Այս գործիքը հենց այն էր, ինչը մեզ պակասում էր կոռուպցիայի դեմ պայքարում. Մարիամ Զադոյանը՝ ապօրինի հարստացման քրեականացման մասին

Ապօրինի հարստացման քրեականացման շնորհիվ պաշտոնատար անձինք կհասկանան, որ այլևս չեն կարող պետության միջոցների հաշվին հարստանալ ապօրինի կերպով և անպատիժ մնալ, որի հետևանքով կոռուպցիայի մակարդակը ևս կնվազի մեր երկրում: Կարծում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամ, փաստաբան Մարիամ Զադոյանը:

Նրա խոսքերով՝ ինստիտուտի ներդնելով բոլոր խնդիրները չեն լուծվի, դեռ շատ անելիքներ կան, մասնավորապես պետք է հայտարարագրման համակարգը բարելավվի և այլն:

Մանրամասները՝ հարցազրույցում:

– Կառավարությունը հաստատել է ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ օրինագիծը: Ի՞նչ է տալու մեզ այս նախագիծը:

– Ապօրինի հարստացման քրեականացումը մի շարք միջազգային մարմինների, ինչպես նաև որոշ երկրների դատական ատյանների կողմից գնահատվել են որպես արդյունավետ գործիք` կոռուպցիայի դեմ պայքարում: Շուրջ 40 երկիր աշխարհով մեկ արդեն քրեականացրել են ապօրինի հարստացումը:

Նախ, նախագծի շնորհիվ պաշտոնատար անձինք կհասկանան, որ այլևս չեն կարող պետության միջոցների հաշվին հարստանալ ապօրինի կերպով և անպատիժ մնալ, որի հետևանքով կոռուպցիայի մակարդակը ևս կնվազի մեր երկրում:

Բացի այդ, մի քանի ապօրինի հարստացած պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելուց հետո հասարակության մեջ այլևս չի լինի այն կարծիքը, որ երկրում տիրում է անպատժելիության մթնոլորտ, ինչի հետևանքով կվերականգնվի վստահությունը:

Ցանկանում եմ վստահեցնել, որ այս գործիքը հենց այն էր, ինչը մեզ պակասում էր կոռուպցիայի դեմ պայքարում: Օրինակ` Ռուսաստանը Հայաստանի պես մի շարք կոռուպցիոն հանցագործություններ էր քրեականացրել, սակայն ապօրինի  հարստացումը չէր քրեականացրել, հետևաբար համալրում է կոռումպացված երկրների շարքերը: Հարկ է նշել, որ նույնիսկ Մեծ Բրիտանիայի նման երկիրը ևս որոշել է քրեականացնել ապօրինի հարստացումը:

– Նախագծով նախատեսվում է 3-6 տարի ազատազրկում, սա մեղմ, թե՛ խիստ պատիժ է ապօրինի հարստացողների համար:

– Այս պատիժը  ոչ մեղմ է, ոչ խիստ: Միջազգային փորձը ընդհանուր առմամբ կանգ է առել հենց այս ժամկետների վրա, թեև կան նաև ծայրահեղացված մոտեցումներ: Չինաստանում, օրինակ, կոռուպցիոն հանցագործությունների համար նախատեսված է ընդհուպ մինչև մահապատիժ կամ ցմահ ազատազրկում` առանց ներման իրավունքի: Առհասարակ, ապօրինի հարստացման հիմնական սանկցիան պետք է լինի գույքի բռնագրավումը, ազատազրկումը երկրորդական դերում է:

– Ապօրինի հարստացման հոդվածի տակ կհայտնվեն այն պաշտոնյաներն, որոնց գույքի, դրամական միջոցների և եկամուտների տարբերությունը անցնում է 5 մլն դրամը: Այս շեմը, ըստ Ձեզ, լավագույնն է, թե հարկավո՞ր է այն իջեցնել կամ բարձրացնել:

– Շեմի ընտրության հետ ևս համաձայն եմ: Շեմինման սահմանումը անհրաժեշտ է այն տեսանկյունից, որ deminimisnoncuratpraetor սկզբունքի համաձայն (օրենքը մանրուքներով չի զբաղվում), ապօրինի հարստացման չափազանց փոքր դեպքերը չպետք է հետապնդվեն:

Ինչպե՞ս անել, որ այս ինստիտուտը չմնա թղթի վրա ու լիարժեք գործի:

– Այս հարցով դեռ շատ անելիք կա: Պետք է հայտարարագրման համակարգը բարելավվի. պետք է հասնենք մինչև այն կետ, որ առհասարակ բոլորը հայտարարագրեն, որպեսզի հնարավոր չլինի ապօրինի հարստացած գույքը գրանցել վարորդների, թիկնապահների կամ մանկության ընկերների անունով:

Բացի այդ, պետք է կանխիկի շրջանառությունը կոնկրետ շեմից բարձր ևս բոլորի համար սահմանափակվի: Ներկայումս ԱԺ-ում նախագիծ է առկա, սակայն այն վերաբերվում է պաշտոնատար անձանց: Սակայն սկզբնական փուլում ևս գովելի արդյունք է:

–  Ո՞ր մարմինը լավագույնս կկարողանա պայքարել ապօրինի հարստացման դեմ՝ ՀՔԾ-ն, անկախ մարմինը, թե անկախ ունիվերսալը:

– Միջազգային փորձը, մասնավորապես` ՀոնկԿոնգ, Սինգապուր, Լատվիա, Լիտվա և այն, ցույց է տալիս, որ առհասարակ կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն մոդելը անկախ ունիվերսալ մարմինն է, որը կիրականացնի ոչ միայն քննչական, այլև` կանխարգելիչ ու կրթական գործառույթներ:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ