Ինչպե՞ս որոշել տուժողի կորցրած աշխատավարձի (եկամտի) հատուցման ենթակա չափը

Տուժողի կորցրած աշխատավարձի (եկամտի) հատուցման ենթակա չափը որոշվում է միջին աշխատավարձից (եկամտից) տոկոսներով, որը նա ստացել է մինչև հաշմությունը կամ առողջության այլ վնասվածքը կամ աշխատունակության կորուստը: Այդ տոկոսները որոշվում են տուժողի կողմից մասնագիտական աշխատունակության կորստի, իսկ մասնագիտական աշխատունակության բացակայության դեպքում` ընդհանուր աշխատունակության կորստի աստիճանին համապատասխան:

Տուժողի կորցրած աշխատավարձի (եկամտի) կազմում ներառվում են նրա ինչպես հիմնական, այնպես էլ համատեղությամբ կատարված աշխատանքի` եկամտային հարկով հարկվող աշխատանքային և քաղաքացիական իրավական պայմանագրերով վարձատրության բոլոր վճարները: Հաշվի չեն առնվում միանվագ բնույթի վճարները, մասնավորապես, չօգտագործված արձակուրդի փոխհատուցումը և արձակման նպաստը: Ժամանակավոր անաշխատունակության կամ հղիության և ծննդաբերության համար արձակուրդի ժամանակաշրջանի համար հաշվի է առնվում վճարված նպաստը: Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները, ինչպես նաև հեղինակային հոնորարը ներառվում են կորցրած աշխատավարձի կազմում, ընդ որում ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտները ներառվում են հարկային տեսչության տվյալների հիման վրա:

Աշխատավարձի (եկամտի) բոլոր տեսակները հաշվի են առնվում մինչև հարկային պահումները եղած չափով:

Տուժողի ամսական միջին աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է առողջությանը վնաս պատճառելուն նախորդած տասներկու ամսվա նրա աշխատավարձը (եկամուտը) տասներկու մասի բաժանելու միջոցով: Այն դեպքում, երբ տուժողը վնաս պատճառելու ժամանակ աշխատել է տասներկու ամսից պակաս, նրա ամսական միջին աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է փաստացի աշխատած ամիսների աշխատավարձի (եկամտի) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելով:

Տուժողի ցանկությամբ ոչ լրիվ աշխատած ամիսները փոխարինվում են լրիվ աշխատած նախորդ ամիսներով, իսկ դրանց փոխարինման անհնարինության դեպքում` հանվում են հաշվարկից:

Այն դեպքում, երբ վնաս պատճառելու պահին տուժողը չի աշխատել, նրա ցանկությամբ հաշվարկվում է նրա` մինչև աշխատանքից ազատվելու աշխատավարձը կամ հաշվարկի հիմքում դրվում է տվյալ վայրում նրա որակավորմամբ աշխատողի վարձատրության սովորական չափը, որը սակայն չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի հնգապատիկից:

Եթե մինչև տուժողին հաշմություն կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը նրա աշխատավարձում (եկամտում) կատարվել են նրա գույքային դրությունը բարելավող կայուն փոփոխություններ (բարձրացել է զբաղեցրած պաշտոնի աշխատավարձը, տուժողը փոխադրվել է ավելի բարձր վարձատրվող աշխատանքի կամ ցերեկային ուսուցմամբ ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ընդունվել է աշխատանքի և այլ դեպքերում, երբ ապացուցվել է տուժողի աշխատանքի վարձատրության կայուն փոփոխությունը կամ փոփոխության հնարավորությունը), նրա ամսական միջին աշխատավարձը (եկամուտը) որոշելիս հաշվի է առնվում միայն այն աշխատավարձը (եկամուտը), որը նա ստացել է կամ կարող էր ստանալ համապատասխան փոփոխությունից հետո:

Iravaban.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել