Պետական ծառայության համակարգում նախատեսվում է նոր մոդել կիրառել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել ՀՀ պետական ծառայության համակարգի զարգացման հեռանկարների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը, Նախագահի աշխատակազմի համապատասխան պաշտոնյաներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Քննարկման սկզբում անդրադառնալով դեռևս 2001 թվականին «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ մեկնարկած պետական ծառայության կազմավորման իրավական գործընթացին՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ այն հետագայում հիմք հանդիսացավ մոտ երկու տասնյակ այլ ծառայությունների մասին օրենքների ընդունման համար, որոնց կիրառումը թույլ տվեց պետական ծառայության առանձին տեսակների կայացման գործում զգալի հաջողությունների հասնել:

Նախագահի համոզմամբ, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը, որպես անկախ մարմին, զգալի դերակատարում է ունեցել այս տարիների ընթացքում պետական կառավարման մի շարք մարմինների բնականոն և արդյունավետ գործունեության ապահովման հարցում: Ըստ Սերժ Սարգսյանի, այս համակարգի ձևավորման սկզբնական փուլում կենտրոնացված մոդելի ընտրությունն արդարացված էր, սակայն ժամանակի պահանջներին համահունչ հասարակական զարգացումները պահանջում են նոր մոտեցումներ, և ըստ այդմ՝ առաջանում է նոր լուծումներ մշակելու անհրաժեշտություն: «Պետական ծառայության համակարգի կատարելագործումը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում և շարունակում է մնալ պետության առաջնահերթ խնդիրներից մեկը: Կարծում եմ, այժմ ճիշտ ժամանակն է, որպեսզի մենք փորձենք այս համակարգն էլ զարգացնել՝ կիրառելով նոր մոդել»,-ընդգծել է Նախագահ Սարգսյանը:

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է պետական ծառայության համակարգի բարեփոխման անհրաժեշտությունը, այդ ուղղությամբ կատարված ուսումնասիրության արդյունքները, դրանց հիման վրա մշակված մոդելների դրական և բացասական կողմերը, ինչպես նաև կառավարության պատկերացմամբ առավել արդյունավետ մոդելը: Ըստ Վաչե Գաբրիելյանի, այն ենթադրում է Քաղաքացիական ծառայության խորհրդի կարգավիճակի փոփոխություն, ինչը, բնականաբար, կհանգեցնի նաև խորհրդի լիազորությունների ծավալի վերանայման:

Մանրամասները սկզբնաղբյուրի կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել