Նորք-Մարաշի զինված խմբի անդամները դատարանում էին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այդպես էլ չսկսված հետաձգեց Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով առաջին նիստը:

Հետաձգման պատճառը ամբաստանյալների բացակայության փաստն էր, բացակայում էր նաև պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը, ով ըստ փաստաբան Հայկ Ալումյանի լուրջ առողջական խնդիրներ ունի: Փաստաբանի խոսքերով՝ Շիրխանյանը անգամ 20 րոպե ի վիճակի չէ նստալ լինել, միակ տարբերակը նրան դատական նիստերի դահլիճ պատգարակով բերելն է:

Այսօր նիստը հետաձգելով՝ նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանն այն նշանակեց հաջորդ տարվա հունվարի 13-ին:

Հիշեցնենք, որ սույն գործով անցնում է ենթադրյալ զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը և ևս 19 ամբաստանյալներ:

Արթուր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. ապրիլից գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել