Ո՞ր դեպքերում դատարանն իրավունք ունի հետաձգել գործի քննությունը

Դատարանն իրավունք ունի հետաձգելու գործի քննությունը, եթե`

1) գործին մասնակցող անձանցից որևէ մեկը կամ նրա ներկայացուցիչը դատարանի կողմից հարգելի ճանաչված պատճառով չի ներկայացել դատական նիստին և ներկայացրել է գործի քննությունը հետաձգելու վերաբերյալ գրավոր միջնորդություն.

2) այն չի կարող քննվել տվյալ նիստում` վկաների, փորձագետների կամ թարգմանիչների չներկայանալու պատճառով.

3) դա թելադրված է ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ.

4) դա թելադրված է գործին մասնակցող անձի կողմից ներկայացված լրացուցիչ ապացույցներին գործին մասնակցող այլ անձանց ծանոթանալու անհրաժեշտությամբ.

5) գործին մասնակցող անձանցից որևէ մեկը միջնորդում է տրամադրել ողջամիտ ժամկետ` վեճը հաշտությամբ լուծելու համար, և գործին մասնակցող մյուս անձինք չեն առարկում.

6) ներկայացվել է հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ.

7) հայցվորը ներկայացրել է հայցի առարկան կամ հիմքը փոփոխելու վերաբերյալ միջնորդություն.

8) ավարտվել է աշխատանքային օրը, եթե օրենքով գործի քննության հատուկ ժամկետներ սահմանված չեն.

9) դատական նիստը չի կարող շարունակվել նիստերի դահլիճում ներկա գտնվող անձանց կողմից թույլ տրվող դատական նիստի կարգի զանգվածային խախտումների պատճառով.

10) առաջին ատյանի դատարանը որոշել է գործի քննությանը ներգրավել գործին մասնակցող նոր անձ.

11) առկա են առողջական վիճակի հետ կապված կամ այլ անձնական բնույթի հարգելի հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում դատարանի կողմից գործի քննությունը.

12) առկա են օրենքով սահմանված այլ հիմքեր:

 Գործի քննությունը հետաձգելու մասին կայացվում է որոշում:

Դատավարության մասնակիցները պատշաճ ձևով տեղեկացվում են դատարանի նոր նիստի ժամանակի և վայրի մասին:

Հարկ է նշել, որ գործը հետաձգելուց հետո դրա նոր քննությունը վերսկսվում է ընդհատման պահից:

 Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել