Արդարադատության նախարարի միջնորդությամբ խնդիրը լուծվել է

Հայկ Ղազազյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում վճարումների ժամանակ մանրի վերադարձման խնդրին: Նա նշել է, որ պետական տուրքի վճարումը հնարավոր է իրականացնել միայն Telcell վճարումների սարքերի միջոցով.

«Ամեն անգամ, երբ գնում եմ Պետական ռեգիստր, նյարդային համակարգս հերթական փորձությանն է ենթարկվում: Եթե պետք է վճարես, օրինակ, 2.300 կամ 7.200 դրամ, ու կոնկրետ այդ գումարը չունես, քեզ կառաջարկեն քո վճարած գումարի տարբերությունը փոխանցել ինչ որ հեռախոսային համարի, իսկ եթե չես ուզում, կառաջարկեն մոտակայքում գտնվող կոֆե վաճառող սարքից առնել ինչ որ բան ու ստանալ բաղձալի մանրադրամները (ինչից նաև հասկացա, որ կոֆե վաճառող սարքը ավելի մարդասեր է, քան Թելսելի տերմինալը): Այսինքն դրամարկղի միջոցով գումար վճարելու և տարբերությունը հետ ստանալու պարզ պրակտիկան Պետական ռեգիստրում ուղղակի բացակայում է: Այդ պատճառով այնտեղ հաճախ կարելի է տեսնել 20.000-անոցը կամ 10.000-անոցը մանրելու խնդրանքով անցորդներին դիմող, աղիողորմ հայացքով և աչքերում հույսը մարած մարդկանց»:

Այս մասով փորձեցինք պարզաբանում ստանալ ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ ԱՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը մեզ տեղեկացրեց, որ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն արձանագրել է խնդիրն ու նրա միջամտությամբ այն լուծվել է, վաղվանից սկսած նմանաբնույթ խնդիր չի լինի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել