Նորություններ

Ապօրինի հարստացման քրեականցման օրինագիծը բավականին կարևոր է հանրության համար. Տեր Եսայի քահանա Արթենյան

Նախորդ շաբաթ կառավարությունը հաստատեց ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ նախագիծը: Հասարակական նշանակություն ունեցող այս նախագիծը հետաքրքրում է ոչ միայն իրավաբաններին և պաշտոնյաներին, այլն նաև հոգևորականներին: Տեր Եսայի քահանա Արթենյանն կարևորելով այն՝ շեշտում է, ժամանակն է, որ հասարակության շրջանում վստահություն ձևավորվի, իսկ ապօրինի հարստացած պաշտոնյաները պատասխանատվության դաշտ բերվեն:

Իրավաբան.net-ը մեկնարկում է նոր հատուկ նախագիծ՝ «Եկեղեցին և իրավունքը» խորագրով, շարքի առաջին թեման ապօրինի հարստացման քրեականացումն է, որի շուրջ զրուցել ենք Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ:

Այն կարծիքներին, որ եկեղեցին մասնակից չէ հասարակական կյանքի զարգացումներին, Տեր Եսային հակադարձում է պարզ կերպ. «Եկեղեցին մեր ժողովուրդն է, եկեղեցին այն հավատացյալներն ու ժողովուրդն են, որոնք այս հասարակության մի մասնիկն են»,- ուստի նա ընդգծում է, որ հոգևորականները նույնպես հետևում են իրավական համակարգում կատարվող գործընթացներին:

Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ զրուցել ենք ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ նախագծի և ընդհանրապես հարստացման ու եկեղեցու կողմից ընկալելի ապրելակերպի մասին:

– Տեր Եսայի, վերջին օրերին մշտապես խոսվում է ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ, նախ խոսենք հենց հարստացման մասին: Հիսուս Քրիստոսն իր աշակերտներին ասել է. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժվարությամբ կմտնի Երկնքի արքայությունը: Ավելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակով մտնի, քան թե հարուստը՝ Աստծո արքայությունը»: Խնդրում եմ պարզաբանել այս խոսքերը ներկայիս իրականության կոնտեքստում:

– Իրականում, երբ մենք Ավետարանի լույսի ներքո նայում ենք հարուստներին և առհասարակ՝ այս երևույթին, կոնկրետ նշված այս հատվածին, Քրիստոսը հատուկ ընդգծում է, որ հարուստները դժվարությամբ կմտնեն Երկնքի արքայություն, այստեղ խոսքը հիմնականում գնում է այն մասին, երբ մի հարուստ երիտասարդ եկավ ու ցանկություն հայտնեց Քրիստոսին հետևելու, իսկ Քրիստոս դրեց զոհողության պահանջ, որ գնա ունեցածդ վաճառիր ու իմ հետևից արի:

Քրիստոսը բոլորի առջև չէ, որ այդ պահանջն էր  դնում, այսինքն՝ պարտադիր պայման չէ, որ մարդը պետք է աղքատ լինի, որպեսզի կարողանա հետևել իրեն, պարզապես այս երիտասարդի պարագայում, կոնկրետ պայմանը դրեց այն պարզ պատճառով, որովհետև երիտասարդը Քրիստոսին հավատացնում էր, թե նա բոլոր պայմաններն ու պատգամները կատարում է, հետևաբար վերջին բանը, որ Քրիստոսն ընդգծեց, այդ էր՝ վաճառել ունեցվածքն ու գալ իր հետևից, եթե իրապես սիրում է իրեն, որովհետև պատվիրանները կարող ես պահել մեխանիկորեն ու ձևապաշտորեն, կարող ես պատվիրանները պահել մարդկանց ցույց տալու, թե ինչքան բարեպաշտ ու օրինապաշտ մարդ ես: Բնականաբար երիտասարդը չի գնում այդ քայլին և հաջորդում է Քրիստոսի պատգամը, որ հարուստները դժվարությամբ կմտնեն երկնքի արքայություն, խոսքն այն մասին է, որ հարստությունը դառնում է կռապաշտության առիթ, ինքնին հարստությունը վատ բան չէ, ըստ երևույթին, ինչպես Ավետարանից ենք մենք տեղեկանում, բայց վատ է այն, երբ մարդու համար հարստությունը դառնում է բարոյական արժեք, արդյունքում մարդը դրանից այն կողմ այլևս աշխարհում ոչինչ չի կարողանում տեսնել և ճանաչել: Այն ամբողջ հարստությունը, որ աշխարհում տրված է մեզ, պատկանում է Աստծուն, այլ հարց է, թե մենք ինչպես ենք վերաբերում այդ հարստությանը, այն դիտում ենք որպես զավթելու և կուտակելու, թե բաշխելու, բարիք գործելու առիթ, հետևաբար Սուրբ գիրքը մեզ հստակորեն տալիս է այն գիտակցումը, որ այն բոլոր հարստությունը, որը տրված է մեզ, դա մեր սեփականությունը չէ, մարդն արդար է ու ճիշտ, եթե կարողանում է այդ հարստությունը օգտագործել բարիք ստեղծելու համար, և ոչ թե պարզապես կուտակելու:

unnamed– Նախորդ շաբաթ կառավարությունը հաստատեց ապօրինի հարստացման քրեականացման նախագիծը: Եկեղեցին պետության մի մասն է, ու եկեղեցին նույնպես անմասն չի մնում մեր երկրում տեղի ունեցող գործընթացներին: Ներկայումս Հայաստանում առաջնային խնդիրներից է ապօրինի հարստացումը քրեականացնել: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը որպես հոգևորականի, որպես ՀՀ քաղաքացու:

– Բնականաբար երևույթը, երբ մարդիկ պաշտոնական դիրքի չարաշահումով, կաշառակերությամբ ու նման երևույթների արդյունքում հարստանում են, մեղմ ասած ցանկալի չէ ու մերժելի է, ցանկացած հայ մարդու կողմից, ով մտահոգված է ու հետաքրքրված միջավայրի, երկրի նկատմամբ, որտեղ նա ապրում է: Ես կարծում եմ, որ ապօրինի հարստացման քրեականցման օրինագիծը բավականին կարևոր է հանրության համար, հատկապես, որ մեր ժողովրդի հասարակական տարբեր շերտերի մեջ կա հենց այդ անվստահության խնդիրը, մեր իրականության մեջ պաշտոնյա անձիք որքանով են ազնիվ ու արդար: Այսօր մենք տեսնում ենք տարբեր տեղեկատվություններ, թե ինչպես են մարդիկ իրենց պաշտոնական դիրքը չարաշահում, սա միանշանակ խաթարում է մեր բնականոն կյանքի ընթացքը: Եթե օրինագիծը կգա այս խնդիրը լուծելու, թեկուզ՝ ինչ-որ չափով մեղմելու, միանշանակ, մենք ուրախ ենք:

– Ինչպես ես հասկացա՝ ինչքան էլ, որ եկեղեցին ուղղակիորեն չի մասնակցում նման աշխատանքներին, սակայն հետևում է և իր կարծիքն ունի:

img_7624-copy– Գիտե՞ք, եկեղեցին մեր ժողովուրդն է, եկեղեցին այն հավատացյալներն ու ժողովուրդն են, որոնք այս հասարակության մի մասնիկն են, հոգևորականներն էլ են այս երկրի քաղաքացիներն ու նրանց հետաքրքրում է այս զարգացումները, հետևաբար ցանկացած մարդու պետք է որ հետաքրքրի այդ իրադարձություններն ու զարգացումները: Չէ որ շատ կարևոր է, որ մարդիկ և քաղաքացիները օրենքի տեսանկյունից ավելի գրագետ ու ծանոթ լինեն: Ինչքան մենք ծանոթ ենք այդ գործընթացին, այնքան ավելի մենք մասնակից ենք այս պրոցեսներին:

– Ո՞ր ապրելակերպն է ամենաընդունելին:

– Ազնիվ, անկեղծ, արդար աշխատանքը: Ավետարանի մեջ խնդիր դրված չէ, որ մարդը պետք է հարուստ լինի, թե աղքատ: Նույն ավետարանում մենք տեսնում ենք, որ Քրիստոս ջերմ հարաբերություններ ուներ և՛ աղքատների, և՛ հարուստների հետ: Նա Ղազարոսի բարեկամն էր, իսկ Ղազարոսը հարուստ մարդ էր, նա հարուստների տուն էր այցելում, երբեք նրանց չասեց՝ ունեցվածքդ վաճառիր, ինչպես վերոնշյալ մեկ դեպքում: Խնդիրը հարուստ կամ աղքատ լինելը չէ, այլ խնդիրը այն է, թե ինչ ճանապարհով է մարդ հասել այդ հարստության: Եթե մարդու սրտում այդ հարստությունը կուռք է դարձել, որը ամեն ինչ է, ապա այս մարդը դատապարտված է կորստյան: Իհարկե, Աստված ցանկանում է, որ բոլոր մարդիկ լինեն ապահովված և երջանիկ, ապրեն բարեկեցիկ կյանքով, բայց այդ ամենը մենք պետք է հասնենք ազնիվ քրտինքով, այսինքն՝ ազնիվ աշխատանքն է հիմնականում հարստություն ունենալու եղանակը, այս դեպքում կուտակածդ հարստությունը ոչ միայն քեզ այլ հասարակության համար կդառնա բարիքի աղբյուր:

img_7621-copy

– Շատ հաճախ ապօրինի հարստացած մարդիկ իրավապահների կողմից չեն հայտնաբերվում ու չեն պատժվում, բայց դա չի նշանակում, որ նրանք ազատվում են պատասխանատվություն, այդպես չէ՞:

– Բնականաբար, նայած թե պատասխանատվություն ասելով՝ մենք ինչ ենք հասկանում, եթե օրենքի առաջ պատասխանատվություն, սա հարցի մի կողմն է, այս օրինագիծը գալիս է այդ բացը լրացնելու, մյուս կողմից մարդիկ պատասխանատու են իրենք խղճի, ընտանիքի և Աստծո առաջ, բնականաբար պատասխանատվությունից ոչ ոք չի կարող խուսափել, եթե ապօրինի կամ կեղծիքով կուտակել է հարստություն, չէ, որ դա ինչ-որ մեկի վաստակի հաշվին է, իրականում դու գողանում, թալանում և խլում ես մեկ ուրիշից ու անհայտ է՝ հանուն ինչի:

– Ես հիշում եմ Ազգային ժողովի վերջին նիստի ժամանակ քննարկումներ, երբ խոսք գնաց այն մասին, որ ապօրինի հարստացած մարդկանց թող Աստված պատժի: Չեք կարծում, որ նման մոտեցում պետք չէ որդեգրել, այլ հարկավոր է ինքներս քայլեր ձեռնարկենք, որ այդ մարդկանց պատասխանատվության դաշտ բերենք, ոչ թե սպասենք Աստծո դատաստանին:

– Եթե որևէ մեկը խեղճին, կարիքավորին, ընկածին զրկում է, այդ մարդն արդեն իսկ դատապարտված է, պետք չէ ակնկալել, որ Աստված իրեն պետք է դատապարտի, արդեն այդ մարդը դատապարտված է, եթե կարող է նման քայլի գնալ: Աստված կպատժի, այդ դատաստանը չի ուշանալու և հետաձգվելու, բայց ինչ վերաբերում է հասարակական կյանքին, երբ մենք խոսում ենք հասարակության մեջ առկա երևույթների մասին, ապօրինի հարստացման մասին, հույսներս դնել, որ Աստված կպատժի ու այդ մարդուն հանգիստ թողնել, սա միամտություն է, եթե այդպես է, ապա բոլոր մյուս բնագավառների համար օրենքները հանենք ու ասենք՝ Աստված կպատժի, այսինքն՝ այս տրամաբանությունը անհասկանալի է: Բնականաբար, այդ օրենքները գալիս են կանոնակարգելու մեր հասարակական կյանքն ու ազգային կենցաղը:

Գևորգ Թոսունյան

Ալեքսանդր Սարգսյան

Շարքի մտահղացման հեղինակներ՝

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ

Կարեն Զադոյան

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու

Տեր Եսայի քահանա Արթենյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել