Մեղադրանքի հիմքում արժանահավատ ապացույցներ չկան.փաստաբան

Ինչպես հայտնել էինք, տարադրամի փոխանակման կետերի վրա զինված հարձակումներ կատարելու «բանդայի» գործով դատաքննությունն ավարտվել է, մեղադրող դատախազը դատարանին միջնորդել է Կարեն Վարդանյանին դատապարտել 25 տարվա, Ռաֆայել Հարոյանին՝ 22 տարվա, Հայկ Կոջոյանին՝ 12 տարվա և Տիգրան Հովհաննիսյանին 12 տարվա ազատազրկման:

Այսօրվա դատական նիստին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը դատարանին միջնորդեց առաջադրված մեղադրանքներով սահմանված առավելագույն պատիժ նշանակել ամբաստանյալների հանդեպ: Նրա խոսքով, զինված հարձակման հետևանքով սպանվել է 36-ամյա Հակոբ Մկրտչյանը, անհայր  է մնացել նրա անչափահաս երեխան, այրիացել է երիտասարդ կինը: Կատարված հանցագործությունը ոտնահարել է ոչ միայն կյանքի, այլև սեփականության իրավունքը:

Այնուհետև ամբաստնյալ Ռաֆայել Հարոյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը ներկայացրեց իր պաշտպան ճառը: Նա իր խոսքում նշեց, որ իր պաշտպնայլը ոչ նախաքննության, ոչ դատարանում չի ընդունել իրեն առաջդրված մեղադրանքը, որևէ առնչություն չունի մեղադրանքի հետ և դատավարական գործընթացների ընթացքում խախտվել են նրա մի շարք իրավունքները:

Այսպես, դատաքննության ժամանակ մեղադրող դատախազը նոր և ավելի խիստ մեղադրանքներ առաջադրեց ամբաստնյալներին: Լ. Սիմոնյանի խոսքով, սա դատավարական խախտում էր, քանի որ դա կարող էր արվել, եթե փաստական նոր հանգամանքներ իհայտ եկած լինեին, սակայն այդպիսիք դատավարության ընթացքում իհայտ չէին եկել: Ավելին՝ նախկին մեղադրանքները նույնպես հիմնավորող ապացույցներ չկան գործում:

Փաստաբանաի խոսքով, Ռաֆայելի մեղադրանքի հիմքում միայն մեկ անձի՝ այս գործով անցնող Տիգրան Հովհաննիսյանի հակասական և մեկը մյուսին հարմարեցված ցուցմունքներն են, որոնց իսկությունը գործում առկա այլ ցուցմունքներով հերքվում է, և պետք է դրանք ոչ արժանահավատ գնահատվեն:Մյուս կողմից, Տիգրան Հովհաննիսյանը հրաժարվել է դատարանում ոչ միայն ցուցմունք տալուց, այլև հարցերին պատասխանելուց, ինչի հետևանքով խախտվել է իր պաշտպանյալի Եվրակոնվենցիայով ամրագրված այն իրավունքը, որ կարող է հարցեր տալ իր դեմ ցուցմունք տված անձին:

Պաշտպան Սիմոնյանը  որոշակիորեն բացատրեց նաև Տիգրան Հովհաննիսյանի ցուցմունքների հակասականության պատճառները: Նախաքննության ընթացքում և այս գործի շրջանակներում կալանավորված է եղել նաև նրա կինը, և չի բացառվում, որ Տիգրանը ենթարկվել է ուղղորդումների՝ կնոջ համար առավել մեղմ պատժի կամ ազատության դիմաց:

Գնունի փողոցում գտնվող տարադրամի կետերից մեկի աշխատակցի՝ Բաբկեն Հովհաննիսյանի վրա հարձակման վերաբերյալ Տիգրան Հովհաննիսյանը ցուցմունք է տվել, թե իբր Ռաֆայելն իրեն ասել է, որ այդ տարածքում հարմար մի կետ կա, որտեղի աշխատողին ինքը հետևել է, նա ամեն օր գործից հետո փողերը տուն է տանում: Այդ օրը իբր միասին գնացել են այդ տարածք, Ռաֆայելը հարձակումը կատարելը, իսկ հետո միասին հեռացել են «Նիվա» մեքենայով: Այս դրվագի հետ կապված Տիգրանը սկզբում ցուցմունք է տվել, թե Ռաֆայելը սև ակնոցով, մորուքով ու գլխարկող է դեմքը քողարկել և որ մինչ հարձակման գնալը, մեքենայի վրա գողացված համարանիշ են ամրացրել: Սակայն հետագա ցուցմունքներում սկսել է չհիշել՝ Ռաֆայելը դիմակով էր, թե սև ակնոցով, միևնույն ժամանակ հստակ հիշել է, որ տարամադրամի աշխատակիցը, ում վրա հարձակումը եղել է, ալեխաղռն մազեր է ունեցել: Պարզվել է նաև, որ մեքենայի վրա գողացված պետհամարանիշ չի եղել, և հետագա ցուցմունքում Տիգրանը նշել է, թե մինչ հարձակումը Ռաֆայելը մեքենայի համարանիշը հանել է:

Տուժող Բաբկեն Հովհաննիսյանը դատարանում ցուցմունք է տվել, որ սովորաբար աշխատանքային օրվա ավարտին ինկասացիայի միջոցով գումարները տեղափոխվում են բանկ: Հետևաբար, բացառվում էր, որ Ռաֆայելը հետևած լիներ ու պարզեր, թե իբր նա փողերը տուն է տանում: Իսկ երբ իր վրա հարձակվել են, նա ձեռքի սպորտային պայուսակը նետել է նրա ուղղությամբ, ով կարող էր այն վերցնել ու փախչել, սակայն փախուստի է դիմել առանց պայուսակը վերցնելու:

Փաստաբանը հատուկ ընդգծեց հետևյալ հանգամանքը. Ռաֆայել Հարոյանին մեղադրում են բանդա կազմավորելու և զինված հարձակումներ ղեկավարելու համար: Սակայն վերոնշյալ դրվագում ու՞ր է այդ կազմակերպվածությունը. ինչպե՞ս կարող է Տիգրանը լինել բանդայի անդամ, բանդայի կազմում գնալ զինված հարձակման՝ չիմանալով թե կոնկրետ ուր է գնում և, ավելին, ինչ կերպ են քողարկվելու՝ հագուստը, ավտոմեքենայի համարանիշները և այլն:

Սպանության դրվագով նույնպես Ռաֆայելին առաջադրված մեղադրանքի հիմքում հենց Տիգրանի ցուցմունքներն են, այս անգամ նույնպես հակասական: Եվ եթե նախկին դրվագում նա իրեն ներկայացրել է որպես հանցակից, ապա այս դեպքում ենթադրություններ է արել, թե իբր հարձակումը կատարել են Ռաֆայելը, Հայկը, Կարենը: Այսպես, ըստ սկզբնական ցուցմունքի, նա գնացել է իր ընկերուհի Գոհար Գաբրիելյանի վարձակալած բնակարան, որտեղ եղել են Կարենը, Ռաֆայելն ու Հայկը: Հայկի ձեռքը արյունոտ է եղել, ինքը ենթադրել է, որ հենց երեքով են հարձակումը կատարել, որի մասին նախկինում իրեն ասել էին:

Հետաքրքիր է այն, որ երբ նախաքննության փուլում Տիգրանը հարցաքննվել է, նշել է, թե չի ցանկանում աշխատել ոստիկանության հետ, կհամագործակցի միայն Ազգային անվտանգության ծառայության հետ: Ի դեպ, Տիգրանը եղել է ԱԱԾ աշխատակից: Այս գործով ամբաստանյալ էր անցնում նաև Մառլեն Դավթյանը, ով նույնպես ԱԱԾ աշխատակից է եղել:

Այս դրվագով Ռաֆայելի մեղադրանքի հիմքում դրվել է նաև գործով անցնող մեկ այլ ամբաստնյալ Գոհար Գաբրիելյանի նախաքննական ցուցմունքները: Սակայն դատարանում Գոհարը հայտնել է, որ դրանք կորզվել են խորթ մեթոդներ կիրառելու արդյունքում. մասնավորապես, իրեն, մորը և իր մանկահասակ երեխային տարել են ոստիկանության բաժին, շուրջ տասն օր պահել են փաստացի անազատության մեջ, սպառնացել, որ եթե չգրի այն, ինչ պետք է, ապա իրեն էլ կկալանավորեն, իսկ երեխային կուղարկեն մանկատուն:

Պաշտպանը անդրադարձավ նաև ամբաստանյալ Կարեն Վարդնայանի հայտնի ցուցմունքին, որ այս դրվագով հարձակումը կատարվել է իր և ոմն Ջուգի կողմից, իսկ Հայկն ու Ռաֆայելը մասնակցություն չեն ունեցել: Սակայն մեղադրողի կողմից այս փաստն անտեսվել է նույնիսկ այն դեպքում, երբ պաշտպանական կողմը այդ անձի ինքնությունն էր պարզել ու հայտանաբերել, որ վերջինս մեկ այլ հանցանքի համար բանտում է:

Լիպարիտ Սիմոնյանը նշեց նաև, որ նախաքննական մարմինը այս դրվագով ապացույցները սկզբում մեկ այլ մեղադրյալի համար է «հավաքել», իսկ երբ հայտնվել են այս երեք ամբաստնյալները, սկսել է ապացույցները հարմարացնել նրանց: Օրինակ, Հակոբ Մկրտչյանի եղբորոդին իր առաջին ցուցմունքում նշել է, որ մահից առաջ հորեղբոր հետ զրույցից իմացել է, որ իր վրա հարձակվողը եղել է մոտ 1.8 մետր հասակով, հաղթանդամ, սպիտակ «վադալասկայով», սև դիմակով: Իսկ հետագայում նշել է, թե իբր գործով վկաներից Կարենն է դրա մասին ասել, ինքը փորձել է հորեղբորից ինֆորմացիան ճշտել, սակայն Կարենը «դեբիլոտ» է: Մինչդեռ, դատաբժշական փորձագիտական եզրակացությամբ հաստատվել է, որ նա կարող է ադեկվատ լինել: Կարենը, ի դեպ, բավականին մանրամասն է նկարագրել հանցագործներին, և ամբաստանյալի աթոռին հայտնված երիտասարդները նման չեն այդ ականատես վկայի նկագարած անձանց:

Պաշտպանն իր ճառն ավարտեց՝ դատարանին միջնորդելով արդարացման դատական ակտ ընդունել Ռաֆայել Հարոյանի մասով:

Պաշտպանական ճառով հանդես եկավ նաև Տիգրան Հովհաննիսյանի պաշտպան Լիանա Գասպարյանը: Նա նշեց, որ հաշվի առնելով այն, որ իր պաշտպանյալը համագործակցել է նախաքննական մարմնի հետ՝ հանցագործության բացահայտման համար, դրական է բնութագրվում, ունի անչափաս երեխա, նրա հանդեպ  կիրառել ՔՕ 64-րդ հոդվածը՝ նախատեսվածից մեղմ պատիժ սահմանել:

Հաջորդ դատական նիստին պաշտպանական ճառերով հանդես կգան Հայկի և Կարենի պաշտպանները:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել