Տուժողի խոսքով` «իրեն քյար մնաց ծեծ ուտելը»

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի պետի օգնական, ոստիկանության մայոր Արա Կիրակոսյանի և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի վարորդ, ոստիկանության ավագ Արմեն Ալեքսանյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նախորդ դատական գործով մեղադրող դատախազ Հարությունյանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել գործի քննությունը հետաձգելու խնդրանքով և դատարանից բավարար ժամանակ խնդրել մեղադրական ճառին պատրաստվելու համար:
Դատական նիստը սկսվեց մեղադրանքի կողմի ճառով: Դատախազն իր մեղադրական ճառում նշեց, որ հանցագործությունը ամբաստանյալների կողմից կատարվել է ծանրացուցիչ հանգամանքներում, այն է` ալկոհոլի ազդեցության տակ: Միևնույն ժամանակ անդրադարձավ ամբաստանյալների դրական բնութագրմանը, խնամքի տակ հիվանդ ծնողների, անչափահաս երեխաների առկայության և մի շարք այլ մեղմացուցիչ հանգամանքների:
Արդյունքում, դատախազը դատարանին միջնորդեց ամբաստանյալ Արա Կիրակոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով արարքի կատարման մեջ և պատիժը նշանակել ազատազարկման ձևով` երեք տարի ժամանակով, խափանման միջոց ընտրված կալանքը թողնել անփոփոխ` մինչև դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Ինչպես նաև, ամբաստանյալ Արմեն Ալեքսանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով արարքի կատարման մեջ և պատիժը նշանակել ազատազարկման ձևով` երեք տարի ժամանակով, խափանման միջոց ընտրված կալանքը թողնել անփոփոխ` մինչև դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Տուժող Հարություն Ավետիսյանն իր ճառում դատարանին հայտնեց, որ ինչ որ գրված է ճիշտ է, իր բուժման համար ինքը բավական գումարներ է ծախսել, և իրեն «քյար մնաց ծեծ ուտելը»:
Ամբաստանյալ Արա Կիրակոսյան պաշտպան Արայիկ Ալվանդյանը պաշտպանական ճառին պատրաստված չէր, քանի որ մինչը պատրաստվելը ցանկանում էր ճշտել դատախազի դիրքորոշումը, և դատարանին միջնորդեց գործի քննությունը հետաձգել և բավարար ժամանակ տրամադրել պաշտպանական ճառին պատրաստվելու համար:
Ամբաստանյալ Արմեն Ալեքսանյանի պաշտպան Նարինե Պողոսյանն իր պաշտպանական ճառում դատարանին միջնորդեց առավել մեղմ պատիժ նշանակել` հաշվի առնելով մեղմացուցիչ հանգամանքները, ինչպես նաև ամբաստանյալի կողմից մեղքի ընդունման և կամավոր կերպով արագացված դատաքննություն անցկացնելու միջնորդություն ներկայացման հանգամանքները: Պաշտպանը դատարանին միջնորդեց ազատազրկման ձևով պատիժ նշանակելու դեպքում, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով, պատիժը պայմանականորեն չկիրառել և նշանակել փորձաշրջան:
Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը և գործի հերթական դատական քննությունը նշանակեց սույն թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին:
Նշենք, որ ամբաստանյալներ Արա Կիրակոսյանին և Արմեն Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջիններս 2012թ. հունիսի 26-ին, ժամը 19:30-ի սահմաններում, խմբով, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Երևանի Արմենակյան փողոցում գտնվող «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցու բակում, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, մոմ վաճառելու հարցի շուրջ մոտ 20 րոպե տևողությամբ վիճաբանել են մոմավաճառ Հարություն Ավետիսյանի հետ և ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք բակում գտնվող քաղաքացիների նկատմամբ տվել են հայհոյանքներ, որի ընթացքում բռնություն են գործադրել և ձեռքերով, ոտքերով հարվածել են գործով տուժող Հարություն Ավետիսյանի մարմնի տարբեր մասերին` նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս` ձախ բազկի շրջանի արյունազեղման, աջ աչքի անկյան շրջանի, ստորին ծնոտի աջ կեսի և աջ արմնկահոդի շրջանի քերծվածքների տեսքով։ Դատաքննությունն անց է կացվում արագացված կարգով:

Սոնա Հարությունյան
Հանրային թղթակից
Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել