ՍԴ-ն նոր որոշում է կայացրել՝ հօգուտ կենսաթոշակառուների

Մարիամ Լալայանը 2016թ.-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան: Ըստ ՍԴ-ի որոշման 2003թ.-ին դիմողի նկատմամբ նշանակվել է տարիքային աշխատանքային կենսաթոշակ, որը նա ստացել է մինչև 2004թ.-ի մարտ ամիսը, որից հետո դիմում է ներկայացրել, որպեսզի կենսաթոշակը փոխանցվի ՀՀ կենտրոնական բանկում առկա իր բանկային հաշվին:

Համոզված լինելով, որ իր կենսաթոշակը կատարվում է, տարիների ընթացքում չի փորձել ստուգել, սակայն 2013թ.-ին հայտնի է դարձել, որ 2012թ. հունիսի 1-ից կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարեցվել է՝ Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի հիմքով:

Տիկին Լալայանը հայց է ներկայացրել դատարան, որը մերժվել է, անցել է վերադաս ատյանով՝ կրկին անարդյունք:

Ի վերջո, քննելով գործը ՍԴ-ն գտել է, որ իրավակարգավորումը, երբ նկատի չի առնվում անձին կենսաթոշակ չվճարելը՝ առանց նրա կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցմանը կոնկրետ հանգամանքները հաշվի առնելու, իրավաչափ չէ և չի համապատասխանում իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի պահանջներին: Ըստ դատարանի՝ նման կարգավորման պարագայում անձը զրկվում է նաև կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցման հարցը դատական կարգով բողոքարկելու, ինչպես նաև իր սեփականության իրավունքի արդյունավետ դատական պաշտպանության հնարավորությունից:

Ուստի դատարանը որոշել է Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը՝ իրավակիրառական պրակտիկայում դրան տրված իրավական բովանդակության շրջանակներում, ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել