Դատավորի կողմից 20 հազար դոլար կաշառք ստանալու գործը. փաստաբանի համոզմամբ՝ դատավորին սադրել են

Դատավորի կողմից խոշոր կաշառք վերցնելու գործով հերթական նիստն էր այսօր նշանակված Վերաքննիչ քրեական դատարանում:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը առաջին ատյանի կողմից մեղավոր է ճանաչվել իր աշխատասենյակում Սեյրան Կարապետյանից անձամբ 20 հազար դոլար կաշառք ստանալու համար և դատապարտվել 8 տարի ազատազրկման: Պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք է բերել, դատարանն արդեն 4-րդ նիստն է իրականացնում սույն գործով:

Այսօր վերաքննիչ բողոքը ներկայացրեց պաշտպանական կողմը: Փաստաբան Կարեն Թումանյանն ասաց, որ առաջին ատյանի դատարանը սխալ է որակել Խաչատրյանի կողմից կատարված արարքը. «Դատարանը թույլ է տվել նյութաիրավական նորմի խախտում, ես նյութական իրավունքի նորմի վերաբերյալ իմ դիրքորոշումը կարտահայտեմ, որպեսզի անձին կաշառքով քրեական պատասխանատվության ենթարկեն առնվազն անհրաժեշտ է, որ նա այդ գործով որևէ գործողություն կատարած լինի»,- ընդգծեց փաստաբանը:

Նա մեջբերեց դատավճռից հատված, որի համաձայն՝ 20 հազար դոլարը Խաչատուր Խաչատրյանը պահանջել և ստացել է նրա համար, որ աճուրդի գործով հետաձգում իրականացնի. «Եթե ամբողջացնենք այս գործողությունը, ես հասկանում եմ, որ 20 հազար դոլարը տրամադրել են, որ 4 ամիս հետաձգվի գործը, պետք է հասկանալ, թե դատավորն արդյոք աճուրդ իրականացնո՞ղ է, թե՞ ոչ: Սեյրան Կարապետյանը (գործով ներգրավված տուժող, ումից գումար են ստացել) գումարն ինքն է առաջարկել տրամադրել և մյուս ապացույցները համադրելով, չենք հասկանում թե գումարն ինչի՞ համար է տրամադրվել, ցուցմունքների արդյունքում Սեյրանը չկարողացավ դատավարության մասնակիցներին պարզաբանել այդ հանգամանքը: Նրա տված ցուցմունքներից մեկով գումարը տրամադրվել է, որ աճուրդի առարկա հանդիսացող գույքի գինը բարձրացնի, մեկ այլ ցուցմունքով` իջեցնի»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ դատավորը որևէ ազդեցություն չէր կարող ունենալ աճուրդի հետ, մյուս կողմից էլ, պաշտպանական կողմի, պնդմամբ ԱԱԾ-ի տեսագրության մեջ երևում է, որ դատավորը ընդհանրապես հրաժարվում է գումար վերցնել, ասելով, որ դեռ չգիտի, թե ինչ է անելու:

«Ըստ գումար տվողի ցուցմունքների, ինքն ասում է, որ ես հասկացել եմ, որ դատավորը պետք է գումարը վերցնի, գնա բանկի տնօրենի հետ խոսա, հիմա սա կաշառք է, թե՞` ոչ, ես կարծում եմ` ոչ»,- ասաց փաստաբանը:

Կարեն Թունյանը վստահ է՝ դատավորին սադրել են. «Սա սադրանք է, Սեյրանն ինքն է  փորձել գայթակղել, որ գումարը վերցնի: Եթե սադրանք չի, ապա ի՞նչ է ակնկալել Կարապետյանը` ոչինչ: Այսինքն` պարզ է եղել, որևէ մեկը գործողություն չի անելու, դրանից ակնկալիք չի ունենալու, սակայն գործարքը տեղի է ունեցել»,- նշեց փաստաբանը:

Վերջում պաշտպանական կողմը պնդեց, որ արարքը ճիշտ չէ որակված, նախագահող դատավորը հետաքրքրվեց, թե այդ պարագայում նա կարո՞ղ է մատնանշել քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով որակվում է հանցանքը, փաստաբանը նշեց, որ  թերևս դա պաշտոնական լիազորությունների չարաշահումը կարող է դիտարկվել:

Հարկ ենք համարում անդրադառնալ այս գործի և ընդհանրապես քրեական գործերով նիստերի լուսաբանման խնդրին:

Այսօր նիստի ժամանակ միջնորդեցինք դատարանին թույլատրել լուսաբանումը՝ տեսագրության և լուսանկարահանման միջոցով:

Նախագահող դատավոր Սևակ Համբարձումյանը նախ շեշտեց, որ լուսաբանման հարցը քրեական դատավարության օրենսգրքով չի կարգավորվում, բայց միաժամանակ նա դեմ չեղավ, որ լուսաբանում իրականացվի, միայն նշեց, որ ցանկալի է ողջ նիստը չնկարահանվի, չառարկեցինք: Փոխարենը առարկություն ուներ պաշտպանական կողմը, փաստաբան Կարեն Թումանյանն ասաց, որ իրենք դեմ են նկարահանմանը, շտապեց առարկություն հայտնել նաև դատախազը, ըստ էության նա դեմ էր նաև ձայնագրություն իրականացնելուն:

Դատավոր Սևակ Համբարձումյանը միանգամից արգելք չդրեց, նա նախ արձանագրեց, որ կողմերն առարկում են, այնուհետև փաստեց օրենսդրական բացի մասին, ի վերջո արգելեց լուսաբանումը, այսինքն՝ տեսագրություն, լուսանկարահանում և ձայանագրառում:

img_1141Մինչ պարզվում էր լուսաբանման հանգամանքը, դատավորներից Մանուշակ Պետրոսյանը հիշեց անմեղության կանխավարկածի մասին ու սկսեց մեղադրել լրագրողներին այն բանի համար, որ խախտել ենք միջազգային կոնվենցիաներն ու դատավորին հանցագործ համարել, այս հանգամանքը ոգևորեց դատական նիստերի դահլիճում ներկա ամբաստանյալի հարազատներին, ովքեր դատավորի խոսքը բարձրաձայն հաստատում էին:

Դատավորը լրատվամիջոցների ներկայացուցիչներին մեղադրեց նաև նրա համար, որ տարածել ենք ԱԱԾ-ի տեսանյութը՝ մոռանալով, որ հասցեատերը ամենևին էլ լրատվամիջոցները չեն:

Փաստացի, քրեական գործերի լուսաբանման վերաբերյալ օրենսգիրքը ոչ մի լուծում չի տալիս, ինչը չես ասի՝ քաղաքացիական և վարչական դատավարությունների իրականացման մասին:

ՀՀ դատական օրենսգրքի համաձայն զանգվածային լրատվության միջոցների հետ դատարանների համագործակցության կանոնները մշակում և հաստատում է դատարանների նախագահների խորհուրդը: Փորձեցինք դատական դեպարտամենտի կայքում գտնել որևէ որոշում, սակայն ապարդյուն:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել