Փաստաբանը դատարանում հաղթեց ՃՈ-ին

Վարորդ Երվանդ Ֆրանգուլյանը 07.09.2016 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՃՈ-ի և խնդրել անվավել ճանաչել տուգանքի մասին որոշումը:

Հայցվորի ներկայացուցիչը դատարանում եղել է փաստաբան Գևորգ Սլոյանը: Հայցվորը դատական նիստի ժամանակ հայտնել է, որ վիճարկվող որոշմամբ Երվանդ Ֆրանգուլյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության 5000 ՀՀ դրամի չափով։

Ըստ ՃՈ-ի վարորդը Երևան, Մարգարյան/Բաշինջաղյան խաչմերուկի հատվածում չի պահպանել «Երթևեկության ուղղությունը գոտիներով» ճանապարհային նշանի պահանջները և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Ըստ փաստաբանի վարչական մարմինը, խախտել է մի շարք նորմեր, այդ թվում` չապահովելով գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքների բազմակողմանի « լրիվ և օբյեկտիվ քննությունը՝ հայցվորին վարչական տույժի ենթարկելով « խախտել է նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով« Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածով և «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված նորմերի դրույթները, « ուստի նրա կողմից ընդունված վարչական ակտը չի կարող համարվել հիմնավոր և իրավաչափ։

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը` նախագահությամբ դատավոր Անի Հարությունյանի, լսելով հայցվորի ներկայացուցչի բացատրությունները, վերլուծելով և գնահատելով գործով ձեռք բերված բոլոր ապացույցները, գտել է, որ հայցը ենթակա է բավարարման:

Դատարանը վերլուծելով իրավական նորմերը, նշել է, որ իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, այսինքն՝ առկա է իրավախախտման փաստը, եթե տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է ակնհայտ համընկնում, որը որևէ կասկած չի հարուցում։ Այլ կերպ ասած՝ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար անձին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ պայման է տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների համապատասխանության կասկած չհարուցելը

Վերոգրյալ իրավանորմերի համադրված վերլուծությունից հետևում է, որ իրավախախտման հատկանիշը, մասնավորապես, թե արդյոք Հայցվորի կողմից կատարվել է 23.08.2016 թվականի թիվ 1604942891 որոշմամբ նշված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանապարհային երթևեկության կանոնի խախտումը, պարզելու համար Դատարանն իրավախախտումն ամրագրած ապացույցում ամրագրված արարքի հատկանիշները պետք է համադրի իրավախախտման հատկանիշների հետ։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։

ՀՀ կառավարության 2006 թվականին հոկտեմբերի 26-ի թիվ 1699-Ն որոշման հավելված 3-ի 3-րդ կետի համաձայն՝ «ճանապարհային նշան (այսուհետ` նշան)` ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոց, որն ունի վահանակի տեսք ու որոշակի ձև և, որի վրա կատարված են այնպիսի նշումներ ու մակագրություններ, որոնք ճանապարհային երթևեկության (այսուհետ` երթևեկություն) մասնակիցներին տեղեկացնում են ճանապարհային պայմանների և երթևեկության ռեժիմների, բնակավայրերի ու այլ օբյեկտների գտնվելու վայրի մասին»։

Նույն հավելվածի 52.15. կետի համաձայն՝ 5.15.1 «Երթևեկության ուղղությունները գոտիներով» և 5.15.2 «Երթևեկության ուղղությունները գոտիով» նշանները կիրառվում են խաչմերուկում յուրաքանչյուր գոտիով երթևեկության թույլատրելի ուղղությունները նշելու համար, որտեղ պահանջվում է գոտիների օգտագործումն ապահովել տարբեր ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվությանը համապատասխան։ 5.15.2 նշանի կիրառումը նախընտրելի է։

Միաժամանակ, խաչմերուկից առաջ տեղակայված 5.15.1 և 5.15.2 նշանների ազդեցությունը տարածվում է խաչմերուկի վրա, եթե խաչմերուկում տեղակայված 5.15.1 կամ 5.15.2 նշանները այլ ցուցումներ չեն տալիս։

ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 28.06.2007թ. թիվ 955-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների (այսուհետ՝ նաև Կանոններ) «Ճանապարհային նշաններ» բաժնի 5.15.1 կետով ներկայացված է «Երթևեկության ուղղությունները գոտիներով». գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով, ճանապարհային նշանի նկարը։

Վերոգրյալով պայմանավորված՝ Հայցվորի կողմից 23.08.2016 թվականի թիվ 1604942891 որոշմամբ նշված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանապարհային երթևեկության կանոնի խախտումը կատարված լինելը պարզելու համար Դատարանը որոշել է, որ նախ պետք է պարզի, թե արդյոք 02.08.2016 թվականին ժամը 09։57-ին քաղաք Երևան, Մարգարյան/Բաշինջաղյան խաչմերուկի հատվածում առկա է եղել Կանոնների 5.15.1-ին կետով սահմանված նշանը և արդյոք Հայցվորը չի կատարել նշված ճանապարհային նշանի պահանջները։

Նշված փաստական հանգամանքը պարզելու համար Դատարանը, ուսումնասիրելով հայցադիմումին կից ներկայացված վիճարկվող վարչական ակտը և վարչական ակտով արձանագրված ենթադրյալ իրավախախտման տեսաձայնագրությունը, արձանագրում է, որ 02.08.2016 թվականին ժամը 09։57-ին քաղաք Երևան, Մարգարյան/Բաշինջաղյան խաչմերուկի հատվածում առկա չէ Կանոնների 5.15.1-ին կետով սահմանված ճանապարհային նշանը։

Դատարանի գնահատմամբ ձեռք բերված ապացույցներով չի հաստատվում Հայցվորի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման կատարման փաստը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվող իրավախախտումը կատարելու պահին և վայրում առկա չի եղել այն ճանապարհային նշանը, որի պահանջը չկատարելու համար Հայցվորը ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Դատարանն նաև արձանագրել է, սույն վարչական գործով ձեռք բերված ապացույցով հնարավոր չէ հաստատել իրավախախտման կատարման փաստը, մինչդեռ սույն պարագայում դա այն էական հանգամանքն էր, որով կարող էր որոշվել սույն դատական վեճի ելքը։

Ուստի, իրավախախտման կատարման փաստը դատաքննությամբ չապացուցելն ուղղակիորեն հանգեցնում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման, ինչն էլ իր հերթին՝ վիճարկվող որոշման անվավերության։

Ի վերջո դատարանը վճռել է Երվանդ Ֆրանգուլյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայության բավարարել և անվավեր ճանաչել ՃՈ-ի որոշումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել