Ապօրինի հարստացման քրեականացումը կարևոր և ուշացած նախաձեռնություն է. Հայկ Ալումյան

Սա կարևոր և ուշացած նախաձեռնություն է: Անդրադառնալով ապօրինի հարստացման քրեականացման նախագծին, որը հաստատվել է կառավարության օրակարգով, ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

Նա գտնում է, որ այս հանցակազմը՝ ապօրինի հարստացումը շատ ավելի հասարակ ապացուցվող է. «Շատ սովորական ու շատ հասարակ հանցակազմ է, շատ հեշտ ապացուցվող, նայում են այս մարդու եկամուտները, նայում են նրա ունեցվածքի աճը, հետո համեմատում են իրար հետ, այսքան բան: Վաղուց արդեն դա պետք է անեին»,- նշեց մեր զրուցակիցը:
Նա դրական է գնահատում առկա նախագիծն, ասում է, այս ինստիտուտը նախ և առաջ բխում է մեր շահերից:

Խոսելով այն մտահոգությունների մասին, թե սա կարող է քաղաքական հետապնդումների տեղիք տալ, Հայկ Ալումյանը վստահեցրեց. «Սա ավելի քիչ նման խնդիրների տեղիք կարող է տալ, քան այլ հանցագործություններ: Սկսած նրանից, որ հայտարարում են, թե գրպանը կարող է զենք, թմրանյութ գցել ու հետապնդել, ամեն ինչ կարելի է ապօրինի հետապնդումների նպատակով օգտագործել, սակայն այս հանցակազմը նա չէ, որ այդպես հեշտ հնարավոր լինի մեկի դեմ կիրառել»:

Փաստաբանը գտնում է, որ պաշտոնյաներն ընդհանրապես պետք է զերծ մնան շքեղ նվիրատվություններ ընդունելուց. «Նվիրատվությունները պետք է կանոնակարգվեն, թե առավելագույնս որքան նվիրատվություն իրավունք ունի պաշտոնյան ստանալ, ինչպես պետք է դա իրականացվի և այլն: Իմ տեսակետն է, որ պաշտոնյան իրավունք չունի որոշակի գումարներից ավելի նվերներ ստանալ, իսկ եթե նա սեր ունի նվերներ ստանալու, ապա թող պաշտոն չզբաղեցնի ու նվերներ ստանա: Մեկը մյուսի հետ անհամատեղելի են»,- եզրափակեց փաստաբանը:

Իրավաբան.net

  Դիտվել է`