Անկախ ունիվերսալ հակակոռուպցիոն մարմինը լավագույնս կարող է պայքարել կոռուպցիայի դեմ

Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է երեք հիմնական գործառույթներ՝ քննչական, կրթական և կանխարգելիչ: Փաստացի այն համարվում է Անկախ ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին: Լիտվայի ՀՔԾ տնօրենը՝ Սաուլիուս Ուրբանավիցիուսը վստահ է՝ կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն մեթոդը հենց դա է:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանի հրավերով 2016թ. նոյեմբերի 29-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրեն Սաուլիուս Ուրբանավիցիուսի գլխավորած պատվիրակությունը: Այսօր պատվիրակության անդամները շրջել են ՀՀ հատուկ քննչական ծառայության վարչական շենքում, ծանոթացել ծառայության աշխատակիցների աշխատանքային պայմաններին:

Բացի այդ, տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը, Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը և Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամները:

Վահրամ Շահինյանը հանդես եկավ բացման խոսքով: Նա ներկայացրեց Լիտվայի փորձը՝ նշելով, որ այս երկրում ՀՔԾ-ն իրականացնում է երեք գործառույթներ:

Լիտվայի ՀՔԾ տնօրենն ասաց, որ ծառայության ռեսուրսների 60 տոկոսը ուղղված է հենց քննչական գործառույթների իրականացմանը, բայց մինչ հանցագործությունները բացահայտելը Լիտվայում քայլեր են ձեռնարկում կոռուպցիոն երևույթների կանխարգելման ուղղությամբ: Երկրի տարբեր գերատեսչություններից հանձնաժողով է ստեղծվել, որը ղեկավարում են Արդարադատության նախարարն ու ՀՔԾ տնօրենը: Այս հանձնաժողովը առաջիկա 10 տարիների համար հակակոռուպցիոն ծրագրեր է մշակում:

«Երբ 10 տարի առաջ մենք ծրագրեր էինք մշակում, որոշ դրույթներ բավականին բարդ և անիրականանալի էին թվում, սակայն այսօր մենք տեսնում ենք, որ ամեն ինչ կատարվել է: Ներկայումս նոր ծրագիր ենք մշակել, որը պետք է իրականացվի մինչև 2026 թվականը: Մեր ծառայությունն իր վրա է վերցնում այդ ծրագրի կազմակերպման, իրականացման ու հաշվետվությունների ներկայացման աշխատանքները»,- ասաց Սաուլիուս Ուրբանավիչիուսը:

Ծրագրերի մշակումից զատ Լիտվայի ՀՔԾ-ն իրականացնում է նաև պետական հիմնարկներում աշխատանքի ընդունվող անձանց ստուգում: Ամեն տարի շուրջ 6 հազար ստուգումներ են իրականացվում. «Լիտվայում կա Կոռուպցիայի կանխարգելման օրենք և այդ օրենքի հոդվածներից մեկով մենք պարտավոր ենք իրականացնել ստուգումներ»,- շեշտում է պարոն Ուրբանավիչիուսը:

Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության գործառույթների, աշխատակիցների և ռեսուրսների բաշխման, ինչպես նաև հակակոռուպցիոն պայքարի մասին տարբեր հարցեր այսօր պատվիրակությանը տվեցին նաև  Իրավաբանների հայկական ասոցիացիայի անդամներ Մարիամ Զադոյանը և Մարատ Ատովմյանը: Ծավալվեց արդյունավետ քննարկում:

Նշենք նաև, որ երեկ Լիտվայի Հանրապետության հատուկ քննչական ծառայության տնօրեն Սաուլիուս Ուրբանավիչիուսին ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Գևորգ Թոսունյան

Ալեքսանդր Սարգսյան

Իրավաբան.net

  Դիտվել է`