Թիրախավորվում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք. իրավաբան

«Մի շարք պետություններ, իրենց ներպետական օրենսդրության մեջ իմպլեմենտացնելով ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայով նախատեսված ապօրինի հարստացման քրեականացման ինստիտուտը, նպատակ են հետապնդում իսպառ ոչնչացնել կոռուպցիան և ազատվել այս արատավոր երևույթի բացասական, երբեմն էլ արյունալի հետևանքներից»,- ասում է երիտասարդ իրավաբան Արմինե Չախալյանը:

Հիշեցնենք՝ կառավարությունը հաստատել է ու ազգային ժողով ուղարկել ապօրինի հարստացման քրեականացման մասին օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ ներկայացված նախագծի՝ քրեական օրենսգրքում ավելանում է նոր՝ 310․1 հոդվածը՝ «Ապօրինի հարստանալը»:          Նախագծի  համաձայն «Ապօրինի հարստանալը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: Սույն հոդվածում էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)»:

Նախատեսվում է, որ օր այս օենսդրական փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2017 թվականի հուլիսի 1-ից։

Արմինե Չախալյանը նշում է, որ ապօրինի հարստանալու մասին հանցակազմի գործողությունը տարածվելու է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց վրա. «Այսպիսով՝ թիրախավորվում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք և նրանց հետ փոխկապակցված անձինք՝ ծնողը, կինը կամ ամուսինը, և նրա հետ ապրող չափահաս և չամուսնացած զավակը: Այս ինստիտուտի ներդրմամբ նախատեսվում է քրեական օրենսգրքում ամրագրել կոռուպցիայի դեմ պայքարի  մի կարևորագույն գործիք, որը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասրակական կազմակերպության համատեղ աշխատանքի շնորհիվ»:

Նախագծով նախատեսվում է նաև 3-6 տարի ազատազրկում, սա մեղմ, թե՞ խիստ պատիժ է ապօրինի հարստացողների համար, հարցին իրավաբանը պատասխանում է. «Սկզբնական փուլում կարծում եմ 3-6 տարի ազատազրկումը, որպես  պատժաչափ բավարար է, այն ոչ մեղմ է, ոչ էլ խիստ: Այստեղ կարևոր հանգամանքն այն է, որ ըստ ներկայացված նախագծի տվյալ հանցագործության համար բացի ազատազրկումից, որպես պատիժ նախատեսվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ առավելագույնը 3 տարի ժամկետով՝ և գույքի բռնագրավմամբ: Իմ կարծիքով, գույքի բռնագրավման նախատեսումը տվյալ նորմի սանկցիայում շատ կարևոր հանգամանք է կոռուպցիոն ճանապարհներով ձեռքբերված եկամուտները պետությանն ու հասարակությանը վերադարձնելու և արդարությունը լիարժեք վերականգնելու հարցում»։

Իսկ ամենակարևոր հարցն է, թե ինչպես անել, որ այս փոփոխությունն ընդունվելուց հետո չմնա թղթի վրա. «Պետք է հստակ գիտակցել մի բան, որ  ապօրինի հարստացման քրեականացումը ընդամենը մի գործիք է հակակոռուպցիոն առավել արդյունավետ պայքար մղելու համար,- նշում է Արմինեն և հավելում,-սակայն այդ գործիքը պետք է ճիշտ կիրառել պրակտիկայում, եթե ցանկանում ենք տեսանելի դրական արդյունքներ գրանցել: Ապօրինի հարստացման քրեականացումը կարևոր է, բայց միևնույն ժամանակ պետք է արդյունավետ մեխանիզմներ ընտրվեն այն թղթի վրա չթողնելու համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել