Ընտանեկան բռնության 16 զոհերից 8-ը կանայք են եղել

Ընտանիքի անդամի կողմից սպանության 16 և ծանր մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպք է գրանցվել նախորդ տարվա ընթացքում․ այս մասին վկայում է Քննչական կոմիտեի կողմից կատարված ուսումնասիրությունը, որն այսօր ներկայացվեց Քննչական կոմիտեի կողմից հրավիրված քննարկմանը, որին ներկա էին ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Արգա Ավակովը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, միջազգային և հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ։

Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն իր խոսքում նշեց, որ թեև այս հանցագործությունները լատենտային բնույթի են, սակայն կատարվում են համապատասխան քայլերը՝ դրանք կանխելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Քննչական կոմիտեի փոխնախագահ Արթուր Ղամբարյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ ընտանեկան բռնության 16 զոհերից 8-ը կանայք են, 3-ը՝ մանկահասակ երեխաներ, 1-ը՝ չափահաս որդի, 1-ը՝ ամուսին, 1-ը՝ մայր, 1-ը՝ տատիկ, 1-ը՝ եղբայր։

16 սպանությունների առթիվ հարուցված գործերից 3 կարճվել են, քանի որ սպանություն կատարողը ինքնասպան է եղել, իսկ մյուս գործերն ուղարկվել են դատարան․ 7-ը՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջնորդությամբ, 6-ը՝ մղադրական եզրակացությամբ։

Հետաքրքիր տվյալ է այն, որ 16 մեղադրյալներից 12-ն արական, իսկ 4-ը իգական սեռի են եղել։ Նրանցից և ոչ ոք նախկինում դատվածություն չի ունեցել։

Արթուր Ղամբարյանը խոսեց նաև ներկայիս առկա խնդրահարույց հարցերի մասին։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է նրանում, ո այս դեպքում գործը քննվում է մասնավոր մեղադրանքի հիմքով։ Այսինքն, եթե չկա բողոք անձի կողմից, ապա գործը կարճվում է։ Ա․ Ղամբարյանն այսպիսի օրինակ բերեց․ Երևանում ամուսնու կողմից պարբերաբար բռնությունների մասին կինը ահազանգել է երեք անգամ։ Երեք անգամ էլ գործին ընթացք չի տրվել, քանի որ հետագայում ամուսինները հաշտվել են։ Չորրորդ ահազանգն արդեն եղել է կնոջ սպանության մասին։

Ա․ Ղամբայանի խոսքով, այսպիսի դեպքերում, երբ նախկինում էլ ահազանգեր են եղել իրավապահներին, ապա պետք է նախաքննական մարմինը գործը քննի ոչ թե մասնավոր, այլ հանրային մեղադրանքի հիմքով։

Քանի որ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բռնություններ կատարվում են նաև հոգեկան խնդիրներ ունեցող և ալկոհոլ օգտագործած անձանց կողմից, ապա պետք է համապատասխան իրավական կարգավորումներ լինեն՝ հստակեցնելու, թե ինչպես պետք է վերահսկողություն սահմանի հոգեկան հիվանդություն ունեցող և ամբուլատոր բուժում ստացող անձանց նկատմամբ, և նախատեսել ազատազրկում՝ գինեմոլ անձանցից բխող հասարակական վտանգը կանխելու նպատակով։

Այսօր Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը պարգևատրեց երկու քննիչի՝ ընտանեկան բռնության գործերով աչալուրջ քննություն կատարելու համար։

Մարդու իրավունքների պաշտպանը, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչերը իրենց խոսքում նշեցին, որ պատրաստ են աջակցել՝ ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելման ուղղությամբ։

Իրավաբան․net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել