«Հեշտ է մեղադրել, սակայն դժվար՝ պաշտպանել». Մարիամ Զադոյան

Երիտասարդ իրավաբան, փաստաբան Մարիամ Զադոյանն ասում է, որ մանկությունն անցել է իրավական մթնոլորտում: Նախ դետեկտիվ գրականություն, այնուհետև` իրավական սեմինարներ… այսպես է սերմանվել այս մասնագիտությունը:

«Հեշտ է մեղադրել, սակայն դժվար՝ պաշտպանել»,- այս սկզբունքից ելնելով էլ Մարիամը որոշել է դառնալ հենց փաստաբան, որը նրան հաջողվել է: Նա իրեն տեսնում է մասնավոր սեկտորում:

Երիտասարդ փաստաբանի հետ զրուցել են նրա նախասիրությունների, իրավական ոլորտի խնդիրների և այլ հարցերի վերաբերյալ:

Մանրամասները՝ «Երիտասարդ իրավաբանները» շարքի հերթական հարցազրույցում:

– Ինչո՞ւ հենց իրավաբանություն և ինչպե՞ս:

– Մեծացել եմ իրավաբանների ընտանիքում, այսինքն՝ մանկությունս անցել է իրավական մթնոլորտում: Հիշում եմ՝ մասնակցում էի տարաբնույթ իրավաբանական քննարկումների, սեմինարների  ու հետզհետե այն ինձ հոգեհարազատ դարձավ: Հեշտ է մեղադրել, սակայն դժվար՝ պաշտպանել, ուստի ցանկացել եմ հենց փաստաբան դառնալ, քանի որ մանկուց նկատել եմ այն ջիղը, որ ընկերական շրջապատում միշտ կատարել եմ պաշտպանի և հաշտարարի դեր:

– Որտե՞ղ ես սովորել:

– 2013թ.-ին ավարտել եմ Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը` բարձր առաջիմության շնորհիվ տարիներ շարունակ համալրելով կուրսի լավագույն 5 տոկոսի շարքերը: Այնուհետև, 2016թ.-ին Մագիստրոսիս աստիճանը ստացել եմ Հայաստանի Ամերիկյան համալսարանում: 2015-2016թ.թ. սովորել եմ զուգահեռաբար ՀՀ փաստաբանական դպրոցում: 2016թ.-ից հանդիսանում եմ Հայ-ռուսական սլավոնական համալսարանի «Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության իրավունքի» ամբիոնի հայցորդ: Ներկայումս աշխատում եմ «ԼԻԳԸԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական գրասենյակում որպես փաստաբան:

– Ո՞ր ոլորտներն են քեզ հոգեհարազատ:

– Ամենաշատը հոգեհարազատ է կորպորատիվ իրավունքը` ՀՀ-ում նոր զարգացող իրավունքի այս ճյուղը, բացի այդ սիրում եմ նաև ֆինանսական և քաղաքացիական իրավունքի այլ ոլորտները:

– Մարիամ, այս տարի դու մասնակցել ես Ֆիլիպ Ջեսափի անվան դատախաղ մրցույթին, եղել ես ԱՄՆ-ում, ի՞նչ տվեց քեզ այդ փորձառությունը:

Այս տարի բեկումնային էր Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ-մրցույթի համար

– Հնարավոր չէ մեկ նախադասությամբ բացատել, թե որքան մեծ հմտություններ ու գիտելիքներ տվեց այդ մրցումն ինձ: Նախ դու մեծ թվով մասնագիտական ծանոթություններ ես ձեռք բերում, քանի որ շուրջ 100 երկրից մասնակիցներ կան,  բացի այդ, ստանում ես կարևոր հմտություններ, թե ինչպես դատարանում հանդես գալ: Հենց այս բնագավառում մեր երկիրը թերանում է: Նշեմ, որ ԱՄՆ-ում մենք 4 խաղից երեքում հաղթանակ ենք ունեցել, դա մինչ այժմ արձանագրված ՀՀ լավագույն արդյունքն է, որ դրսևորել է հայկական թիմը: Մենք մասնագիտական ու իրավական մասով չենք թերացել, հիմնական թերացումը ի հայտ է եկել՝ մեր գիտելիքները դատավորների կազմին ներկայացնելու գործընթացի հմտությունների պակասի մեջ: Անգամ կային թիմեր, որոնք թեև մասնագիտական գիտելիքներով մեզ զիջում էին, սակայն բալեր էին կուտակում հենց դատարանում ներկայանալու հմտության շնորհիվ:

– Դու ասացիր, որ սովորել ես մի քանի բուհերում, կարծում եմ՝ փարձառություն ունես՝ հասկանալու, թե ինչ բնույթի պետք է լինի իրավաբանի կրթությունը, որպեսզի նա լիարժեք տիրապետի իր մասնագիտության:

img_2355– Մեր բուհական համակարգում այս տեսանկյունից խնդիրներ շատ կան: Դասախոսությունները հիմնականում լինում են տեսական բնույթի և չեն ուղեկցվում պրակտիկ հմտությունների փոխանցմամբ: Օրինակ՝ աշխատանքի անցած իրավաբանը սկսում է պայմանագրերի, ներքին իրավական ակտերի և դատավարական փաստաթղթերի կազմման աշխատանքներից, եթե անձն իրավաբանական կամ փաստաբանական գրասենյակում է իր աշխատանքային կարիերան սկսում: Երբ ես ավարտեցի Հայաստանում ֆրանսիական համալսարանում բակալավրիատը, մենք նման առարկա չէինք անցնում, թեև ներկայումս այն դասավանդվում է, ինչը մեծ բաց էր ինձ համար, որը լրացրի ինքնակրթությամբ, ինչպես նաև ՀՀ փաստաբանական դպրոցի ուսումնառության շնորհիվ: Այդուհանդերձ, ներկայումս սակավ են համալսարանները, որոնք սովորեցնում են իրավական գրագրութան: Ըստ իս՝ ամենակարևոր խնդիրը մեր բուհական համակարգի ոչ թե տեսական գիտելիքների տրամադրումն է, որը ուսանողն ինքն էլ կարող է ստանալ դասագրքերի ընթերցմամբ, այլ դատական պրակտիկայի ուսուցումը, ամենավերջին նախադեպերի ներկայացումը, մի խոսքով՝ պրակտիկ հմտությունների տրամադրումը:

– Այսօր իրավաբանությունը նաև մոդայիկ մասնագիտություն է, ինչպես նաև թանկարժեք: Արդյոք իրավաբան դառնալու համար միայն կրթություն ստանալը բավակա՞ն է:

– Որևէ մասնագիտության համար միայն դա բավարար չէ, ցանկացած մասնագիտության դեպքում պետք է այդ մասնագիտության արժեքների կրողը լինես: Եթե դու դառնում ես իրավաբան, ապա պետք է արդարության ու ազնվության արժեքների կրողը լինես, հակառակ դեպքում՝ որքան էլ գումար ունենաս, այն չի օգնի քեզ: Իմ ուսումնական տարիների ընթացքում շատերին եմ ճանաչել, որոնց  ծնողները ստիպել են իրավաբանություն սովորել իրենց կամքին հակառակ, սակայն նրանք հետագայում ընդհանրապես լավ մասնագետ չեն դարձել կամ էլ, ի վերջո, երկրորդ մասնագիտություն են ընտրել: Իմ խորին համոզմամբ, եթե իրավաբանությունը մարդու սրտի մասնագիտությունը չէ, և նա հաճույք չի ստանում իր ամենօրյա գործունեությունից, այլ` իներցիայի ուժով, ապա ամենևին էլ կարիք չկա գնալ այդ ուղիով:

– Դու տևական ժամանակ աշխատել ես Իրավաբանների հայկական ասոցիացիայի՝ Երևանի հակակոռուպցիոն կենտրոնում, որտեղ տարբեր հարցերով խորհրդատվության են գալիս քաղաքացիները: Ի՞նչն է կարևոր քաղաքացիների հետ շփման հարցում:

img_5932

– Ես գտնում եմ, որ ներկայումս բուհերում նաև հարկավոր է ուսանողներին դասավանդել քաղաքացիներին խորհրդատվության տրամադրման հմտություններ: Խորհրդատվություն մատուցելն այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է. գալիս են բազմաթիվ քաղաքացիներ, որոնք այս կամ այն պետական մարմնի մոտ իրենց խնդիրները բարձրաձայնել են և լուծում չեն գտել, գալիս են դժգոհ ու հուսալքված: Ամենակարևորը նրանց լսելն է, ոչ թե ցույց տալ, որ լսում ես: Հարկավոր է ակտիվ լսել, փորձել հասկանալ անձին և կարեկցանք ցույց տալ: Հաճախ քաղաքացիները ներկայացնում են այնպիսի խնդիրներ, որոնց լուծումը մեր օրենսդրության սահմաններից դուրս է, սակայն անհրաժեշտ է լսել և փորձել բացատրել դա: Հավատացեք, դա կարող է սպեղանի հանդիսանալ իրենց վերքերի համար: Մեր պրակտիկայում նույնիսկ եղել են դեպքեր, երբ քաղաքացիները ցանկացել են ինքնահրկիզման փորձ կատարել, դանակով են մտել խորհրդատվության սենյակ, սակայն մենք միշտ լսել ենք նրանց խնդիրները, հանգստացրել ու ուղղորդել, այնպես որ վերջիններս գոհ են գնացել կենտրոնից: Նշեմ նաև, որ հաճախ խնդիրները կախված են նաև քաղաքացիների իրավագիտակցության ցածր մակարդակից:

– Մարիամ, դու նաև մասնակցել ես «ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի մոնիթորինգ» այլընտրանքային զեկույցի մշակման աշխատանքներին: Խնդրում եմ հակիրճ ներկայացնել, թե ի՞նչն է խոչընդոտում, որ մեր երկրում կինն ունենա հավասար իրավունքներն, ինչ տղամարդը և ամենակարևորը՝ կարողանա լիարժեք ազդել հասարակական-քաղաքական կյանքի վրա:

– Առաջին հարցին պատասխանելով՝ ասեմ, որ առաջնային խոչընդոտը կարծրատիպերն են, սակայն տարեց տարի ավելի մեծ թվով կանայք առավել իրազեկված են դառնում ու պահանջատեր: Խնդիրը ոչ այնքան կանանց իրավագիտակցության մակարդակի բարձրացումն է, այլ տղամարդկանց: Նշեմ նաև, որ զեկույցը պատրաստելիս մենք տարբեր մարզերում հանդիպումներ ենք ունեցել: Ուշագրավ է, որ ամեն մարզում իրավիճակն այլ էր, օրինակ՝ Գավառում ընդհանրապես խոսք չէր կարող գնալ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների մասին, իսկ Կապանում պատկերն այլ էր. այնտեղ կանայք իրենց ավելի լիարժեք էին զգում: Քաղաքական մասնակցության մասով խնդիրը երկու լուծում ունի. օրենսդրական մասով մեր ջանքերի շնորհիվ հասանք նրան, որ կանանց մասնակցության քվոտան Ազգային ժովովի ու ՏԻՄ ընտրությունների ժամանակ հետզհետե կբարձրանա, սակայն մի խնդիր այնուամենայնիվ դեռևս մնաց չլուծված՝ օրենսդրությունը նախատեսում է կանանց մասնակցության քանակ կուսակցության ցուցակների համար, սակայն ոչ ԱԺ-ի տեղերի համար. դա արդյունքի հավասարության քվոտա է կոչվում, որը մի շարք երկրներում կիրառվում է ու դրական տեղաշարժ է արձանագրվում: Ցանկալի է, որ այն գործի նաև մեր խորհրդարանում, օրինակ՝ երբ Արփինե Հովհաննիսյանը դարձավ ՀՀ արդարադատության նախարար, ԱԺ կին պատգամավորների թիվը պակասեց մեկով, որովհետև իր տեղը տղամարդ զբաղեցրեց: Հաճախ էլ կանայք ընտրվում են ԱԺ-ում, ինքնաբացարկ ներկայացնում, իսկ նրանց փոխարինում են տղամարդիկ, այս մասով նույնպես պետք է փոփոխություններ կատարել:

– Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրման ինստիտուտում ինչ խնդիրներ կան՝ ըստ քեզ:

 – Այս ոլորտում ևս որպես փորձագետ՝ ուսումնասիրություն եմ կատարել: Ներկայումս ոչ թե պաշտոնատար անձինք սխալ են հայտարարագրում, այլ մեր հայտարարագրման համակարգն այնքան թերություններ ունի, որ անգամ հայտարարագիր ներկայացնելու դեպքում դժվար է ճիշտ պատկերը կազմել պաշտոնյայի գույքի և եկամուտների մասին: Օրինակ՝ ներկայումս օրենսդիրը հստակ պահանջներ չի դնում ծախսերի հայտարարագրման համար, իսկ ամբողջ միջազգային պրակտիկան հուշում է, որ ծախսերը (թանկարժեք ճանապարհորդությունները, արտասահմանյան թանկարժեք ուսումնական հաստատություններում կրթության համար գումարները) նույնպես պետք է հայտարարագրվեն, որպեսզի մարդիկ կարողանան պաշտոնատար անձի դրամական արտահոսքն ու ներհոսքը համեմատել ու հարց բարձրացնել, թե որտեղից պաշտոնյային այնքան հարստություն այն դեպքում, երբ եկամուտները քիչ են, իսկ ծախսերը մի քանի անգամ գերազանցում են: Ներկայիս համակարգը դրա հնարավորությունը չի տալիս: Նաև անհրաժեշտ է քրեականացնել ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցայով սամանված «ապօրինի հարստացման» հանցակազմը, երբ պաշտոնատար անձն ինքն է պարտավոր ապացուցել, որ իր եկամուտները օրինական ճանապարհով են ձեռք բերվել: Այս դեպքում միայն հայտարարագրման  ինստիտուտը կարդարեցնի իրեն:
Բացի այդ, մեր մոտ հայտարարագրում են ոչ բոլոր պաշտոնատար անձիք, սակայն մի շարք ոլորտներ կան, որոնք ուղղակիորեն կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, ուստի անհրաժեշտություն կա գույքի և եկամուտների  հայտարարագրման պարտականություն կրող անձանց շրջանակը լայնացնել:

– Օրինա՞կ:

– Օրինակ՝ ոստիկանության համակարգը: Այն դեպքերում, երբ պաշտոնյաներն ուղղակիորեն շփման մեջ են գտնվում քաղաքացիների հետ: Բացի այդ, մեզ մոտ պաշտոնատար անձանց անչափահաս զավակները չեն հայտարարագրում, այլ միայն չափահասներն են հայտարարագիր ներկայացնում, այն էլ միայն այն դեպքում, երբ տվյալ զավակն ապրում է ընտանիքի հետ: Բնականաբար տեսնում ենք, որ հնարավոր է պաշտոնյան իր ամբողջ ունեցվածքը գրանցի չափահաս զավակի անունով և մենք հստակ պատկեր չենք ունենա տվյալ պաշտոնյայի գույքի և եկամուտների վերաբերյալ: Բացի այդ, գաղտնիք չէ, որ ՀՀ-ում բազմաթիվ պաշտոնատար անձանց զոքանչներն, օրինակ, շատ ավելի հարուստ են, քան հենց իրենք (ծիծաղում է), ուստի անհրաժեշտություն կա մինչև 2-րդ աստիճանի պաշտոնատար անձանց վրա գույքի և եկամուտների հայտարարագրեր ներկայացնելու պարտականություն դնել:

– Իրավական թեմաներից անցում կատարենք: Ո՞րն է քո կյանքի փիլիսոփայությունը:

– Պետք է փորձել այնպես ապրել, որ կատարածդ քայլերի համար երբեք չզղջալ: Բացի այդ, ինձ համար ամենակարևոր արժեքներից է ազատությունը:

– Ի՞նչ գրականություն ես սիրում:

– Ես նախընտրություններ չունեմ կոնկրետ ժանրի հետ կապված, սիրում եմ և դետեկտիվ, և արկածային, և պատմական, և ֆանտաստիկ գրականություն, ռոմանսներ և այլն: Միայն մի քանի գիրք կարող եմ առանձնացնել, որոնք հատուկ տեղ ունեն ինձ համար: Փոքր տարիքից իմ սիրելի գրքերի մեջ եղել է «Հարրի Փոթթեր»-ի շարքը,  շատ եմ հավանում Ագաթա Քրիստիի և Ժորժ Սիմենոնի գրականությունը, նախընտրում եմ նաև Շահնար Շահնուրի «Նահանջն առանց երգի», Թեոդոր Դրայզերի «Ջեննի Գերհարդ» ստեղծագործությունները և այլն: Առհասարակ շատ եմ կարևորում ընթերցանությունը և ցավում եմ, որ մեր օրերում շատերը այն «մոդայիկ» չեն համարվում:

– Ի՞նչ հոբբիներ ունես:

– Բազմաթիվ, փոքր տարիքից տարբեր խմբակների եմ հաճախել, լատինոամերկյան պարերով եմ զբաղվել, մրցույթների մասնակցել, մեծ թենիսով եմ զբաղվել, ձիասպորտով, մակրամեագործությամբ, գոբելենագործությամբ: Հոբբիներից մեկը ճամփորդությունն է, սիրում եմ բացահայտել նոր երկրներ ու քաղաքներ:

Կարդացեք նաև՝

«Դատաիրավական համակարգում շատ են փրփուրները». երիտասարդ իրավաբան

Հարցազրույցը՝ Գևորգ Թոսունյանի

Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել