Զինված տղամարդը Երևանում կրակոցներ է արձակել և պահանջել գումար. հարուցվել է քրեական գործ

ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ տարադրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։

ՔԿ-ից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2016 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 09:10-ի սահմաններում, դիմակավորված  անձը՝ ինքնաձիգով զինված, մուտք է գործել Երևան քաղաքի Անդրանիկի 7/385 հասցեում գտնվող  մթերային խանութ, որտեղ գործում է նաև  տարադրամի փոխանակման կետ և վերջինիս աշխատակցուհու  կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել գումար։ Վախեցնելու նպատակով զինված տղամարդն արձակել է 4 կրակոց, սակայն խանութի մյուս աշխատակիցների կողմից բարձրացված աղմուկի, ինչպես նաև ձայնաազդանշանային համակարգի միանալու արդյունքում դիմել է փախուստի՝  ոչինչ չհափշտակելով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի 4 պարկուճ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել