Գործարքի գնի մեթոդով ձևակերպման գործընթացը պարզեցվել է

Դեկտեմբերի 1-ից մաքսային արժեքի հայտարարագիրը հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային եղանակով: ՊԵԿ-ը մշակել է էլեկտրոնային հայտարարագրման մեխանիզմ, որի շնորհիվ նվազագույնի է հասնում մաքսային մարմին-հայտարարատու շփումը: Այսուհետ հայտարարատուն կարող է մաքսային արժեքի հայտարարագիրը ներկայացնել իր գրասենյակից՝ առանց մաքսատուն այցելելու և, ցանկության դեպքում, առանց բրոքերի միջնորդության՝ խնայելով թե՛ ժամանակ, թե՛ միջոցներ: «Օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերի առկայության դեպքում մաքսային արժեքի հայտարարագիրը ստանալուն պես մաքսային մարմինը պարտավոր է ընդունել տվյալ ապրանքի մաքսային արժեքը՝ ներկայացված գործարքի գնով: Այսինքն՝ մաքսային մարմնի կատարած գործողությունները վերահսկելի են դառնում, քանի որ արտացոլվում են էլեկտրոնային համակարգում, իսկ մաքսային մարմնի հետ շփման կրճատումը ևս մեկ քայլով նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը»,-ընդգծել է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը: Նա նշել է, որ էլեկտրոնային հարթակից օգտվել կարողանալու համար համակարգի ներդրմանը նախորդել է ինչպես մաքսային ծառայողների, այնպես էլ հայտարարատուների և մաքսային միջնորդների ուսուցումը. «Դասընթացը շարունակական է լինելու, իսկ ծրագրից օգտվելիս խնդիրներ առաջանալու դեպքում լայնածավալ խորհրդատվություն է տրամադրվելու»: ԵԱՏՄ պահանջներով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողը պարտավոր է ապրանքների հայտարարագրի հետ միասին մաքսային մարմին ներկայացնել մաքսային արժեքի հայտարարագիր: ՀՀ պետեկամուտների կոմիտեն, չցանկանալով լրացուցիչ թղթաբանությամբ մաքսային մարմնի հետ շփումն ավելացնել, միության երկրներից առաջինն է, որ մշակել և կիրառում է մաքսային արժեքի հայտարարագրի ներկայացման էլեկտրոնային համակարգ: «Ազգային մեկ պատուհան» պորտալի շրջանակում գործող այս համակարգը բաղկացուցիչ մասն է բեռների հայտարարագրման էլեկտրոնային համակարգի, որն ամբողջությամբ նախատեսվում է ներդնել 2017թ. առաջին եռամսյակում:

Հոկտեմբերից մեկնարկած բարեփոխումների շրջանակում ՊԵԿ-ը նախաձեռնել է նաև գործարքի գնի մեթոդի հետ կապված կարևոր փոփոխություն: «Դեկտեմբերի 1-ից գործարարները կարող են միանգամից դիմել մաքսատներ, այլ ոչ թե վերադաս մաքսային մարմին՝ գործարքի գնի մեթոդով մաքսային ձևակերպումներ կատարելու համար»,-նշել է Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետ Արմեն Սարգսյանը՝ նկատելով, որ այս փոփոխությունը նույնպես ուղղված է թղթաբանության, մաքսային մարմին-տնտեսվարող շփումների կրճատմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել