Աշխատանքի տոնավաճառի շնորհիվ միայն նախորդ տարի 250 անձ աշխատանք է գտել

Նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած աշխատանքային տոնավաճառի արդյունքում 250 անձ աշխատանք է գտել: Հերթական տոնավաճառն այսօր էր՝ դեկտեմբերի 2-ին:

«Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան» և «ԱՐՄԱԿԱԴ» կազմակերպել էին հերթական աշխատանքի տոնավաճառը, որին մասնակցում էին ավելի քան 20 կազմակերպություն՝ առաջարկելով հարյուրավոր թափուր աշխատատեղեր: Տոնավաճառը բաղկացած էր երկու մասից, առաջին հատվածում, որը մեկնարկեց 14:00-ին սեմինարներ էին, իսկ երկրորդ մասը՝ հենց բուն տոնավաճառն էր:

«Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի» գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանն ասում է, որ միջոցառումը հավասարապես օգտակար է թե՛ աշխատանք փնտրողների, և թե՛ գործատուների համար. «Տարեց տարի տարբեր է լինում տոնավաճառ, ամենամեծի դեպքում շուրջ 3000 այցելու է եղել: Նախորդ տարվա աշխատանքի տոնավաճառից հետո մենք հարցումներ կատարեցինք գործատուներին և պարզեցինք, որ շուրջ 250 անձ աշխատանք է գտել»,- նշեց մեր զրուցակիցը:

Տոնավաճառն արդեն 5-րդ տարին է կազմակերպվում, Երևանում այն տեղի է ունենում 6-րդ անգամ, եղել են տոնավաճառներ նաև մարզերում. «Հետաքրքրությունը միշտ կա՝ ինչպես կազմակերպությունների, այնպես էլ մասնակիցների կողմից: Այս տոնավաճառը երկուստեք լայն հնարավորություններ է ընձեռնում»,- նշեց ԱՐՄԱԿԱԴ-ի նախագահ Խաչիկ Գևորգյանը:

Նա ասում է, որ իրենք մշտապես երկու մասին են բաժանում տոնավաճառը, առաջին մասը, այսինքն՝ սեմինարների հատվածը նախատեսված է աշխատաշուկայի խնդիրների քննարկման ու աշխատանք փնտրողներին ուղղորդելու համար:

Տոնավաճառին մասնակցող Անահիտ Սարգսյանը եկել էր երեք ընկերուհիների հետ: Երիտասարդն ասաց, որ ինքը նախորդ տարի հենց այս ցուցահանդեսի միջոցով աշխատանք է գտել, ուստի իր ընկերուհիներին առաջարկել է անպայման գալ և մասնակցել, ծանոթանալ թափուր աշխատատեղերին. «Եթե որևէ նախաձեռնություն սկսում ես, ապա քո առջև գծում ես այն ճանապարհը, որը պետք է անցնես ու մատնանշում այն արդյունքները, որոնց պետք է հասնես, տվյալ պարագայում, այս տոնավաճառի արդյունքը համարվում է հենց աշխատողներին օգնելը: Ես նախորդ տարի տոնավաճառին մասնակցեցի թերհավատորեն՝ մտածելով, որ արդյունք չի լինի, սակայն համոզվեցի, որ այս տոնավաճառը թերևս լավագույն մեթոդն է՝ աշխատանք գտնելու համար»,- ասաց Անահիտը:

Մեկ այլ երիտասարդ՝ Արթուր Կարապետյանը, առաջին անգամ էր մասնակցում ցուցահանդեսին, սակայն արդեն գտել էր իրեն հետաքրքրող աշխատանքը ու գործատուին տրամադրել ինքնակենսագրականը. «Ես մոտ երեք ամիս աշխատանք էի փնտրում, բայց ապարդյուն, սակայն այս մեկ օրվա ընթացքում, ցուցահանդեսի շնորհիվ գտա ցանկալի աշխատանքը: Հուսով եմ սա իմ վերջին փնտրտուքը կլինի»,- ժպտալով ասում է Արթուրը:

Աշխատանքի ցուցահանդեսին մասնակցում էր նաև Հայաստանում Ամերիկյան համալսարանը, որի ներկայացուցիչ Կարինե Սաթամյանն ասաց, որ իրենք այսօր ներկայացնում են իրենց մագիստրոսական ծրագրերը, ինչպես նաև թափուր տեղերը. «Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս մեր թափուր տեղերը լրացնել որակյալ կադրերով, իսկ մասնակիցներին նաև իրենց կարիերան զարգացնել»,- ասաց մեր զրուցակիցը:

«Ginosi Apartels» ընկերության արկղը, որը նախատեսված էր ինքնակենսագրականների համար, տոնավաճառի մեկնարկից մեկ ժամ անց արդեն լցվել էր: Նույն հանգամանքը մեզ հետ զրույցում հաստատեցին նաև մյուս գործատուները: Այս ընկերությունը, որը զբաղվում է կարճաժամկետ բնակարանների վարձույթով, նպատակ ունի հասարակության մեջ իրենց ընկերության մասին տեղեկատվությունը տարածել, ինչպես նաև լրացնել թափուր հաստիքները. «Բավականին շատ ինքնակենսագրականներ ունենք, ունենք նաև տեխնոլոգիական լուծում, որի շնորհիվ անձիք բաժանորդագրվում են ու ստանում թափուր հաստիքների մասին տեղեկատվություն»,- ասաց ընկերության ներկայացուցիչ Մարիամ Ալեքսանյանը:

Նշենք, որ աշխատաժողովին մասնակցում էր Իրավաբանների հայկական ասոցիացիան, որը երկու տասնյակից ավելի թափուր հաստիքների մասին հայտարարություններ տրամադրեց աշխատանք փնտրողներին:

Գևորգ Թոսունյան

Ալեքսանդր Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել