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է փաստացի գործունեություն չիրականացրած և 2013թ. հունվարի 1-ից 2017թ. հունվարի 1-ը հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին լուծարելու (հաշվառումից հանելու) անհրաժեշտությամբ: Մեկ այլ նախագծով առաջարկվում է նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենա­ների ներդրման վերջնաժամկետը 2017թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանել 2018թ. հուն­վարի 1-ը, ինչը հնարավորություն կտա ՓՄՁ ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին առավել սահուն անցնել նոր սերնդի ՀԴՄ-ներով աշխատանքին: Առաջարկվում է նաև ակցիզային դրոշմանիշերն էլեկտրոնային եղա­նա­կով տրամադրելու ընթացակարգը կիրառել 2017թ. հունվարի 1-ից:

Վերջին երկու ամսում բավականին ակտիվացել է նաև ՊԵԿ-ի հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնի աշխատանքը: 2016թ. 11 ամսում ստացվել  է շուրջ 250 հազար հեռախոսազանգ, միայն նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատ՝ շուրջ 3000-ով ավելի: Վախթանգ Միրումյանը վստահեցնում է, որ հետևողական են ցանկացած հեռախոսազանգի նկատմամբ՝ հետադարձ կապի մեխանիզմով արդյունքի մասին դիմումատուին տրամադրելով հանգամանալի տեղեկատվություն:   

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել