Նախկինում հինգ անգամ դատված ռուսը սեռական կապի մեջ է մտել անչափահաս աղջկա հետ և նորից դատվել

2012թ. հուլիսի 27-ին Հայաստանում հերթական պատժի կրումից ազատվելուց հետո ազգությամբ ռուս Ա.Պ.-ն Տաշիր քաղաքում հանդիպել է անչափահաս տուժող Մ.Օ.-ին: Նրանք համակրել են միմյանց և ամուսնության նպատակով սկսել մտրեմություն անել: Ա.Պ.-ն Մ.Օ.-ի հետ ամուսնանալու մտադրության մասին հայտնել է վերջինիս մորը և տատին, ովքեր համաձայնվել են, միաժամանակ Ա.Պ.-ին հայտնելով, որ Մ.Օ.-ն դեռևս 13 տարեկան է, դպրոցական, ու նրանք կարող են ամուսնանալ միայն վերջինիս կողմից դպրոցն ավարտելուց հետո։ Ա.Պ.-ն ընդունել է նրանց պայմանը և շարունակել մտերմություն անել Մ.Օ.-ի հետ՝ վերջինիս հաճախակի հրավիրելով նաև իրեն պատկանող բնակարան:

Հերթական անգամ աղջկան իր տանը հյուրընկալելուց հետո, 31-ամյա տղամարդը հայտնել է, որ շուտով մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն և առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, ստանալով Մ.Օ.-ի համաձայնությունը և տեղյակ լինելով, որ նրա 14 տարին դեռևս չի լրացել, սեռական հարաբերություն է ունեցել Մ.Օ.-ի հետ, ինչի մասին հաջորդ օրը նրանք տեղեկացրել են վերջինիս մորը և տատին: Դրանից հետո Ա.Պ.-ն պարբերաբար՝ ավելի քան 10 անգամ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել Մ.Օ.-ի հետ:

Քրեական գործը քննվել է Լոռու մարզի դատարանում: Մինչ դատաքննությունը սկսելը Ա.Պ.-ն միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ, միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները:

Մեղադրողը դատաքննության արագացված կարգի կիրառման դեմ չի առարկել: Տուժողը և նրա օրինական ներկայացուցիչը ևս չառարկեցին:

Փորձագետները հանգել են հետևության, որ աղջիկը, ելնելով իր տարիքային, անհատական և հոգեբանական առանձնահատկություններից, ինտելեկտուալ և անձնային զարգացման մակարդակից կարող էր հասկանալ իր նկատմամբ կատարված գործողությունների բնույթն ու նշանակությունը, սակայն նաև նշել են, որ վերջինս սեռական հարաբերությունների, սեռահասունացման, սեռավարակների, վերարտադրողական ֆունկցիայի վերաբերյալ ունի սահմանափակ տեղեկացվածություն:

Դատաքննությունից ընդամենը օրեր առաջ ամբաստանյալը ամուսնություն է ձևակերպել տուժողի հետ՝ դրանով փորձելով խուսափել քրեական պատասխանատվությունից և պատժից:

Քրեական գործում առկա դատվածության մասին տեղեկանքի համաձայն Ա.Պ.-ն, մինչև սույն գործով մեղսագրված արարքը կատարելը, նախկինում դատապարտվել է հինգ անգամ դիտավորյալ հանցագործություններ, առավելապես հափշտակություններ կատարելու համար:

Դատարանը գտնել է, որ ամբաստանյալի կողմից առանց նշանակված պատիժը կրելու չի կարելի հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48 հոդվածով սահմանված պատժի նպատակների իրագործմանը` մասնավորապես սոցիալական արդարության վերականգնմանը և նմանատիպ հանցանքների կանխմանը:

Ուստի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է ամբաստանյալին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և վերջանական պատիժ սահմանել ազատազրկում 1 տարի 3 ամիս 26 օր ժամկետով:

Խափանման միջոց էր ընտրվել գրավը:

Վճիռտ բողոքարկվել է, սակայն վերաքննիչ ատյանը այն թողել է նույնը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել